«Բավական է հայրենիքներ փնտրենք Հայաստանից դուրս»

Մինչ Հայաստանում գրվում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի «միջոցառումների» ցանկը, կազմվում է հնարավոր բարձրաստիճան հյուրերի ցանկը, Թուրքիան Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված լրիվ այլ ծրագրեր ունի՝ առանց ելույթների ու հիշատակի մեղեդիների: Մարտի 21-ին Թուրքիայի տարածքից հայաբնակ Քեսաբի վրա երեք ուղղություններով հարձակում եղավ: Պաշտոնական տեղեկատվությունն ասում է, թե հարձակվողները սիրիացի գրոհայիններն են: Իմ զրուցակիցը՝ պատմաբան, լրագրող Գևորգ Յազըճյանը, փաստում է, որ խոսքն այլազգի վարձկանների, բաշիբոզուկների մասին է, որոնց զինել ու ֆինանսավորել է Թուրքիան:

Մարտի 22-ի երեկոյան Քեսաբում այլևս հայ չէր մնացել. բոլորը, բացի 30-50 տարեց ու հիվանդ բնակիչներից, տարհանվել էին Լաթաքիա: Ըստ պատմաբանի՝ կա ավանդույթ, թե հայերը Քեսաբում և Մուսա լեռում բնակվել են առնվազն 2000 տարի առաջ, անգամ Տիգրան Մեծի ժամանակ, սակայն գրավոր տեղեկություններ այդ մասին չկան: Քեսաբը համարվում էր Սիրիայի լավագույն ամառանոցներից մեկը, որտեղ հանգստանում էին մարդիկ՝ ողջ աշխարհից: Քեսաբի հայերը ցրված են աշխարհում, սակայն նրանք սովորություն ունեն հատկապես ամռանը, Քեսաբի տոն համարվող Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը գալ բնօրրան և տոներից հետո վերադառնալ: Քեսաբ ավանի և համանուն գավառակի կայուն բնակչությունը շուրջ 2500 է, որից 2000-ը հայ է: Ամռանն այս թիվն ավելանում է մինչև 40-50 անգամ:

– Սիրիայում պատերազմն, արդեն երեք տարի է՝ շարունակվում է: Ինչպե՞ս է, որ Դամասկոսում, Հալեպում, Սիրիայի այլ քաղաքներում բնակվող հայերի համար, այդուհանդերձ, Թուրքիային սահմանակից Քեսաբն ընկալվում էր` որպես ապահով ապաստան:

– Քեսաբը վերջին 1 տարին պաշարման մեջ էր: Քեսաբի շրջանն ուղղակիորեն մխրճված է Ալեքսանդրետի սանջակի մեջ: Այն 2 կողմից սահմանակից է Թուրքիային, արևմտյան մասում Միջերկրական ծովն է, միայն հարավից է միանում բուն Սիրիային, սակայն հարավն էլ բնակեցված է թուրքմեններով: Հիմա, փաստորեն, թուրքմենները Քեսաբը գրավելուց հետո կարող են միավորվել Թուրքիայի հետ:

Սիրիայի համար ևս Քեսաբը ռազմավարական նշանակություն ուներ, պատվար էր թուրքացեղ երկու զանգվածների միջև: Տարածված ձևակերպումը՝ իբրև թե Քեսաբը գրավել են սիրիացի գրոհայինները, կեղծ է. դրանք սիրիացի ապստամբներ չեն, սիրիացիք դրանց մեջ քիչ տոկոս են կազմում. ողջ աշխարհից հավաքված բաշիբոզուկներ են:

Սիրիայի կառավարական բանակը փորձում է դիմակայել այս բաշիբոզուկներին, սակայն Թուրքիան իր տարածքից ռմբակոծում է: Մարտի 23-ին էլ Թուրքիան սիրիական մի ինքնաթիռ զարկեց: Իսկ աշխարհը լռում է: Զարմանալի է, որ Ղրիմի հարցում ողջ աշխարհը խառնվել է իրար, իսկ այս դեպքում, երբ, փաստորեն, տարհանում են Քեսաբի բնակիչներին, նույն Արևմուտքը, Եվրոպան լռում են:

– Ղրիմի իրադարձությունները քննարկվում են ոչ թե Ռուսաստան-Ուկրաինա տեսանկյունից, այլ` որպես նոր աշխարհակարգի ձևավորում: Չե՞ք կարծում, որ Քեսաբի իրադարձությունները ևս նույն ենթատեքստում են:

– Անշո’ւշտ. Քեսաբի գավառակի գրավմամբ տեղի են ունենում շատ կարևոր այլ գործընթացներ: Հասկանալի է, որ մեզ առավել հուզում է հայկական գործոնը, սակայն իրականում տեղի է ունենում աշխարհաքաղաքական կարևոր փոփոխություն: Նախ՝ Քեսաբի վրա հարձակումը կատարվեց Ղրիմի հանրաքվեից օրեր անց: Ղրիմի միավորմամբ Սև ծովում Ռուսաստանի դիրքերն ուժեղացան, մինչդեռ Ղրիմի թաթարներին Թուրքիան, գիտեք, ֆինանսավորում է, նրանց այնպես տրամադրում, որ ցանկացած պահի խաղան Թուրքիայի թելադրած խաղը:

Ռուսաստանին Ղրիմի միացմամբ կամ բռնակցմամբ (մեկնաբանություններ չեմ անի) Թուրքիան կորցրեց մի կարևոր գործոն Սև ծովում: Թուրքիան անգամ չի էլ թաքցնում, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին ոտնձգություն էր Թուրքիայի դեմ: Մյուս գործոնը՝ Քեսաբի գրավմամբ սիրիական ապստամբ կոչվածները, իրականում՝ վարձկանները, ելք են ստանում դեպի Միջերկրական ծով: Երրորդ գործոնը՝ վերջերս խոսվում է այդ տարածքում, ծովի շերտերի տակ նավթի և գազի հսկայական պաշարների մասին, և համաշխարհային մի մրցավազք է սկսվել՝ այդ հարստությանը տիրանալու համար:

– Սիրիական ճգնաժամից առաջ արևելագետները ենթադրում էին, որ Թուրքիան անպատճառ կօգտվի վիճակից՝ լուծելու նաև Սիրիայի հայկական համայնքի հարցը՝ այն կթուլանա, կցրվի, այլ կերպ ասած՝ կդադարի գործոն լինելուց:

– Հայկական պահանջատիրությունն իրենց ուսերին են կրում հիմնականում Սիրիայի և Լիբանանի համայնքները: Ազատվելով կուռ, համամբված սիրիահայ համայնքից՝ Թուրքիան ազատվում է, թող որ մասամբ, հայկական գլխացավանքից: Թուրքիան արդեն հայտարարել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ունի ծրագիր: Ի՞նչ ծրագիր է, մենք հստակ չգիտենք: Նույնքան անհայտ է նաև հայկական ծրագիրը:

– Նախադեպերը վկայում են, որ պաշտոնական Հայաստանում ամեն ինչ ընկալվում է «միջոցառումների» մակարդակով՝ կա պետական հանձնաժողով, որը Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, թերևս, պատկերացնում է բազմաթիվ հյուրերի ներկայություն և անգամ սգո մեծ համերգ՝ Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում: Անգամ՝ մարզահամերգային համալիրում:

– Եթե այդ հանձնաժողովի ղեկավարը մեկն է, որն իր ատենախոսությամբ տրորել է հայոց լեզուն, եթե այնտեղ ընդգրկված են տարբեր կառույցների ղեկավարներ, որոնցից ոմանք միմյանց անգամ բարև չեն տալիս, ինչպե՞ս կարող է աշխատել այդ հանձնաժողովը: Գիտեք, տպավորություն ունեմ, որ մեր իշխանությունները Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պատկերացնում են՝ որպես մի տոնախմբություն, ինչպես, օրինակ, Թումանյանի հոբելյանը:

Ինչ-որ անհասկանալի խանդավառության մթնոլորտ է: Եվ ես ամոթ եմ համարում, որ Ցեղասպանությունից 100 տարի անց մենք դարձյալ խոսում ենք դրա մասին և, ավելին, ականատես ենք լինում նոր ցեղասպանությունների: Բանն այն է, որ պատմությունից մենք դասեր չենք քաղում: Մենք քանդում ենք մեր երկիրը, սփյուռքահայերն էլ՝ իրենց մասով:

– Սփյո՞ւռքը: Ինչպե՞ս:

– Սփյուռքն իրեն համարում է կթու կով, հարմարվել է այդ վիճակին: Համաձայն են գումար տալ հայրենիքին՝ փոխարենը նախագահից կոչումներ ու շքանշաններ ստանալ, լուսանկարվել նախագահի, նախարարի և այլոց հետ: Այդ ամեն պարգևները, աննշան բացառությամբ, զիբիլ են, հավատացեք:

– Սփյուռքի հանդեպ Հայաստանի ակնկալիքներն են ձևավորում այդ վերաբերմունքը: Փող և լոբբի. սա այն մաքսիմումն է, ինչ սպասում ենք Սփյուռքից:

– Ցեղասպանության ճանաչման հարցում գտնում եմ, որ դա աշխարհի խնդիրն է: Մեր խնդիրն այլ է. տպավորություն ունեմ, որ թե՛ մեր ղեկավարները, թե՛ Սփյուռքի կառույցները դավադրության մասնակից են: Մենք պահանջատիրություն ունենք, մենք հող ենք կորցրել: Այսօր չենք խոսում, որ, օրինակ, Կարսը պետք է համարել Հայաստան և ոչ թե` Թուրքիա: Այսօր երկրի նախագահից մինչև շարքային քաղաքացի` Կարսի մասին խոսում են՝ իբրև թուրքական տարածքի:

– Անգամ, եթե Կարսի մասին խոսենք՝ որպես Հայաստանի բաղադրիչի, չէ՞ որ աշխարհի բոլոր քարտեզներում Կարսը Թուրքիայի տարածքում է:

– Տեսեք, Սիրիայում կա երկու գրավված տարածք, և Սիրիա ներմուծվող բոլոր քարտեզներում եթե այդ երկու տարածքը որպես սիրիական չեն ներկայացվում, դա համարվում է ոտնձգություն՝ ընդդեմ Սիրիայի ամբողջականության, հանցանքը պատժվում է Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ: Այսօր Սիրիայի քարտեզի վրա միշտ նշվում են Գոլանի բարձունքները, որոնք Իսրայելն է գրավել, և մյուսը Թուրքիայի գրաված Ալեքսանդրետի սանջակն է:

Ի դեպ, Սիրիայի և Թուրքիայի ամենասերտ համագործակցության շրջանում անգամ, երբ Թուրքիան առաջարկեց` «Այդ քարտեզն էլ վերացրեք, և վերջացնենք», Սիրիան ասաց՝ ո՛չ: Իսրայելի հետ, ինչպես հայտնի է, 60 տարուց ավելի պատերազմական վիճակ է, Թուրքիայի հետ մինչև վերջերս պատերազմ չկար, սակայն Սիրիան այդպիսով իր սերունդներին դաստիարակում է (անգամ եղանակի տեսության քարտեզով), որ` դրանք քո տարածքներն են: Սիրիան Ալեքսանդրետի սանջակի շրջանում երբեք սահմանապահ զորք չի կանգնեցրել, միայն սահմանային ոստիկաններ է կարգել. սահմանապահ զորքի գոյությունը կնշանակի` դե ֆակտո ճանաչել նաև սահմանի գոյությունը: Կարծում եմ, որ եթե այդ բաշիբոզուկները չունենան Թուրքիայի օդուժի աջակցությունը, սիրիական բանակը կկարողանա վերադարձնել Քեսաբը:

kesab

– Սակայն վերջին հայն արդեն հեռացել է Քեսաբից:

– Ցավոք, վերջին հայը չի լքել. իմ տեղեկություններով` շուրջ 30 ծերեր և հիվանդներ մնացել են այնտեղ: Որևէ տեղեկություն՝ ինչ վիճակում են այդ մարդիկ, չունենք: Գիտեմ միայն, որ այդ ծայրահեղ մոլեռանդները՝ սիրիացի ապստամբների անվան տակ, ընդունակ են ամեն վայրագության:

– Արդեն 600 հայ ընտանիք, շուրջ 2000 հոգի, Լաթաքիայում են:

– Այո, այնտեղ են շուրջ 500 ընտանիք: Ոմանք՝ բարեկամների տանը, մի մասը հեռանում է Լիբանան, ոմանք՝ անգամ Հալեպ: Սա Քեսաբի հայության 4-րդ գաղթն է՝ վերջին 105 տարվա ընթացքում: Առաջինը եղել է Կիլիկիայի 1909-ի ապրիլյան ջարդերի ժամանակ, այն, որ ասում ենք՝ Ադանայի ջարդեր: Երկրորդը` Մեծ եղեռնի ժամանակ, երրորդը՝ այս օրերին, և չորրորդ տեղահանությունը համարում եմ միակ դրականը՝ Մեծ հայրենադարձության տարիներին, երբ «Պոբեդա» նավով Քեսաբի հայության 1/3-ը վերադարձավ հայրենիք:

Մի բան, որի կարիքն այսօր էլ ունեն մեր պետությունը և Սփյուռքի կառույցները՝ մարդկանց ուղղորդել ոչ թե Լիբանան, Կանադա, այլ Հայաստան: ՀՀ-ն չի դարձել իր էությամբ հայկական պետություն, Հայաստանը ոչ միայն չի պաշտպանում իր քաղաքացու իրավունքները որևէ երկրում, այլև չի պաշտպանում իր քաղաքացու իրավունքները սեփական երկրում: Այո, մեր հնարավորությունները սահմանափակ են, բայց չեմ տեսնում քաղաքական կամք, սրտացավություն: Քեսաբի հայությունը տարհանվել է, Հայաստանի հեռուստաընկերությունները երգուպար են ցուցադրում, ոչ մի տեղեկատվություն, ոչ մի տագնապ, անհանգստություն: Բա չմտածե՞նք` մի բան անել: Իմ կարծիքով` ՀՀ-ն պետք է ինքնաթիռներ ուղարկի, այդ 2000 փախստականներին բերի Հայաստան ու ամեն գնով տեղավորի այստեղ: Իսրայելն այդպես է վարվում:

– Ի՞նչ եք կարծում, հայկական գաղութը Սիրիայում ապագա ունի՞:

– Այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածաշրջանում գոյություն ունի Իսրայելը, ամբողջ արաբական աշխարհը, այդ թվում` մեր գաղթօջախները, հանգիստ չեն ունենալու: Սակայն մեր հարցը սա է՝ ի՞նչ գործ ունենք մենք այդ երկրներում, դրանք մեր հայրենի՞քն են: Մենք այնտեղ հյուր եք միայն: Այն էլ՝ ո՛չ մեր ցանկությամբ: Մինչև ե՞րբ մնանք այդ երկրներում: Ներկայացնեմ «Ազդակ» թերթի մարտի 13-ի համարում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հարցազրույցի վերնագիրը՝ առնված Վեհափառի խոսքից. «Սուրիո հայությունը կմնա կառչած սուիրական հայրենիքին»:

Ես հարց եմ տալիս Վեհափառին՝ ի՞նչ հայրենիք, հայի համար հայրենիքը ո՞րն է: Սա մեզ տխմարացնել, բթացնել է նշանակում: Հայության հայրենիքը Հայաստանն է՝ ողջ Հայաստանը՝ ՀՀ-ն, Արցախը, Ջավախքը, Նախիջևանը, Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածների՝ թուրքերի գրավման տակ գտնվող հայկական տարածքները, նաև Պարսկահայքը:

Եվ հետո, ինչո՞ւ հայը, անգամ սիրիահայը, պիտի կառչած մնա Սիրիա՝ իբրև իր ենթադրյալ հայրենիքի: Սիրիան, Լիբանանը, ՀՀ-ից և Արցախից բացի՝ ամեն երկիր հայի համար իր քաղաքացիության երկիր կարող է լինել, հարազատ երկիր, ծննդավար, սակայն այն չի կարող իմ հայրենիքը լինել: Բավական է լինել հարազատ երկիր, ծննդավայր, սակայն դա չի կարող հայի հայրենիքը լինել: Այլապես նշանակում է, որ տվյալ անհատը ձուլվել է կամ ձուլման ճանապարհին է: Բավական է հայրենիքներ փնտրենք Հայաստանից դուրս:

Նույն Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսներից Գարեգին Ա Հովսեփյանցը մեծ հայրենադարձության տարիներին օրհնում էր յուրաքանչյուրին, ով նավ էր բարձրանում: Օրհնում էր՝ գիտենալով, որ իր հոտն է թուլանում, իր աթոռն է թուլանում, գիտակցելով, որ նրանց վերադարձով զորանում է հայրենիքը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 6-րդ Չորեքչյանը ևս օրհնում էր հայրենադարձներին: Նույնն էր անում նաև Վազգեն Ա-ն: Երջանկահիշատակ հայրապետներն այդպես էին վարվում ոչ թե` հանուն իրենց գլխավորած կառույցների պահպանման, այլ հայրենիքի հզորացման:

Այսօր, սակայն, նրանց այսօրվա հաջորդներն իրենց հովվությանը հանձնված հայությանն այս երկրից այն երկիրն են քշում: Մենք ունենք երկու մեծ հարստություն՝ մեր հայրենիքն ու այդ հողի վրա ապրող հայը:

Տեսանյութեր

Լրահոս