ՀՀՇ-ն կոչ է անում ՌԴ իշխանություններին՝ զերծ մնալ այլ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերից
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2014թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումն Ուկրաինայի տարածքում զինված ուժերի օգտագործման վերաբերյալ՝ այդպիսով նրան լիազորելով ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի տարածքում: Չնայած միջազգային հանրության ջանքերին` ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, Ռուսաստանի կողմից հնչող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ ռազմական գործողությունների ծավալման վտանգն առկա է ցանկացած պահի:
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ, կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին՝ հարգել միջազգային բոլոր պայմանագրերն ու պարտավորությունները և զերծ մնալ այլ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերից:
Միաժամանակ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր լռությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բարեկամ ժողովրդի դեմ ուժի կիրառման սպառնալիք ներկայացնելու փաստի կապակցությամբ: Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է հստակ դիրքորոշում հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ` դատապարտելով ինքնիշխան պետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Ուկրաինայի բարեկամ ժողովրդին` սեփական ընտրության և ազատության համար մղվող պայքարում:
ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ