
Կհաղթահարվե՞ն ՀԱԿ-ի հետ ունեցած ԲՀԿ-ի մատնանշած «ակնհայտ տարբերությունները»

ՀԱԿ-ԲՀԿ երեկվա հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն տարածեց, որտեղ ընդգծված էր. «Ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանելով հարցին՝ արդյոք նման տարբերությունները կարո՞ղ են բաժանարար դառնալ երկու ուժերի համագործակցության հարցում, պատասխանեց, թե ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ՀԱԿ-ը հանդիպման ժամանակ իր դիրքորոշումը հստակ հայտնել է, ոչինչ չի թաքցրել:
Դիտարկմանը, թե փաստորեն այդ դիրքորոշումները տարբերվում են՝ Լևոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Բնական է, որ պետք է տարբերվեին: Հենց ամբողջ գործընթացը ուղղված է նրան, որ մենք կարողանանք համաձայնեցված քայլերով գնալ առաջ, իսկ դա հաջողվում է մեզ»:
Նա նշեց, որ եթե կուսակցությունները այսքան ժամանակ կարողացել են մշտապես հասնել միասնական դիրքորոշումների, ապա հիմա էլ «հասնում են ու կհասնեն»:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ որոշ քայլերի շուրջ արդեն պայմանավորվածություններ կան, իսկ հետագա քայլերի մասին պատկերացումներում կարող են նաև տարբերություններ լինել, որոնք, ՀԱԿ պատգամավորի գնահատմամբ, հաղթահարելի են:
«Ես վստահ եմ, որ երկրում ստեղծված է մի իրավիճակ, որը այս երկու քաղաքական ուժերին, կամ ավելի լայն ֆորմատով՝ չորս քաղաքական ուժերին, կպարտադրի բոլոր տարբերությունները վերացնել»,- հավելեց նա:
Նա նշեց, որ արդյունավետ է գնահատում քաղաքական համախմբմանը միտված չորս քաղաքական ուժերի ջանքերը՝ շեշտելով. «Զգացվում է, որ այդ կառուցողական արդյունավետ մթնոլորտը բերում է նաև մեր քառակողմ հանդիպումների ձևաչափին»: