Արկադի Տեր-Թադևոսյան. Ռուսաստանը ԼՂՀ-ն իրեն միացնելու բավարար հիմքեր չունի

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ով այս պահին Լեռնային Ղարաբաղում է, 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող տեսակետներին, թե Ղարաբաղը կարող է միանալ Ռուսաստանին, մասնավարպես՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությանը, թե «ԼՂ-ի հարցում ամենալավ որոշումը կլինի նրան Ռուսաստանի կազմում ներառելը», հավաստիացրեց, որ ղարաբաղցիները չեն համաձայնի միանալ Ռուսաստանի Դաշնությանը:

«Ղարաբաղում ոչ մի մարդ նման տրամադրություն չունի, բոլորը դատապարտում են Ժիրինովսկու հայտարարությունը, դեմ են դրան: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ԼՂՀ-ն իրեն միացնելու բավարար հիմքեր չունի: Ղարաբաղը իրավունք ունի ինքը որոշել՝ միանա՞լ ՌԴ-ին, թե՞ ոչ, բայց ես, մի քանի օր գտնվելով ԼՂՀ-ում, կարող եմ հավաստիացնել, որ ժողովուրդը նման ցանկություն չունի: Ես գեթ մեկին չեմ հանդիպել, ով կասեր, որ ինքը կողմ կլինի Ղարաբաղի և ՌԴ-ի միավորմանը»,- ասաց նա:

ԼՂՀ-ն ՌԴ կազմում ընդգրկելու տարբերակը Կոմանդոսը որակեց «աբսուրդային»: Մեր հարցին, թե ինչո՞ւ են նման խոսակցություններն ակտիվացել հիմա, արդյո՞ք պատճառը Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն էր, որի արդյունքում այն միավորվեց Ռուսաստանի հետ, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց, թե Ղրիմի և Ղարաբաղի միջև համեմատություններ անցկացնելը սխալ է:

«Ռուսաստանը հիմա բարձր ձայնով հայտարարում է, որ ժամանակին՝ կոմունիզմի տարիներին, սխալ է գործել, իսկ հիմա Ղրիմն ուղղել է այդ սխալը, ուստի այս առումով արդեն իսկ տարբերությունները Ղարաբաղի հետ ակնհայտ են: Սխալ են գործել, հիմա ընդունում են իրենց սխալը, սա է»,- պարզաբանեց նա:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ Ռուսաստանը ցանկություն ունի Ղարաբաղը տեսնել իր կազմում, Կոմանդոսը պատասխանեց. «Հնարավոր է և նման ցանկություն ունեն, որովհետև Ժիրինովսկին այդքան հիմար չէ, որ նման բան հայտարարի: Բայց Ղարաբաղը չի գնա այդ քայլին. ժողովուրդը չի ցանկանա, մարդկանց չեն կարող ստիպել, Մոսկվան էլ ոչինչ այդ կամքին հակառակ չի կարող անել»:

Ի դեպ, Արկադի Տեր-Թադևոսյանը մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստվո՞ւմ է այս  հարցի շուրջ զրուցել նրա հետ: Ի պատասխան Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, թե «ընկերական» զրույց է լինելու, և այդ շրջանակներում էլ գուցե խոսի նաև այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս