
«Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժությունները և Ադրբեջանի՝ ԱՄՆ-ի համար «որոշված» պատասխանատվությունը՝ երեկ և այսօր

Օգոստոսի 12-20-ը Հայաստանում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Իսկ մինչ այդ, ինչպես երեկվանից շրջանառվում է տեղական և ոչ տեղական մամուլում, ԱՄՆ նախագահ Թրամփը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Եվ հաշվի առնելով, որ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Փաշինյանի աշխատակազմը չի հերքել տեղեկությունը, կարելի է ենթադրել, որ այդպես էլ լինելու է, հատկապես, երբ արդեն նույնիսկ գաղտնազերծված է՝ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրելու են խաղաղության ձգտման փոխըմբռնման հուշագիր, կամ, ինչպես ադրբեջանական աղբյուրներն են նկատել՝ «մտադրությունների նամակ», և ոչ թե՝ խաղաղության համաձայնագիր։
Ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսները, հղում կատարելով Middle East Eye-ին, գրում են, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազանգի միջոցով արդեն հասցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին տեղեկացնել Սպիտակ տանը սպասվելիք Փաշինյան-Ալիև այցի մասին։
168.am-ը գրել էր, որ ադրբեջանական կողմը բաց տեքստով ոչ մեկ անգամ հասկացրել է, որ այն, ինչ մոտ ապագայում հնարավոր է ստորագրվի, իրականում չի կարող համարվել խաղաղության վերջնական փաստաթուղթ։
Այդ օրերին vesti.az-ին տված հարցազրույց էր տվել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը և հերթական անգամ ակնարկել էր, որ, այո՛, փաստաղթղթային տարբերակում կարող է խոսք լինել հարաբերությունների կարգավորման սկզբունքների մասին, որոնք, ընդհանուր առմամբ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են:
«Ինչո՞ւ հենց սկզբունքներ: Որովհետև այդ փաստաթուղթը, որն այնքան էլ ծավալուն չէ, ներառում է ընդամենը բազային առաջարկներ, օրինակ, դեկլարացվում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը միջազգային իրավունքի ունիվերսալ սկզբունք է: Սակայն սահմանների հստակեցման, հետևաբար՝ տարածքային ամբողջականության, հնարավոր է հասնել միայն սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերջնական ավարտից հետո: Առանց դրա՝ վերը նշված սկզբունքը զուտ դեկլարացիա է,- ընդգծել է նա և հավելել,- Կոմունիկացիաների բացման և մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժի մասին հայտարարությունը ևս կարևոր սկզբունք է, բայց դրան հնարավոր է հասնել միայն առանցքային պարամետրերի շուրջ համաձայնությունից հետո, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի», որն Ադրբեջանի համար շարունակում է մնալ առաջնահերթ կետ: Բայց ներկա փաստաթղթում այդ հարցը հստակ արտացոլված չէ: Հետևաբար՝ մենք խոսում ենք ոչ թե խաղաղության վերջնական պայմանագրի, այլ շրջանակային համաձայնագրի մասին, որը կողմնորոշիչ է հանդիսանալու հետագա կարգավորման համար: Եվ այստեղ հարց է ծագում՝ հետագա ամբողջ գործընթացը տեղի կունենա համալիր փաստաթղթի՞, կամ խաղաղության ամբողջական պայմանագրի՞ շրջանակում, թե՞ կլինի փուլային, սեկտորալ մոտեցում, այսինքն, կունենանք առանձին համաձայնություն՝ սահմանազատման հետ կապված, առանձին կոմունիկացիաների բացման, փոխհատուցման հարցերի և այլ ասպեկտներին առնչվող: Ահա ինչում է դիլեման»:
Իսկ հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ քննարկվել է նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հարցը։
Վերադառնանք «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը և ուշադրություն հրավիրենք մի քանի փաստի վրա։
Անցած տարի հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում անցկացվել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Եվ այդ օրերին, դրանից հետո, բայց զորավարժության համատեքստում, Բաքուն տեղեկատվական-քարոզչական արշավ էր սկսել Հայաստանի դեմ։ Մասնավորապես, ադրբեջանական քարոզչամեքենան հոդվածաշարերի միջոցով պնդում էր, որ՝ «ԱՄՆ-ի բանակը մտել է Զանգեզուր», որ օգոստոսի սկզբին ամերիկյան բազաներից ռազմական ինքնաթիռներ են մտել Հայաստան, և, որ ռազմական բեռի հետ անձնակազմ է բերվել Հայաստան: Իսկ իրականում զորավարժության համար բերված ռազմական բեռն էր տարվում։ Իսկ թե «կմտնի՞» որևէ կերպ ԱՄՆ-ը Սյունիք, ցույց կտա ժամանակը։
Այսինքն, նշված ժամանակահատվածում Ադրբեջանը հնարավոր նոր սպառնալիքի քարոզչական հիմքեր էր փորձում ստեղծել՝ պատասխանատվության սլաքն ուղղելով Արևմուտքին, ԱՄՆ-ին, երբեմն փորձելով նաև Հայաստանին մղել Իրանի ուշադրության թիրախ։
Եվ հիմա, այսպես ասած, ճակատագրի հեգնանքով, «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության նախօրեին ԱՄՆ-ը, ըստ էության, որոշակի պատասխանատվություն-միջնորդություն է ստանձնում՝ հայ-ադրբեջանական պատերազմ թույլ չտալու և խաղաղության վերջնական համաձայնագրի հիմքեր ստեղծելու և ամրացնելու հարցում։
Մի առիթով 168.am-ն անդրադարձել էր «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժությանը նախորդած և հաջորդած օրերին տեղի ունեցած զարգացումներին։ Նշենք, որ դրանք տեղի էին ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 11-20-ը, ինչին զուգահեռ՝ Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիա» էր իրականացնում Արցախում։
Իսկ «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության համատեքստում Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած caliber.az-ը հոդված է հրապարակել, որտեղ հիշեցնում է, որ Հայաստանում «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացմանը Կրեմլը սուր է արձագանքել, ինչը դեռ չկա «Արծիվ գործընկեր-2025»-ի դեպքում։ Այսինքն, ըստ Բաքվի, Կրեմլը չի շտապում մեկնաբանել այն, միաժամանակ նկատելով, որ դժվար այս զորավարժությունները դուրս մնան ՌԴ իշխանությունների ուշադրությունից։ Այստեղ Ադրբեջանը մոռանում է, որ իրենք էլ դեռ սուր չեն արձագանքել զորավարժության անցկացման փաստին, ինչպես նախորդ տարի, բայց, որը չի բացառում, որ Բաքվից գնահատականներ և արձագանքներ չեն լինի։
Ադրբեջանական հոդվածագիրն այստեղ նկատում է, որ Մոսկվան մինչև վերջ կպայքարի Հայաստանի համար՝ ակնարկելով, որ հնարավոր է՝ «ռուսական հետք» գտնվի ՀՀ ներքաղաքական օրակարգում։
Իսկ Բաքուն չի դադարում դժգոհել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունից՝ դիտորդներին լրտեսական նպատակներ վերագրելով։
Ադրբեջանը չի հրաժարվել նաև հրադադարի ռեժիմը խախտելու քայլերից՝ որպես հոգեբանական ճնշման գործընթաց։
Մասնավորապես, օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Բաքուն արձագանքել է Երևանի կոչին՝ հերքելով ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկությունը՝ լուսանկարային փաստերով։
Իսկ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունն այլ բա՞ն էր սպասում Ադրբեջանից, որը նույնիսկ չընդունեց միջադեպերի հետաքննության երկկողմ մեխանիզմներ ստեղծելու Փաշինյանի առաջարկը, եթե անգամ դա ամբողջությամբ չէր բխելու ՀՀ շահերից, հաշվի առնելով բանակի նկատմամբ Փաշինյանի և Ալիևի որդեգրած քաղաքականությունը, առնվազն հրապարակային։