Հայկ Ալումյանը հակադարձում է Սուրիկ Խաչատրյանին. Նախաքննական ցուցմունքում նույնիսկ Ս. Խաչատրյանն է ընդունում, որ ավտոմեքենայի մեջ հարվածել են Ավետիք Բուդաղյանին (տեսանյութ)

Վերջերս մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անդրադարձել էր 2013թ. հունիսի 1-ին իր առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Այսօրվա ասուլիսում անդրադառնալով դեպքերի առնչությամբ Ս. Խաչատրյանի նկարագրությանը, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց. «Այդ հարցազրույցի մեջ փաստերի շատ լուրջ խեղաթյուրումներ կան»:

Նրա խոսքով՝ Ս. Խաչատրյանը «յուրովի» է ներկայացրել իր ավտոմեքենայում տեղի ունեցած միջադեպը. «Նշել է, որ ոչ մի բռնություն չի եղել, ուղղակի Ավետիք Բուդաղյանին ավտոմեքենայից իջեցրել են, որովհետև իբր Ավետիք Բուդաղյանն ավտոմեքենայի մեջ իրեն պատշաճ չի պահել: Ես ասեմ, որ Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած այդ հատվածը տրամագծորեն հակասում է իրականությանը. իրականում Ավետիք Բուդաղյանի նկատմամբ ավտոմեքենայի մեջ բռնություն է տեղի ունեցել, նրան վիրավորել և հարվածներ են հասցրել, և այդ ամեն ինչի հիմքում, ըստ Բուդաղյանների հայտարարության, եղել է տնտեսական ինչ-որ խնդիր, ինչը Բուդաղյանները պիտի առանց մարզպետի հետ համաձայնեցնելու իրենց բիզնեսն այնտեղ անկախ իրականացնեն: Այն, որ Սուրիկ Խաչատրյանի հայտնած տղեկությունները հեռու են իրականությունից, կարելի է դրանում համոզվել անգամ Սուրիկ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները կարդալով: Իր նախաքննական ցուցմունքում նույնիսկ Սուրիկ Խաչատրյանն է ընդունում, որ ավտոմեքենայի մեջ հարվածել են Ավետիք Բուդաղյանին՝ թեև այդ բեռը դնում է թիկնապահի վրա՝ իբր Զարզանդ Նիկողոսյանն է հարվածել: Ի դեպ, Զարզանդ Նիկողոսյանն էլ է ընդունում, որ հարված եղել է, էլի ինքը իր վրա է վերցնում, ասում է՝ մի երկու անգամ հարվածել եմ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ըստ նրանց նկարագրածի՝ Սուրիկ Խաչատրյանն ու Ավետիք Բուդաղյանը նստած են եղել ավտոմեքենայի ետևի նստատեղին, ընդ որում՝ Ավետիք Բուդաղյանը նստած է եղել անմիջապես վարորդի ետևում:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես Զարզանդ Նիկողոսյանը կարողացավ հարվածել Ավետիք Բուդաղյանին՝ նստած լինելով ավտոմեքենայի առջևում, առավել ևս ինչպես առանց Սուրիկ Խաչատրյանի կարգադրության՝ հարվածեց, առավել ևս՝ ինչու է դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը ժխտում, որ այդպիսի հարվածներ են եղել: Ընդ որում՝ Զարզանդ Նիկողոսյանը նույնիսկ իր ցուցմունքում փորձ է անում էլի քնեցել Սուրիկ Խաչատրյանին»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ իր հարցազրույցում Սուրիկ Խաչատրյանը խոսել է դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու մասին.

Կարդացեք նաև

«Այդ իրադարձություններին նախորդել է մի ընդունելություն՝ ճաշկերույթ, որտեղ հավաքված են եղել տղամարդիկ և բացառված չէ, որ նաև ալկոհոլ օգտագործած լինեն: Այդտեղ ոչ մի տարօրինակ բան չէր լինի, եթե Սուրիկ Խաչատրյանը չփորձեր դրա մեջ սենսացիա փնտրել և հարցն այնպես ներկայացնել, թե իբր Ավետիք Բուդաղյանը այնքան հարբած է եղել, որ չի պատկերացրել իր գործողությունների իմաստը: Լավ կլիներ Ավետիք Բուդաղյանի ալկոհոլի փոխարեն կամ գոնե դրա հետ միասին հարց տալ Սուրիկ Խաչատրայնին՝ կապված նրա որդու արյան մեջ հետագայում հայտնաբերված թմրամիջոցի հետ՝ այն, ինչը փորձաքննությամբ հաստատվել է և այն, որ քննչական մարմնի կողմից որևէ ձևով չի մեկնաբանվում»:

Անդրադառնալով Սուրիկ խաչատրյանի հայտարարությանը, որ դեպքի ժամանակ ինքը քնած է եղել իր ննջարանում և գետի ձայնը, ինչպես նաև հերմետիկ փակվող պատուհանները իրեն խանգարել են լսել դեպքի ձայները, Հայկ Ալումյանն ասաց. «Եթե գետի ձայնը լսելի է եղել իրեն, դա նշանակում է՝ առավել ևս կրակոցի ձայները պետք է լսելի լինեին, որովհետև տեսագրության հետ միասին ձայն կա, շատերդ երևի լսած կլինեք, այնտեղ գետի ձայնը գրեթե չի լսվում, իսկ կրակոցներն ու բղավոցները շատ պարզ լսելի են: Երկրորդը: Գետը գտնվում է այդ առանձնատան նույն կողմում, ինչ և դեպքի վայրը, այսինքն՝ առանձնատան՝ դեպի փողոց նայող պատուհանները նայում են փողոցին, որտեղ դեպքն է տեղի ունեցել և գետին, այսինքն՝ դեպքի վայրն ավելի մոտ է առանձնատանը, քան գետը և գտնվում է առանձնատան նույն կողմում: Խնդիրն այսպես ներկայացնելով՝ Սուրիկ Խաչատրյանը փաստորեն անուղղակի ընդունում է, որ ինքը գտնվել է այն նույն կողմում, ինչ գետը, հետևապես դեպքի վայրը: Եթե ինքը գտնվել է իր դղյակի հակառակ կողմում, ապա ի՞նչ կապ ունի այդ դեպքում գետը, և ինչպե՞ս կարելի էր լսել գետի ձայնը, բայց չլսել այդ ձայներն ու կրակոցները»:

Հայկ Ալումյանն ասաց, որ իր հարցազրուցում Սուրիկ Խաչատրյանը հայտնել է, թե Ավետիք Բուդաղյանի բոլոր հրազենային վնասվածքները պատճառվել են նույն զենքից. «Նման բան փորձաքննությամբ չի հաստատվել: Հակառակը՝ փորձաքննությամբ հաստատվել է, որ Ավետիք Բուդաղյանի առնվազն վնասվածքներից մեկը պատճառվել է 9 մմ տրամաչափի փամփուշտով, մինչդեռ առնվազն մյուս երեքը պատճառվել են 5.6 տրամաչափի փամփուշտներով: Ընդ որում, հրազենային վնասվածքները, եթե դրանք միջանցիկ են և եթե մարմնի մեջ գնդակը հայտնաբերված չէ, վնասվածքներից կարելի է մոտավոր որոշել տրամաչափը, բայց որոշել՝ ինչ զենքից է կրակված, մինչ այժմ գիտությունը չունի այդ հնարավորությունը, բայց Սուրիկ Խաչատրյանը ձեզ ներկայացրեց, իբրև թե դա այդպես է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս