
«Ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի պաշտոնական հայտարարությունը` քիչ առաջ ավարտված ՝Հայ ազգային կոնգրես-Բարգավաճ Հայաստան կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ:
«Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և այդ վիճակից դուրս գալու հնարավոր ուղիները: Ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ:
ԲՀԿ-ն գտնում է, որ կուսակցության քայլերը պետք է համահունչ լինեն ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթին և ժողովրդի պահանջներին: Բոլոր մոտեցումները և առաջարկները պետք է քննարկվեն ոչ իշխանական ուժերի համագործակցության ձևաչափում, ինչը այս պահին լավագույնս արտացոլում է հասարակության տրամադրվածությունը:
ԲՀԿ-ի մոտեցումների հիմքում առաջին հերթին ընկած է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության անընդունելիությունը, որի արդյունքում ձևավորվել է այսօրվա իրականությունը: ԲՀԿ-ն փաստում է, որ պետությունն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ, և հրամայական է դարձել բոլոր քաղաքական և հասարակական առողջ ուժերի հետ միասնական լուծումների մշակումն ու իրականացումը»: