2002-2013 թվականներին սեփական նախաձեռնությամբ Թուրքիայի զինված ուժերը լքել է 62 գեներալ ու ծովակալ
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը լքել է բրիգադի գեներալ Մեհմեթ Աքընը: Դրանով իսկ Թուրքիայի զինված ուժերում ծառայող գեներալների ու ծովակալների քանակը նվազել է մինչև 343-ի:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի ներկայացրած տվյալներով՝ 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը սեփական ցանկությամբ պաշտոնաթող է եղել 62 գեներալ ու ծովակալ: Յըլմազն այդ մասին հայտարարել էր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Մեթին Լյութֆի Բայդարի համապատասխան հարցումից հետո:
Նշվում է, որ վերջին մեկ ամսում Թուրքիայի զինված ուժերը լքել է 198 սպա, որոնցից մոտ 100-ը՝ օդաչու, ու 358 ենթասպա:
Հիշեցնենք, որ 2003-2013 թվականներին սեփական ցանկությամբ Թուրքիայի զինված ուժերը լքել է ավելի քան 41.000 սպա ու ենթասպա: