Բաժիններ՝

Մրտենին՝ որպես քաղցկեղը կանխարգելող բնական հակաբիոտիկ

Մրտենին (Myrtuc) մշտադալար 2-3 մ բարձրությամբ բույս է։ Աճում է Իտալիայի, Իսպանիայի, Ալժիրի, Կիպրոսի, Փոքր Ասիայի, Ֆրանսիայի հարավի բնական պայմաններում։

Որտե՞ղ է մրտենու հայրենիքը
Արաբները կարծում են, որ դրա ճյուղը բերել է ինքը` Ադամը, Դրախտային այգուց, իսկ բույսը հույսի խորհրդանիշ է։ Մրտենու հետ են կապված բազմաթիվ հեքիաթներ և առասպելներ։ Անտիկ ժամանակներում բույսի ճյուղը զարդարում էին Վեներայի գրացիաների (աղախիններ) արձանները։ Մրտենին տնկվել է Աֆրոդիտեի և Ռոմուլի (Ք.ա. 306թ.) տաճարների մոտակայքում և մուտքի մոտ։

Մրտենու պսակները նվիրում էին լավագույն ասմունքողներին, երաժիշտներին, գիտնականներին, դիվանագետներին, ովքեր կարողանում էին խաղաղություն հաստատել առանց արյուն թափելու։

Մրտենին սիրո և հավերժ երիտասարդության խորհրդանիշ էր։ Սիրո աղախինները` Թաիս Աթենուհին և այլ հետերաները զարդարում էին սիրո աստվածուհիների արձանները մրտենու և վարդի ճյուղերով և ծաղիկներով. Խնդրում էին, որ աստված պարգևի իրենց ցանկալի լինելու շնորհը։

Կարդացեք նաև

Մրտենու պսակով էին զարդարում կրքի դիցուհի Էրատոյի և ամուսնության աստված Հիմենեոսի գլուխները։

Բրեմենում նորապսակ զույգերին զարդարում են մրտենու ճյուղով, ծաղիկներով, պսակով. յուրաքանչյուր պսակադրություն վեր է ածվում յուրահատուկ «մրտենու տոնի»։
Անչափ զարմանալի սովորություն է եղել որոշ մերձբալթյան ժողովուրդների մոտ. Երբ աղջիկ երեխա է ծնվում, ապա ծնողները մրտենի են տնկում, երբ երեխան մեծանում է, ապա նրան է հանձնարարվում բույսը խնամելու անչափ կարևոր առաքելությունը։ Պսակադրության օրը հարսնացուի շորերը զարդարում են բույսի բուրավետ տերևներով։ Իսկ կենդանի բույսը դառնում է նոր ընտանիքի երջանկության խորհրդանիշ։
Ֆրանսիայում կենդանի սենյակային մրտենին հարսանեկան զարդարանքի կարևորագույն բաղադրիչն է։

  • Աթենքում և այլ հունական քաղաք-պետություններում մրտենին համարվել է իշխանության խորհրդանիշ։ Չինաստանում բույսն անվանում են «Արքայադստեր ծառ»։ Ճապոնիայում Կիրի-նոկուն=Մրտենին պատկերված է կայսերական տոհմի զինանշանի վրա։
  •   Ռուսաստանի Պավել Ա կայսեր օրոք բույսը վերանվանվել է «պավլովիա»` նորածին արքայադստեր պատվին։

Անչափ ռոմանտիկ է «մրտենու անգլիական պատմությունը»։ Համարվում է, որ մրտենին առաջին անգամ սկսել են մշակել Լոնդոնում 1586թ.: Հետաքրքիր է, որ այն բերվել է Իսպանիայից այն ժամանակ, երբ այդ երկրում կառուցվել էր գերհզոր նավատորմ։
Մրտենու տնկիների հետ Անգլիա հասավ նաև այդ լուրը։

Դարեր անց Վիկտորյա թագուհին (1819-1901) իր աղջկա հարսանեկան պսակից հանեց մրտենու ճյուղերն ու կարողացավ մշակել դրանք։ Ընդհանրապես այդ երկրի մեղմ կլիմայական պայմաններում մրտենին շատ լավ է հարմարվել և վաղուց ի վեր համարվում է «տեղական» բույս։ Վիկտորյա թագուհու բոլոր մյուս աղջիկների և թոռնուհիների հարսանյաց հանդեսները զարդարվել են այդ մրտենու ճյուղերով. Սա արդեն ավանդույթ է դարձել, իսկ մրտենու «պատմական» ճյուղերը բերող փեսացուն գերմանացի արքայազն էր։

mrteni3

Մրտենին հիշատակվում է Սուրբ գրքում (Եսայի, Ծե-12). «Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։ Թուփի փոխարէն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի բուսնի. եւ սա պիտի լինի Տիրոջ համբաւի համար, իբրեւ յաւիտենական նշան, որ չի ջնջուիլ»։

Հիշեցման կարգով նշենք, որ մայրին հայերենում ունի անտառ իմաստը, իսկ մայրի ծառատեսակը, ըստ հին կելտական օրացույց-գուշակարանի` համապատասխանում է տրնդեզի տոներին (տես` «Տրնդեզը` որպես համաեվրոպական մշակույթի արժեք», «168 Ժամ», 13.02.2014թ.)։

Մրտենին բացառիկ բույս է հրեաների համար` այն հասարակ շինականների խորհրդանիշն է, որոնք թեպետ անգրագետ մարդիկ են, այնուամենայնիվ, իրենց ամենօրյա քրտնաջան, հետևողական աշխատանքով բարիքներ են ստեղծում։
Հրեական մշակույթում կա «չորս տեսակի» բույսերի գաղափարը. փյունիկյան արմավը, ուռենին, մրտենին և միայն Հնդկաստանում աճող կիտրոնի ազգակից Էտրօգը նվիրված են հրեա ժողովրդի չորս հատվածներին։

Այն օրվանից, երբ Սիոն լեռան մոտ մրտենու թփերում հայտնված հրեշտակն ավետեց մխիթարական խոսքերը, ազգի «չորս տեսակները» հավատարմորեն կատարում են Տիրոջ պատգամները (Զաքարիայի մարգարեությունը)։

Մրտենին` որպես դեղամիջոց
Մրտենին մշակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, հատկապես Ղրիմում (Գուրզուֆ, Ֆորոս), Սուխումից մինչև Սոչի ընկած տարածքներում, Վրաստանում և այլուր։

Դենդրոթերապիայի տեսանկյունից մրտենին ունի բացառիկ հատկություններ. Բնի հարթ, կարմրաաղյուսագույն կամ կանաչ, թավշյա փայլուն տերևաթիթեղի հետ հպումը հաղորդում է անզուգական վիբրացիա` էլեկտրական լիցք, որը հանգստացնում է աչքերը և սրում տեսողությունը։ Մրտենու պուրակի իոնիզացված օդը մաքրում է ուղեղը։ Ծառը կենտրոնացնում է ուշադրությունը, ինչպես հավաքող բյուրեղը կենտրոնացնում է լույսի ալիքները։ Մրտենին չի տեղավորվում մեզ համար հասկանալի եռաչափ տարածության մեջ. անհրաժեշտ է այլ տարածաչափական մտածողություն։

Մրտենին ուժակենտրոն, բարություն ճառագայթող, զգացմունքային ծառ է։ Բույսի ողջ պատմությունը լի է երկնային հրաշքներով, և իզուր չէ, որ արաբները կարծում են, թե բույսի հայրենիքը Դրախտային այգին է։

Մրտենին ողջ տարվա ընթացքում արտազատում է եթերային յուղեր, որոնք ունեն արտահայտված հակամանրէ հատկություն. Ընդամենը 1,5 քառակուսի մետր մակերես ունեցող կանաչ զանգվածը 40-50 %-ով մաքրում է 100 խորանարդ մետր ծավալով փակ տարածք` ոչնչացնում է ստրեպտոկոկների 22 %-ը և ստաֆիլոկոկների 40 %-ը։ Կա կարծիք, որ տերևից արտազատվող բուրումնավետ նյութը նպաստում է գեղեցկության և երիտասարդության պահպանմանը։ Հունաստանում և Իտալիայում բույսի բոլոր մասերից ստացել են բուրավետ մզվածքներ։ Հին հույները բույսն անվանել են «myron», թարգմանաբար` «բալասան», «հոսող բուրմունք»։

Իտալիայում մրտենուց ստացված պատրաստուկներով բուժում են ստամոքսի, լյարդի, ուղեղի հիվանդությունները։ Բուլղարիայում և Ֆրանսիայում օգտագործում են` որպես հականեխիչ, թարմացնող, միզամուղ միջոց։

Վերջին տարիներին կատարված վիճակագրական ուսումնասիրությունները հաստատում են այն կարծիքը, որ մրտենին ունի հակաքաղցկեղային ազդեցություն. Այն վայրերում, որտեղ աճում է բույսը, ցածր է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ապացուցված է, որ բույսն ունի նաև հակաալերգիկ ազդեցություն, ընդ որում` ալերգեն գործոնների լայն սպեկտրի հանդեպ։

Մրտենին բժշկական տեսակետից բացառիկ օգտակար բույս է, յուրահատուկ բնական հակաբիոտիկ։ Բացի եթերային յուղերից, տերևը պարունակում է ֆլավոններ, ֆիտոնցիդներ, բազմաֆենոլային միացություններ, ամինաթթուներ, դաբաղանյութեր, որոնք նպաստում են մարդու ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացմանը։

Գիտնականներն առանձնացրել են բույսի տերևից կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ունեն շատ բարձր հակաբակտերիալ հատկություն, իսկ հատուկ բազմաֆենոլային նյութ մերտիլինը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և կիրառվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար։

Վերջին տարիներին հայտնաբերվել է, որ տուբերկուլյոզի ծանր ընթացքի դեպքում, երբ անզոր են հակաբիոտիկ դեղերը, մրտենու տերևից ստացված ոգեթուրմը զգալիորեն բարելավում է հիվանդի վիճակը և բարձրացնում է համալիր բուժման արդյունավետությունը։

mrteni1

Ոգեթուրմ. Մրտենու թարմ տերևը 7 օր թրմեք 70%-անոց սպիրտի մեջ (1։5), մուգ պատերով շշի մեջ, քամեք։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Ոգեթուրմը պահեք սառնարանում։ Օգտագործեք ինֆեկցիոն բնույթի, բորբոքային հիվանդությունների դեպքում։

  • Ոգեթուրմ կարելի է պատրաստել նաև չոր տերևից (1։20)։

Կոկորդի բորբոքում, մրսածություն, գրիպ. 15 կաթիլ ոգեթուրմը լուծեք 200 մլ գոլ` նախօրոք եռացրած ջրի մեջ, կատարեք ողողումներ։
Վերքեր. Մշակեք ոգեթուրմով թարախային վերքերը, կապտուկները և այլն։
Աչքերի հիվանդություններ. Տրորեք 4-5 տերև, 15 րոպե թրմեք 1 ճ/գ եռջրի մեջ։ Կաթեցրեք 2-ական կաթիլ յուրաքանչյուր աչքի մեջ` օրը 3-4 անգամ։

  • 1 թ/գ մանրացրած չոր տերևը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։

Մասնագետները կարծում են, որ բուժումն օգնում է կանգնեցնել տեսողության կորստի հանգեցնող աչքի հիվանդության զարգացման ընթացքը։

Գինի. Մրտենու պտուղը մուգ կապույտ է, պարունակում է 8-10 սերմ։ 100 գ պտուղը, տերևը, ծաղիկը կամ դրանց խառնուրդը 15 օր թրմեք 1 լ կարմիր գինու մեջ։ Խմեք 30 մլ` օրը 1-3 անգամ, ուտելու ժամանակ։ Ընդունված է մրտենու պտղի հետ համատեղ թրմել նաև ունաբի պտուղները (տե՛ս «Բազմաշնորհ բուժարարը` ունաբ», «168 Ժամ», 29.01. 2013թ.)։ Խաղողի, մրտենու և ունաբի մեջ պարունակվող նյութերն ուժեղացնում են մեկը մյուսի օգտակար ազդեցությունը։
Դեպրեսիա, սթրես. Պոկեք և տրորեք 1-2 տերևիկ։ 1 թ/գ բուսայուղի մեջ լուծեք 1-2 կաթիլ մրտենու եթերային յուղ, 1-2 րոպե շնչեք բուրմունքը` 1-2 մ հեռավորության վրա։

Դիմադրողականությունը բարձրացնող` գրիպ, մրսածություն

  • Ուտելուց հետո ծամեք 3-4 մրտենու տերև, կուլ տվեք։
  • 5 կաթիլ մրտենու եթերային յուղը լուծեք տաք ջրի մեջ, կատարեք ինհալացիա։ Գործողության ժամանակ փակեք աչքերը, իսկ հետո լվացվեք գոլ ջրով։
  • Համաճարակի ժամանակ մրտենու չորացրած ծաղիկը, տերևը, մատղաշ ճյուղերը, պտուղը լցրեք պարկիկների մեջ և կախեք մեքենայի մեջ, աշխատասենյակում, պահեք գրպանում և պարբերաբար շնչեք բուրմունքը։
  • 1ճ/գ տերևը թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Պահեք սառնարանում մինչև 2 օր։

Վերոգրյալ թուրմն օգտակար է խմել բրոնխիտի, սակավարյունության, աղեստամոքսային համակարգի խանգարումների, ասթմայի, ալերգիայի, էպիլեպսիայի, ուղեղի, սրտի, ոսկորների, կոկորդի, կերակրափողի, արյան հիվանդությունների, ընկնավորության, որովայնի (պորտից ներքև) ցավերի դեպքում։

Կոտրվածք. Արծնապատ տարայի մեջ լցրեք 1 ճ/գ չորացրած տերև, 200 մլ սառը ջուր։ 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակ)։ Դրեք թրջոց ցավոտ մասի վրա։

  • Թեփոտում. 2-3 ճ/գ պտուղը 6 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում (փաթաթեք հաստ լաթով), քամեք։ Ցայեք մազերը` լվանալուց հետո։

Մրտենու եթերային յուղը
Նույնիսկ անզեն աչքով տերևիկի ներսում նկատելի են գեղձիկներ, որոնք լցված են հեղուկով` դա եթերային յուղ է, որը երբեմն դուրս է ծորում տերևաթիթեղի վրա։
Մրտենու եթերային յուղն օգտագործվում է ասթենիայի, աթերոսկլերոզի, բրոնխիտի, թոքաբորբի, պարոդոնտոզի, ստոմատիտի, անգինայի, լարինգիտի, սթրեսի, ականջի ցավի և բորբոքման, ցիստիտի դեպքում, հանում է նյարդային հոգնածությունը, ունի աֆրոդիզիակ հատկություն։

Գեղարարության մեջ կիրառվում է ճարպոտ մաշկի խնամքի, պիգմենտային բծերի, կորյակների վերացման, սպիների հարթեցման, մազաթափության բուժման համար։ Արոմաթերապիան ունի իր առանձնահատկությունները, որևիցե եթերային յուղ օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Կորյակներ, հերպետիկ ցան, միջատի խայթոց. Բամբակե խծուծի վրա քսեք յուղի բարակ շերտ, քնելուց առաջ դրեք վերքի վրա, ամրացրեք։
Թեփոտում. 250 մլ օճառահեղուկին խառնեք 10 կաթիլ յուղ։ Լվացեք մազերը։
Կոտրվող եղունգներ. 5 կաթիլ եթերային յուղը լուծեք 100 մլ ձիթապտղի յուղի մեջ, գոլացրեք, կատարեք լոգանքներ` օրը 1 անգամ։
Ոտնաթաթի սնկային հիվանդություն. Օրը 2 անգամ վարակված հատվածը մշակեք եթերային յուղով։
Շարունակեք 2 շաբաթ։

Զգուշացում։ Մրտենուց ստացված պատրաստուկները հակացուցված են հղիներին, քրոնիկ հիվանդությունների դեպքում։
Եթերային յուղի երկարատև օգտագործման հետևանքով կարող է առաջանալ լորձաթաղանթի գրգռվածություն։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս