Բաժիններ՝

Տրնդեզը՝ որպես համաեվրոպական մշակութային արժեք

«Առողջություն» էջի հերթական օրն այս տարի համընկավ հայ մարդու համար ամենասիրելի տոներից մեկի` Տրնդեզի հետ։ Հետաքրքիր է իմանալ, որ հին կելտերն ունեցել են չորս հիմնական տոներ` փետրվար, մայիս, օգոստոս (Հայկական Նավասարդը) և նոյեմբեր (Արևելյան Հայաստանում տոնվել է Նախրաթողի տոնը) ամիսների առաջին տասնօրյակում։

Կելտերը հնդեվրոպացիներ են։ Ք. ա. 8-րդ դարում կելտական` բրիտտների ցեղը ներխուժել է և բնակություն հաստատել Մեծ Բրիտանիա կղզում։ Ք. ա. 54-55թթ. Հուլիոս Կեսարը կարողացել է կոտրել բրիտտների համառ դիմադրությունը, և կղզու մի մասը միացվել է Հռոմին` որպես առանձին նահանգ` Բրիտանիա անվամբ։
Ք.հ. 4-րդ դարում կղզի են ներխուժել անգլերը ու յուտերը (ժամանակակից Դանիայի տարածքից) և սաքսերը։

Ք.ա. 7-1-ին դարերում կելտական ցեղերն ընդարձակ տարածքներ են գրավել Կենտրոնական Եվրոպայում և Իսպանիայում։ Կելտաբնակ են եղել այժմյան Բելգիան (բելգեր), Շվեյցարիան (գելվիտներ), Փոքր Ասիայի Արևմտյան մասը (գաղաթներ` այժմյան Անկարայի շրջանում), Ֆրանսիան (գալլեր), Ավստրիան, Նիդեռլանդները, Չեխիան, Սլովակիան, Ռումինիան, Հունգարիան և այլն։

Ք.ա. 4-րդ դարում Իռլանդիա կղզի ներխուժած գելլերը (կելտական ցեղ է) մինչ մեր օրերը բնակվում են Իռլանդիայի Հանրապետությունում (Eire)։ Գելլերեն են խոսում իռլանդացիների 42%-ը և ուէլսցիների 21,7 %-ը։ Իռլանդացիների ինքնանվանումն է (h) Eirennach, իսկ շոտլանդացիներինը` Albannaich (նույնպես կելտական ազգություն է)։ Իռլանդացիներն անվանում են շոտլանդացիներին Eirinn (համեմատեք հայերեն` յուրային, ռուսերեն` «яр», «Рюрикович» բառերի հետ։

Կարդացեք նաև

Բոլոր կելտական ցեղերին միավորել է բնապաշտպանական աշխարհայացքը, գերագույն քուրմերին անվանել են դրուիդներ (drui կամ dras)` իմաստուններից ամենաիմաստուններ։

Կարծում եմ, որ այս պահից սկսվում է շարադրանքի ամենահետաքրքիր մասը` drui բառի առաջին` d տառը հավանաբար փոխարինում է խեթական սեպագիր արձանագրություններում հանդիպող աստվածանշանին, որը նմանություն ունի մեսրոպյան այբուբենի վերջին «Ք» տառի հետ։
Խեթական բևեռանիշը հետագայում փոխարինվել է «d» տառով` որպես կրճատում շումերական dingir=աստված բառի։

Հնագույն Փոքր Ասիայում, Հայասայի հարևանությամբ, Ք.ա. 2-րդ հազարամյակի կեսերին խեթերի մոտ (Կապադովկիա) պաշտվել են «Kelt» և «Ara» (Պլատոնը հիշատակում է Er անունով` խարույկի վրա հարություն առնող հայորդուն) անուններով աստվածները։

Գերմանացի գիտնական Էհելոլֆը հայտնաբերել է մի հնագույն խեթական արձանագրություն, որտեղ (d) ke-el-ti և (d) a-a-ra-as բառերը հանդիպում են նույն նախադասության մեջ։ Գիտնականը նշում է, որ թվով երկու խեթական այլ արձանագրություններում «ara» և «kelti» բառերը գործածվում են որպես հասարակ անուններ` համապատասխանորեն` դաշտ (ցանկ) և անտառ իմաստներով։ Կարծում ենք, որ դրուիդիզմը և արաիզմը զարգացել են նույն բնօրրանում, և դրանց հիմքում ընկած է եղել բնապաշտությունը։
Ըստ խեթական բևեռագրի և մեր «Ք» տառի նմանության` dingir բառակապակցությունը կարող է կարդացվել dգaras (համեմատիր` dras=drui) կամ Քգարաս (Քրիստոս)։
Իհարկե, այս բոլորը ենթադրություններ են, սակայն գրականության մեջ գործածվել է նաև (d) «ras» բառը` որպես հոմանիշը (d) «rui» բառի։ Հնարավոր է` կա նաև մեկ այլ` մեր ենթադրությունն արդարացնող պատմական փաստ. Կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին (898-929թ.թ.) ճանապարհորդել է երկրով մեկ։ «Դրասխանակերտ» բառը հավանաբար բազմաքայլ բառ է` դրաս=իմաստուն (Հոգևոր Մեծ), խանա=իջևանատուն, կերտ` կերտվածք (կրթված)։

Հնարավոր է, որ մեր ենթադրության օգտին են վկայում նաև անտրոպոլոգների միջազգային խմբի կողմից հրապարակված ուսումնասիրության արդյունքները.- Արցախի (14 %), Սյունիքի (24 %), Բասկերի երկրի (77 %), Իռլանդիայի (44 %) և Անգլիայի (40 %) բնակիչների մոտ առկա է նույն հայրական` ծագումնաբանական քրոմոսոմը (Լ. Եպիսկոպոսյան «Когда генетика и история сталкиваются»։

Հավանաբար կա նաև մեկ այլ` մեր ենթադրությունն արդարացնող հանգամանք։ Կելտական գերագույն աստվածություն Ցերնունն ամենուր պատկերված է եղջերուի կամ ցուլի հետ։ Գեղամա լեռների, Արագածի և Արտանիշի վրա հայտնաբերված հնագույն «վիշապաքարերի» վրա պատկերված կենդանիներից շատերը «պոզավոր» են։ Եղջերուների քանդակներ կան Աղցի (360թ.) Արշակունյաց արքայական դամբարանի և Քասաղի Բազիլիկ եկեղեցու պատերի վրա։ Երկու դեպքում էլ հորինվածքի կենտրոնում խաչն է։ Եղջերուն չի հանդիսացել որևիցե նախարարական տոհմի հերալդիկ զինանշան, այդ դեպքում ինչո՞ւ է այն պատկերվել երկու կարևորագույն հոգևոր կոթողների վրա։ Հնարավոր է, որ հորինվածքը խորհրդանշում էր հայոց բնապաշտական հավատքի և քրիստոնեական ուսմունքի բովանդակային ընդհանրությունը և շարունակականությունը։

Այստեղից որոշակիորեն բխում է, որ Գնթունի իշխանները` Նգա բերդագավառի տերերը, նաև հոգևոր մեծեր են եղել. հեթանոսական ժամանակներում` քրմեր, քրիստոնեության շրջանում` նույնիսկ կաթողիկոս են ընտրվել (Եզր Փառաժնակերտցին` 630-641թթ.)։ Նգացի էր նաև Եսայի Ա Եղիպատրուշեցին (775-788թթ.)։ Գնթունի անվանումը ստուգաբանված չէ։ Իռլանդերեն «geintlidrecht» և լատիներեն «gentilis» բառերը թարգմանաբար ունեն ցեղական, ազգային, յուրային, հեթանոս իմաստները (համեմատեք կէանք, գէնք)։

Դրուիդների օրացույց-գուշակարանը և դրա հնարավոր կապը մեսրոպյան այբուբենի հետ

Դրուիդները` հավանաբար բազմադարյա ուսումնասիրությունների արդյունքում, կազմել են օրացույց, որում տարվա յուրաքանչյուր ժամանակահատվածին համապատասխանում է մեկ ծառատեսակ։ Չորս ծառատեսակներ համապատասխանում են գարնանային (21.03, կաղնի) և աշնանային (23.09, ձիթենի) գիշերահավասարների ու ամառային (24.06, կեչի) և ձմեռային (21-22.12, հաճարենի) արևադարձերի օրերին։ 18 այլ ծառատեսակներ համապատասխանում են տարվա 360 օրերին։

Տոմարագետները կարծում են, որ հայկական տոմարը հնում բաղկացած է եղել 12 (30-ական օր) և ավելյաց (5 օր) ամիսներից։
Փետրվարի 13-ը պատկանում է Մայրի ծառատեսակին (09.02.-18.02.), երկրորդ կիսամյակում (հունիսի 24-ից հետո) մայրի ծառատեսակի օրերն են օգոստոսի 14-23-ը։

Եկեք վերհիշենք, որ հին խեթական բևեռագիր արձանագրության «Kelti» բառը գործածվում է` անտառ, իսկ «dingir kelti» բառակապակցությունը` «անտառի աստվածություն» իմաստով։ Սակայն գերմանացի ասորագետ Հանս Էհելոլֆը նշում է, որ «Kelti» բառը կարող էր նաև ինչ-որ ծառատեսակի անվանում լինել։
«Մայրի» բառը հայերենում ունի նաև «անտառ» իմաստը։ Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ։ Ըստ Մ. Խորենացու` Երվանդունի արքաներից մեկը Ք.ա. 3-րդ դարի վերջում Ախուրյանի երկայնքով մեծաթիվ մայրու ծառեր է տնկել։ Հավանաբար կարելի է մտածել, որ Տրնդեզն իրոք կարևորագույն տոն էր, չէ՞ որ հնում անտառը կերակրում էր մարդկանց։

Ես համոզված եմ, որ մեսրոպյան այբուբենի մեջ գաղտնագրված է նաև կելտերի օրացույց-գուշակարանը։

Ըստ դրուիդների օրացույցի` տարին սկսվում է դեկտեմբերի 23-ին։ Առաջին ծառատեսակը խնձորենին է, որի օրերն են 23.12-01.01 և 25.06-04.07 տարվա ժամանակահատվածները։ Խնձորենուն համապատասխանում են հայոց այբուբենի Ա և Ճ տառերը, որոնց թվային արժեքներն են` «1» և «100»։ Այնուհետև`
Եղևին- 02.01-11.01 և 05.07-14.07, Բ և Մ, «2» և «200»։
Թեղի-12.01-24.01 և 15.07-25.07, Գ և Յ, «3» և «300»։
Նոճի- 25.01-03.02 և 26.07-04.08, Դ և Ն, «4» և «400»։
Բարդի- 04.02-08.02 և 05.08-13.08, Ե և Շ, «5» և «500»։

Բարդին համապատասխանում է Նավասարդի տոնակատարության օրերին, «դողդոջուն» բարդին կամ նույն ինքը` կաղամախին, հնում սուրբ ծառ է համարվել։
Մայրի- 09.22-18.02 և 14.08-23.08, Զ և Ո, «6» և «600»։
Սոճի- 19.02-28/29.02 և 24.08-02.09, Է և Չ, «7» և «700»։
Ուռենի- 01.03-10.03 և 03.09-12.09, Ը և Պ, «8» և «800»։
Լորենի- 11.03-20.03 և 13.09-22.09, Թ և Ջ, «9» և «900»։
Պնդուկենի- 22.03-31.03 և 24.09-03.10, Ժ և Ռ, «10» և «1000»։
Արոսենի- 01.04-10.04 և 04.10 և 13.10, Ի և Ս, «20» և «2000»։
Թխկի-11.04-20.04 և 14.10-23.10, Լ և Վ, «30» և «3000»։
Ընկուզենի- 21.04-30.04 և 24.10 և 02.11, Խ և Տ, «40» և «4000»։
Հասմիկ- 01.05-14.05 և 03.11-11.11, Ծ և Ր, «50» և «5000»։
Շագանակենի- 15.05-24.05 և 12.11-21.11, Կ և Ց, «60» և «6000»։
Հացենի- 25.05-03.06 և 22.11-01.12, Հ և Ու, «70» և «7000»։
Բոխի- 04.06-13.06 և 02.12-11.12, Ջ և Փ, «80» և «8000»։
Թզենի- 14.06-23.06 և 12.12-20.12, Ղ և Ք, «90» և «9000»։

Վերոգրյալ բոլոր ծառատեսակներն ունեն բուժիչ հատկություններ (տե՛ս Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան, 2012թ.)։

Մեսրոպյան այբուբենը միակն է աշխարհում, որի տառերն ունեն թվային արժեքներ։

Անշուշտ, այդ հանգամանքն ունի իր խորը արմատները, որոնց բուն իմաստը և արժեքը մեզ հայտնի չէ։ Տառերի թվային արժեքների գոյության մասին, ցավոք, ոչ բոլորը գիտեն, նույնիսկ` Հայաստանում։ Այնինչ, համոզված եմ, որ ճիշտ վերծանման դեպքում ի հայտ կգան բազմաթիվ կարևորագույն փաստեր, որոնք ժամանակին գաղտնագրվել են մեր այբուբենում և, անշուշտ, այժմեական են։

Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ դրուիդների օրացույցում ընդգրկված բույսերը թեթևացնում են համապատասխանող օրերին ծնված ծանր հիվանդների վիճակը` անկախ հիվանդությունների բնույթից։ Բացառված չէ, որ հին իմաստասերներն իրենց օրացույց-գուշակարանում գաղտնագրել են բույսերի և կենդանական աշխարհի գենետիկ կոդը։

Սուրբ գրքում գրված է 666 թվի գաղտնագրի մասին։ Հայոց այբուբենի և դրուիդների օրացույցի համադրման դեպքում ստացվում է շրջան, որի 6, 60, 600 և 6000 կոորդինատները միացնող հատվածների ուրվագծած երկրաչափական պատկերը շատ նման է Էրեբունիում հայտնաբերված որմնանկարի վրա պատկերված քառակուսու հորինվածքին։ Նման հորինվածք կա նաև Անիի Առաքելոց եկեղեցու գավիթի առաստաղի վրա (12-րդ դար)։

«6» և «60» թվերը համապատասխանում են` մայրի, իսկ «60» և «6000» թվերը` ձիակասկենի (շագանակենի) ծառատեսակներին։ Ձիակասկենուց ստացված պատրաստուկներով հնում խնամել են ձիերին։

Ի՞նչ են գուշակել դրուիդները մայրու նշանի տակ ծնվածների համար

Մայրին հեշտությամբ է ադապտացվում նոր միջավայրին։ Իհարկե, նա հեռու է այն մտքից, որ կամավոր լքի իր հարմարավետ անկյունը, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գիշերել բաց երկնքի տակ։ Նա կարծես ծնված է, որպեսզի ապրի հետաքրքիր, հագեցած և անակնկալներով լի կյանքով։ Մայրին կարողանում է ճիշտ ընտրել և անվերադարձ նվիրվել սիրելի աշխատանքին։ Նա շատ արագ է մտածում և որպես օրենք` ընդունում է ճիշտ որոշումներ։ Ջանք չի խնայում, որպեսզի միշտ լինի ուշադրության կենտրոնում` անընդհատ հիշեցնելով իր գոյության մասին և նորանոր անակնկալներ մատուցելով։

Մայրին ծանր է տանում իր հասցեին ուղղված կատակները։

Տղամարդիկ հաճախ գոռոզ են, եսասեր, ուղղահայաց։ Ի զորու են լուծել դժվարին խնդիրներ, սակայն հաճախ են հայտնվում չնախատեսված, տհաճ իրավիճակներում։ Այնուամենայնիվ, տղամարդ մայրին երբևիցե չի կորցնում իր լավատեսությունը, նա համոզված է, որ վերջին խոսքի իրավունքը միշտ իրենն է եղել և լինելու է։ Նա կարող է զգալի ազդեցություն ունենալ շրջապատի վրա և միաժամանակ` կախվածություն այլոց կարծիքից։

Կանանց բնորոշ է բեմական կեցվածքը, նրանք հաճախ օժտված են երաժշտական ունակություններով։ Շատ արագ են ընդունում նույնիսկ կարևորագույն որոշումներ և միաժամանակ օժտված են խնդիրները բազմակողմանի վերլուծելու և արդյունավետ քննարկելու կարողությամբ։ Կին մայրու անձնական կյանքն ակտիվ է, գերհագեցած։
Սեր և ամուսնություն. Մայրին հակված չէ թեթևամիտ, անլուրջ սիրային կապեր ստեղծելու։ Նա կարող է շատ երկար փնտրել և սպասել նրան, ում իրոք կսիրի, և՛ սիրում է, և՛ պատրաստ է ապրել նրա հետ մինչև իր կյանքի վերջը։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս