Ալեքսանդր Արզումանյան. ՀՀՇ-ն հանդես է գալու «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, Ռուսաստանի դե ֆակտո ռազմական ներխուժումն Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, ուժի միջոցով այդ երկիրը մասնատելու սպառնալիքն աշխարհում ստեղծել են նոր իրավիճակ: Իրավիճակ, որն ուղղակիորեն կարող է անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության վրա, որի իշխանությունները, սակայն, քաղաքական չեզոքության երեսպաշտ արդարացմամբ հանցավոր լռություն են ցուցաբերում:
Աշխարհում այսօր տեղի է ունենում բաժանարար նոր գծերի առաջացման գործընթաց, որը սպառնում է դառնալ նոր աշխարհակարգի հիմքը:
Ընդդեմ բաժանարար գծերի և աշխարհաքաղաքական շահերի հակադրության մշտապես հանդես եկող Հայաստանն իրականում դարձել է տարածաշրջանում ամենահոծ բաժանարար գծերից մեկի կրողը: Հայաստանը տարածաշրջանում ռուսական ռազմակայան ունեցող և Հավաքական անվտանգության կազմակերպությանն անդամակցող միակ պետությունն է:
Գործող անվտանգության համակարգը, որին ավելի շատ պարտադրանքի, քան սեփական շահի սպասարկման թելադրանքով մաս է կազմում մեր երկիրը, ցանկացած պահի կարող է իրական սպառնալիք դառնալ Հայաստանի պետականության և ինքնիշխանության համար: Ստեղծված իրավիճակում Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը մեր երկրի հանրային-քաղաքական օրակարգի առմենաառաջնային խնդիրն է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անդամակցության պայմանների վերանայումը, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունն ապահովող իրավապայմանագրային հիմքի վերաիմաստավորումը:
Հավատարիմ մնալով Հարավային Կովկասն անվտանգության համակարգերի համագործակցության հարթակ դարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը հրամայական է համարում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական և հետևողական խորացումը, ինչի շնորհիվ Հայաստանը կվերանվաճի տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության ասպարեզում որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու վտանգված իրավունքը:
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է անշրջելի հետևանքներով հղի միջազգային գործընթացներում ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը, ազգային շահերը սպասարկելու քաղաքական կամքի բացակայությունն ու անկարողությունը:
1988 թվականին սկիզբ առած համազգային Շարժման բացառիկ ձեռքբերումը Հայաստանի անկախությունն է, որն այսօր վտանգված է առավել, քան երբևէ: Այս և մեր երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներին դիմակայելու նպատակով Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ»: