Հրանտ Խաչատրյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. Ասունի, թե անասունի վրա հենվելու ընտրությունը Ձերն է
ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խնդրում եմ խոսքս հասցնել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.
Մենք միմյանց բավականին լավ ենք ճանաչում՝ որպեսզի իմ խոսքը անսպասելի համարեք:
Որոշեցի կիսվել Ձեզ հետ Ֆիննախի դիմացի գործընթացը ուղիղ եթերում դիտելու ընթացքում:
Ձեր մուտքը ասպարեզ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում ոչ միայն օրիգինալ էր, այլեւ հուսադրող շատերի համար: Կարծում եմ՝ ոչ թե Ձեր պահվածքը, այլ նշանակողների որոշումն էր պայմանավորված այն օրերի աշխարհաքաղաքական ընտրությամբ: Նշեմ, որ ցավալի է, երբ պետական այրերի վարքագիծը այդ աստիճանի կախված է լինում արտաքին հանգամանքներից:
Համոզված եմ, որ կերազեիք պահպանել այդ կեցվածքը, նույնիսկ դրա համար շատ բան կզիջեիք: Բայց ավաղ, երբ սեփական ու պետական բրդերը միմյանց խառնած պետական այրերը հայտնվում են աշխարհաքաղաքական թակարդներում, նրանք դատապարտված են թաքնվել ուժային կառույցների թիկունքում: Այդ պահից օրինապահը վերածվում է ճնշամիջոցի՝ անկախ նրա անձնական մղումներից: Միայն քչերին է հաջողվում պատվով դուրս գալ նման իրավիճակներից՝ շատ հասկանալի պատճառներով:
Բոլոր ժամանակներում արդար պահանջով փողոց դուրս եկած «ամբոխին» ճնշող ոստիկանների բացարձակ մեծամասնության դեմքին դաջված է նրանց ներքին համերաշխությունը դիմացինների հետ՝ նորից հասկանալի պատճառներով: Նրանք կարող են հրաման կատարելով շարք կանգնել, շարքով՝ ուժով, բայց առանց բռնության, «ամբոխին» դուրս հրել «արգելված» տիրույթից, բայց երբե՛ք հարվածել իրեն նմանին, կամ թունոտ հայհոյել նրան:
Այդ գործը սովորաբար անում են համազգեստով, կամ առանց համազգեստի, մարդկային կերպարանքից զուրկ առանձին հաստավիզ անասուններ, որոնք գուցե կյանքի բերումով նույնպես լուրջ պատճառ ունեն այդպիսին լինելու համար: Եթե նույնիսկ ընդունենք, որ աշխարհի բոլոր ուժային կառույցներում պահում են «ծեծող բրիգադներ» իրենց նման առանձին անասուն հանցագործների հետ լեզու գտնելու համար, ապա դրանց մարդկանց դեմ հանում են միայն խճճված ղեկավարները:
Տվյալ պարագայում խճճվածները խոստովանում են, որ «բոլորին պետք են ցածր տոկոսներով երկար փողեր» եւ իրենք դա անելու են իմանալով հանդերձ, որ բնակչության 80%-ը դեմ է դրան: Աշխատող երիտասարդները (համոզված եմ նաեւ ոստիկանների բացարձակ մեծամասնությունը) վստահ չեն, որ այդ «բոլորի» մասն են կազմում: Այդ հասարակ թնջուկը լուծելու փոխարեն իրականում գրագետ պաշտոնյաները միմյանց հակասող անգրագետ մեկնաբանություններ են անում ու թաքնվում են ուժայինների թիկունքում: Իհարկե, այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե խելոք մարդը ինչպես կարող է կտրել ծառի իր նստած ճյուղը:
Պետք չէ հիշեցնել, որ ես վաղուց թքած ունեմ տարբեր պիտակների ու գետնի վրա քաշված գունավոր գծերի ու դրանց կազմակերպիչների վրա՝ եթե դրանք նույնիսկ «օրինական» են, բայց շատ անարդար: Դրա փոխարեն պետք է հիշել, որ այսօր փողոց են դուրս եկել այն երիտասարդները, ովքեր չեն ուզում վաղն իրենք ել փողոցում հայտնվել ընդմիշտ:
Նրանք այն նոր սերունդն են ներկայացնում, ովքեր իրենց աշխատանքով համաձայն էին վճարել հայրենիքում ապրելու թանկ գինը: Չէին ընդվզում օրեցօր աճող «օրինական» հարկային բեռի դեմ: Բայց ընդվզեցին, երբ փորձեցին իրենց պարտադրել «կամավորը»:
Այդ սերունդը կդառնա վաղվա հզոր Հայաստանի աշխատող ու արժանապատիվ քաղաքացին, թե մահակների հարվածից կոփվելով, կամ կոտրվելով կդառնա ազատամարտիկ, կամ օտարի բարոյալքված գործիք՝ որոշվում է այս օրերին: Երկու դեպքում ել կարեւոր հարցերի լուծումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Միայն թե չասե՛ք, որ Հայաստանը լքելը ավելի լավ տարբերակ է մեզ համար:
Խորհուրդ չունեմ տալու՝ ասունի, թե անասունի վրա հենվելու ընտրությունը Ձերն է:
Բարին թո՛ղ կատարվի»: