Ինչպես է պետությունը տանում ձեր աշխատավարձի կեսը (գծապատկեր)
Որքանով է պակասո՞ւմ, որ՝ ընդամենը 5%-ով։ Շատ հաճախ այսպիսի պատասխան են տալիս որոշ պաշտոնյաներ, երբ նրանց ասում են, որ պարտադիր կենսաթոշակային վճարը նվազեցնում է աշխատող մարդկանց՝ առանց այն էլ՝ ցածր եկամուտը։
Միգուցե 5%-ն այնքան էլ շատ չէ ընդհանուրի մեջ։ Սակայն, երբ հաշվում ենք, թե քանի՜-քանի այդպիսի «հինգտոկոսներ» են գանձվում մարդկանց աշխատավարձից՝ տեսանելի ու ոչ այնքան տեսանելի եղանակներով, հանգում ենք մի եզրակացության՝ պետությունը պարզապես շահագործում է սեփական քաղաքացուն։
Որպեսզի այս խոսքերը մերկապարանոց չհնչեն, կոնկրետ օրինակ բերենք (այդ օրինակն առավել պատկերավոր ներկայացված է նկարում)։
Եվ այսպես, քաղաքացին ստանում է ամսական անվանական 100 հազար դրամ աշխատավարձ։ Դրանից գանձվում է եկամտային հարկ՝ 24 400 դրամ (թիվը ճշտված է հաշվապահի հետ), և գնում է պետական գանձարան։
Մնում է 75 600 դրամ։ Դրանից էլ վճարվում է պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր վճարը։ Սակայն, ոչ թե 75 600 դրամի 5%-ը, այլ 100 հազարի։ Այսինքն՝ պակասում է 5000 դրամ (մաքուր աշխատավարձի 6.6%-ը)։
5000 դրամը գնում է Կենսաթոշակային հիմնադրամ, որից հետո մնում է 70 600 դրամ։
Սա, այսպես կոչված, տնօրինվող եկամուտն է՝ հարկերն ու մյուս վճարները կատարելուց հետո։ Կարծում եք՝ վե՞րջ, պետությունն այլևս ձեր գումարին ձեռք չի՞ տալիս։ Եթե այդպես եք կարծում, ապա չարաչար սխալվում եք, որովհետև պետությունը «փայ է մտնում» այդ գումարը տնօրինելու ողջ գործընթացին, սակայն ոչ այնքան բացահայտ։
70 600 դրամն ուղղում եք սպառմանը՝ վճարում եք գազի և էլեկտրաէներգիայի վարձը, կատարում գնումներ, և այլն։ Վճարում եք՝ շատ հաճախ առանց մտածելու, որ ձեր վճարած գումարի մեջ մտնում է նաև ավելացված արժեքի հարկը։ Այսինքն՝ ձեր վճարած գումարի 16.6%-ը (11 720 դրամ) հայտնվում է պետական գանձարանում։ Նկատի ունեցեք, որ կան նաև ապրանքներ, որոնց արժեքի մեջ մտած է նաև ակցիզային հարկը, որը չենք հաշվարկում։
Ինչևէ, ստացվում է, որ զուտ սպառմանը՝ ապրանքներ ու ծառայություններ վաճառողներին, դուք ուղղում եք ոչ թե 70 600 դրամ, այլ 58 800 դրամ։ Կրկին սխալվում եք, եթե կարծում եք, որ պետությունն այսքանով սահմանափակվեց և ձեր աշխատավարձից այլևս ոչինչ չի տանելու։
Ընկերություն(ներ)ը ստանում է այդ 58 800 դրամը, որը նրա համար շրջանառություն է։ Դրանից նա վճարում է շահութահարկ, տուրքեր և այլն։ Դա կազմում է շուրջ 10%՝ 5880 դրամ։ Թվում է՝ դա ուղղակիորեն կապ չունի մեր աշխատավարձի հետ, բայց գործարարն այդ հարկերը վճարում է մեր վճարումների հաշվին գոյացած հասույթից։
Իհարկե, ապրանք վաճառողը վճարում է նաև հումքի և վառելիքի գնի մեջ մտած ԱԱՀ-ն, սակայն դա չենք հաշվարկում, քանի որ այն փոխհատուցվում է ձեր վճարած ԱԱՀ-ով։
Հիմա ի մի բերենք, թե այս շղթայի մեջ որքա՞ն մտավ պետական գանձարան։ Ստացվում է ուղիղ 42 հազար դրամ (24 400 + 11 720 + 5880)։
Այսինքն՝ դուք ստանում եք 100 հազար դրամ, որից 42 հազարը մտնում է պետական գանձարան, ևս 5 հազարը՝ ինչ-որ հիմնադրամ՝ պետական պարտադրանքով։ 100 հազարից 47 հազարը ձերը չէ։
Պետք է նկատի ունենալ, որ բարձր աշխատավարձ ստացողների դեպքում ավելի բարձր դրույքաչափեր են գործում (թե՛ կենսաթոշակային վճարների, թե՛ եկամտային հարկի համար), և պետության փայն ավելի մեծ է։ Պետք է հաշվի առնել նաև, որ ներմուծվող մի շարք ապրանքների դեպքում պետությունն «էն գլխից» գանձում է նաև 10% մաքսատուրք։
Կարճ ասած, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրականում տնօրինում է թղթի վրա գրված իր աշխատավարձի կեսը։
Շա՞տ է սա, թե՞ քիչ։ Միգուցե ոմանց համար նորմալ է, կան երկրներ, որտեղ հարկային բեռն ավելի ծանր է։
Համաձայն ենք, սակայն նման բեռը նորմալ երկրներում մարդիկ վերցնում են՝ իմանալով, որ դրա դիմաց ստանում են նորմալ հանրային բարիքներ։ Նրանք վճարում են պետական ապարատին՝ երկիրը նորմալ կառավարելու, կրթական, դատական համակարգը պահելու, ճանապարհները կառուցելու և այլնի համար։ Վճարում են թանկ, բայց պահանջում են և ստանում իրենց ուզածը։ Չստանալու դեպքում կամ չեն վճարում, կամ փոխում են իշխանությանը։
Իսկ Հայաստանում վճարում են թանկ, փոխարենը՝ ստանում անորակ հանրային բարիքներ (կոռումպացված կրթական համակարգ, անորակ առողջապահություն, կախյալ դատական համակարգ, քարուքանդ փողոցներ և այլն)։ Ընդ որում, ոչ կարողանում են չվճարել, ոչ էլ կարողանում են փոխել անորակ բարիքների մատակարարին։ Որովհետև պետական գանձարան մտած գումարից, իրենց հերթին՝ «փայ են մտնում» ցածր օղակների աշխատակիցները, նրանք էլ այդ «փայ մտածի» մի մասը փոխանցում են միջին օղակին, միջին օղակը՝ ավելի բարձրին, ու այդպես շարունակ։ Այսինքն՝ կարելի էր նման մի սխեմա էլ կազմել այն մասին, թե պետական գումարներն ինչպես են ծախսվում՝ «ատկատագիտության» կանոններին համապատասխան։
Դրա համար շատ ու քչի մասին խոսողները ճիշտ կանեն՝ նախ՝ հարց տան իրենք իրենց. իսկ իրենք արժանի՞ են թեկուզ քչին։
Հ. Գ. – Նախ նշենք, որ սա աշխատավարձի հարկման ճշգրիտ դրույքաչափի վերլուծություն չէ։ Սա մոտավոր հաշվարկ է՝ պատկերացում կազմելու համար, թե որքան ենք մենք՝ աշխատող քաղաքացիներս, վճարում պետությանը (որը կարող է տարբեր մարդկանց մոտ խիստ տարբեր լինել)։ Ու հոդվածն ամենևին հարկերը չճարելու կոչ չէ։ Դրա նպատակը հիշեցնելն է, որ հարկատուն իրավունք ունի և պետք է պետությունից պահանջի պատշաճ բարիքներ՝ իր վճարած հարկերի դիմաց։