2003-2013 թվականներին սեփական ցանկությամբ Թուրքիայի զինված ուժերը լքել է ավելի քան 41.000 սպա ու ենթասպա
Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման ժամանակաշրջանում՝ առավել ճշգրիտ 2003-2013 թվականներին, իրենց ցանկությամբ պաշտոնաթող են եղել կամ հրաժարական են ներկայացրել 41.049 սպա ու ենթասպա: Դա համարժեք է մեկ կորպուսի թվակազմի: Այս տվյալները ներկայացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) խմբակցության փոխնախագահ Յուսուֆ Հալաչօղլուն համապատասխան հարցով դիմել է նրան՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա նոյեմբերին ինքնասպան է եղել 7 ենթասպա, իսկ 2013 թվականի առաջին կեսին Թուրքիայի զինված ուժերը լքել է 674 ենթասպա:
Ի պատասխան՝ Յըլմազը ներկայացրել է 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրենց ցանկությամբ Թուրքիայի զինված ուժերը լքած սպաների ու ենթասպաների քանակը՝ 41.049: Նախորդ տարեվերջի դրությամբ Թուրքիայի զինված ուժերում սպաների քանակը կազմել է մոտ 39.000, իսկ ենթասպաների քանակը՝ մոտ 96.000:
Ընդհանուր առմամբ, սպաների ու ենթասպաների քանակը կազմել է 135.000 (որի 30 տոկոսին համարժեք հրաժարականներ ու պաշտոնաթողություններ են եղել): Ստացվում է, որ ամեն 10 սպայից և ամեն 3 ենթասպայից մեկը իր կամքով պաշտոնաթող է եղել կամ հրաժարական է ներկայացրել: