Տարելից լինի, հավաքվենք…

Մարտի 1-ին Ազատության հրապարակում անպատճառ ներկա գտնվելու կոչեր են հնչում` «Բոլորս դեպի Ազատության հրապարակ»: Երկմտողների համար կա լրացուցիչ առաջարկ` ելույթ է ունենալու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի հանրահավաքից զատ` մարտի 1-ին կան զուգահեռ սգո այլ միջոցառումներ` կուսակցություններն, անհատներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն տասը անմեղ զոհերին` երթով, մոմավառությամբ, ծաղկեպսակներով…

Մարտի 1-ից անցել է վեց տարի: Հիշում եմ արյունոտ այդ իրադարձությունների բոլոր հերթական տարելիցները: Հավաքվում ենք. ելույթներ, ծաղիկներ, մոմեր: Սակայն Մարտի 1-ի դեպքերն այսօր էլ ունեն նույն հարցականները, ինչ վեց տարի առաջ: Ոչ մի մարդասպան դատարանի առաջ չի կանգնել:

Այնպես էր ստացվում, որ այս վեց տարիներին, Մարտի 1-ի տարելիցների միջակայքում, աշխարհում իրադարձություններ էին տեղի ունենում` Թունիսում, հետո` արաբական աշխարհում: Ղրղզըստանում անգամ: Ավելի ուշ` Լիբիայում ինքնադատաստան տեսան առաջնորդ Քադաֆիի նկատմամբ: Եվ հանրահավաքից հանրահավաք ելույթները կրքոտ էին ու հանդուգն. մե՛կ թունիսանում էինք, մեկ էլ` անգամ ղրղըզանում: Մյուս հանրահավաքին արդեն` Քադաֆիի, Մուբարաքի ճակատագրերով սպառնում երբևէ լեգիտիմ չեղած իշխանություններին:

Այս Մարտի 1-ին ևս համաշխարհային պատմությունը բարեգութ է մեր լավագույն հռետորների հանդեպ. Ուկաինայում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները կարելի է աղերսել Մարտի 1-ի հետ, Մարտի 1-ի կազմակերպիչներին ու գործող վարչախմբին սպառնալ արդեն Յանուկովիչի ճակատագրով:

Մարտի 1-ի տարելիցին նվիրված հուշ-երեկույթներին հնչող ելույթների կարմիր թելն այս վեց տարիներին եղել է նույնը. «Ահա, Մարտի 1-ից անցել է այսքան տարի, սակայն հանցագործները մինչև հիմա ազատության մեջ են: Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան (այլ անուններ` ևս). ահա այն հանցագործները, որոնք իրականացրեցին Մարտի 1-ը և դեռ անպատիժ են: Սակայն կգա այն օրը, երբ ռեժիմը պատասխան կտա ժողովրդի առաջ»:

Թվում է` տարելիցից տարելիցի միջակայքում կա 364 օր: Նրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ պատմական, հիշարժան, պայքարի արդյունավետ, հերոսական օր: Սակայն օրացույցում եղած կարմիր ու սև շրջանակներն ընդունում ենք որպես հիմքային, բազային ու առաջնորդվում` ըստ շրջանակների գույնի` կարմիր կամ սև: Գույներն էլ թելադրում են մեր գործողությունները: Իսկ նոր օր կերտելու տրամադրություն, էներգիա չկա:

Նախորդ տարի երկու մարտի մեկերի միջակայքում կուլմինացիոն հանրահավաքն ապրիլին էր, Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրվա առաջին սեանսին, երբ հավաքված հազարավոր մարդկանց հանրահավաքից կես ժամ անց Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց գնալ տուն և վերադառնալ արդեն ժամը 5-ին:

Ինչ խոսք, բազմաթիվ են իշխանություններից րոպե առաջ ազատվելու հիմնավորումները: Դրանք կարող են նաև գեղեցիկ ելույթների լեյտմոտիվ դառնալ` կուտակային պարտադիր բաղադրիչը, գազային պայմանագրով Հայաստանը վերջնականապես ու կամավոր Ռուսաստանի ստրկությանը հանձնելու ցանկությունը, կոռուպցիան գ Ի վերջո, այս իշխանությունների անտարբերությունը մեր երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների, անգամ սեփական աշխատանքի հանդեպ` իր հայացքում ամբողջացնում է կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը` տխուր, հոգնած, անվերջ ձանձրացող:

Անկախությունից անցել է շուրջ 22 տարի, Մարտի 1-ի իրադարձություններից` 6 տարի: Ու հենց այսօր էլ քաղաքական ասպարեզում պտտվում ու պտտվում են նույն մարդիկ` Լևոն Տեր-Պետրոսյանը, որի ելույթն է, ի դեպ, լինելու հանրահավաքի առանցքը, Ռոբերտ Քոչարյանը, որը վերջին 1-2 ամիսներին ավելի շատ կարծիք հայտնեց ու գրեց, քան իր նախագահության ողջ ընթացքում: Եվ Սերժ Սարգսյանը` տակավին երիտասարդ մնալու մարտահրավերով: Եվ նաև Գագիկ Ծառուկյանը` որպես գործիք վերջին երեքի ձեռքին: Թվարկած չորս անուններն էլ մերժելի են:

Չորս անուններն էլ ուղղակի կապ ունեն Մարտի մեկի հետ: Առաջին նախագահը` փողոց դուրս եկած ցուցարարներին անգլուխ թողնելու և տնային կալանքն առանց դիմադրության ընդունելու, երկրորդ և երրորդ նախագահներն էլ` իրենց թիմերով, Մարտի 1-ի անմիջական պատասխանատուներն են: Սակայն նրանցից և ոչ մեկն այս տարիներին չի խոսել պատասխանատվության իր բաժնի մասին` տասը անմեղ զոհերին միմյանց վրա հրելով:

Եվ հիմա արենայում դարձյալ նրանք են` այդ չորսը:

Եվ մենք ենք այն զանգվածը, որը չորս մասի բաժանված` շրջապատում է երեք նախագահներին ու օլիգարխին` նրանց պահանջված լինելու հույսեր ներշնչելով: Մենք նրանց փառասիրությունը շոյող, նրանց ոտքերի տակ պտտվող զանգվածն ենք, որը գոնե այս վեց տարիների ընթացքում ունակ չեղավ այս մարդկանցից պատասխանատվություն պահանջել: Կամ, ավելի ճիշտ ձևակերպեմ, մենք` որպես հասարակություն, չկարողացանք պարտադրել հարգանք մեր հանդեպ, որ այս մարդիկ իրենց արարքների համար պատասխանատվություն զգան:

Եվ այս մարտի մեկին էլ քաղաքականապես իրենց սպառած այս գործիչներն են լինելու բոլորի ուշադրության կենտրոնում, բայց ո՛չ որպես տասը անմեղ մարդու արյան պատասխանատուներ:

Կանցնի Մարտի մեկի հերթական տարելիցը: Բայց մենք էլ ձեռքներս ծալած չենք նստում. առջևում Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, որին այնքան երկար ենք սպասել: Թեև արդեն բան չմնաց` մեկ տարի:

Տեսանյութեր

Լրահոս