Հայաստանը հնարավորություն ունի՞ խուսափել աշխարհաքաղաքական բախման կետի վերածվելուց. Aravot.am-ի զրույցը ամերիկացի պաշտոնաթող գնդապետի հետ

«Քանի որ միջանցքը լուրջ արգելք է խաղաղության համաձայնագրի ճանապարհին, Միացյալ Նահանգները առաջարկներ է շրջանառում․ առաջարկներ, որոնք, ըստ Նահանգների՝ կարող են ընդունելի լինել երկու կողմի համար»,- Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին քաղաքականության հետազոտության ամերիկյան ինստիտուտի Եվրասիական ծրագրի ավագ փորձագետ, դոկտոր Ռոբերտ Հեմիլթոնը, որը նաեւ ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ է։

Մեկնաբանելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունը, ըստ որի՝ Վաշինգտոնն առաջարկել է հարյուր տարով վարձակալել Ադրբեջանը Նախիջեւանին կապող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հատվածը՝ փորձագետը նշեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում Թրամփի վարչակարգի հիմնական նպատակը խաղաղության համաձայնագրի կնքումն է։

«Այս առաջարկն ի ցույց է դնում Թրամփի վարչակարգի այն ենթադրությունը, թե գրեթե բոլոր հակամարտությունները կարելի է լուծել կողմերից մեկին կամ երկու կողմին էլ ինչ-որ բան վճարելով։ Պատմականորեն, այս ռազմավարությունը արդյունավետ չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի նման հակամարտությունների լուծման հարցում, քանի որ առկա են կոշտ ինքնություններ, իսկ պատմական դժգոհությունների նարատիվները խորն են եւ ուժգին»։

ԱՄՆ-ն պետք է ընկալի, որ ՌԴ-ն եւ ԻԻՀ-ն անզոր չեն

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ միջոցներ ունեն Ռուսաստանը եւ Իրանը՝ ամերիկացիների առաջարկին հակազդելու համար, Ռոբերտ Հեմիլթոնն ընդգծեց, որ Մոսկվայի եւ Թեհրանի հակազդեցության գործիքակազմը նվազել է։

«Չնայած նրան, որ ԱՄՆ-ն չի կարող ամբողջապես անտեսել նրանց նախընտրությունները, Նահանգները, հավանաբար, ավելի քիչ ուշադրություն է հատկացնում նրանց, քան նախկինում,– կարծում է գնդապետ Հեմիլթոնը,- հավելելով,- Ի վերջո, իր տարածքից որեւէ հատված վարձակալությամբ ԱՄՆ-ին կամ ամերիկյան ընկերության տրամադրելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, բայց եթե ԱՄՆ-ն ճնշի Հայաստանին, որ գնա այս քայլին, ԱՄՆ-ն պետք է ընկալի, որ, անգամ, եթե Ռուսաստանի եւ Իրանի տարածաշրջանային դիրքերը թուլացել են, նրանք անզոր չեն»

Նրա եզրահանգմամբ՝ նշյալ իրողությունը անհրաժեշտ է դարձնում ԱՄՆ-ի եւ Հայաստանի համատեղ աշխատանքը՝ «Մոսկվայի եւ Թեհրանի անցանկալի արձագանքները կանխատեսելու եւ մեղմելու համար»։

Ի՞նչ պետք է հաշվի առնի Երեւանը

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Հայաստանի հարավային տարածաշրջանը համաշխարհային հնչեղություն ստանալու շարունակական ֆոնին Հայաստանը հնարավորություն ունի՞ խուսանավելու, կարո՞ղ է խուսափել աշխարհաքաղաքական բախման կետի վերածվելուց։ «Սա բարդ է, բայց ոչ՝ անհնար», – շեշտում է փորձագետը։

Նրա համոզմամբ՝ Վաշինգտոնի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելիս՝ «Հայկական կառավարությունը պետք է հաշվի առնի տեղական քաղաքական ենթատեքստերը, Ադրբեջանի հետ հակամարտության ենթատեքստերը եւ այլ հատկանշական դերակատարների, օրինակ՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԻԻՀ-ի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում առկա ենթատեքստերը»։

Արտաքին քաղաքականության հետազոտության ամերիկյան ինստիտուտի Եվրասիական ծրագրի ավագ փորձագետ, գնդապետ, դոկտոր Ռոբերտ Հեմիլթոնը եզրափակում է. «Մրցակից ազդեցությունների եւ նախընտրությունների արանքում քաղցր հանգրվան գտնելը մարտահրավեր է, քանզի որեւէ կողմ չի ստանա իր ձգտումներն ամբողջապես»:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս