Բաժիններ՝

«Նաիրիտի» սնանկացման հարցով նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ քննվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Նիստի հետձգման համար միջնորդություն էր ներկայացրել հայցվոր կողմը:

«SandbadTir INTL Transport Co.LTD» իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը 168.am-ին հայտնեց, որ ինքը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ ներկայումս իր վստահորդի և «Նաիրիտ» գործարանի միջև բանակցություններ են ընթանում` պարտքը մարելու ուղղությամբ:

Ըստ նրա` հնարավոր է, դատական հայցի պահանջը փոխվի, այսինքն` գործարանը սնանկ ճանաչելու փոխարեն պահանջեն գույքի բռնագանձում: Խաչիկյանը նշեց, որ պարտքի մայր գումարը կազմում է մոտ 30 հազար դոլար` հավելած տույժերը, բանկային տոկոսադրույքներն ու կրած վնասի փոխհատուցումը՝ 2007թ-ից կաուստիկ սոդա չմատակարարելու համար: Վ. Խաչիկյանը նշեց, որ այժմ Իրանում Նոր տարի է, տոներից հետո «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի նախագահը, հնարավոր է՝ կժամանի Երևան, քանի որ նա ցանկանում է անձամբ մասնակցել դատական նիստին:

Հիշեցնենք, որ իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: «Նաիրիտի» ներկայացուցիչները փաստաթղթեր էին պահանջել «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի վերաբերյալ, հավաստիանալու համար, որ այն գործող է: Հունվարի 24-ին դատական նիստը հետաձգվել էր՝ քանի որ փաստաթղթերը դեռ չէին ուղարկվել Երևան: Օրեր առաջ մեզ հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը հավաստիացրել էր, որ իրանական ընկերության փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է և դրանք մինչև դատական նիստը Երևանում կլինեն:

Հիշեցնենք նաև, որ ըստ ներկայացուցչի, ընկերությունը վերջին անգամ պարտքի մարման պահանջով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին դիմել է անցած տարի աշնան սկզբին և գործարանի ներկայիս գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի ղեկավարությանն ուղղված նամակում չի մերժել պարտքի առկայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս