
Մարտի 16-ին Ղրիմում նշանակված հանրաքվեն ապօրինի է. Մերկել և Էրդողան

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստ է մասնակցել Ուկրաինայում տիրող իրավիճակի գծով միջազգային շփման խմբի աշխատանքներին: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Էրդողանն առաջարկել է Թուրքիայի մասնակցությունը՝ հենվելով Ուկրաինայի ու Ռուսաստանի հետ երկրի սերտ հարաբերությունների, ինչպես նաև Ղրիմի թաթարների համայնքի հետ ուղիղ շփումներ ու հատուկ հարաբերություններ ունենալու վրա:
Էրդողանն ու Մերկելն ընդգծել են, որ Ուկրաինայի և մասնավորապես Ղրիմի իրադարձությունները շատ մտահոգիչ են: Նրանք համաձայնվել են, որ կարևոր է Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքական միասնությունը պաշտպանելը:
Էրդողանն ու Մերկելը կարծում են, որ մարտի 16-ին Ղրիմում նշանակված հանրաքվեն ապօրինի է: Մերկելն այդ մասին հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Ղրիմի թաթարների իրավունքները: