Ի՞նչ զարգացումներ կարող են ունենալ այլընտրանքային էներգիայի տեսակները Հայաստանում
DHD Contact ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Դինգչյանը բարձրագույն ինժեներական կրթությունը ստացել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում՝ ավտոմատացում և հեռուստակառավարում, ինչպես նաև հիդրոէներգետիկ համակարգերի ինժեներական փորձաքննություն մասնագիտություններով:
Ունի աշխատանքային հարուստ փորձ: 17 տարի եղել է Սյունիքի և Վայքի տարածաշրջանի կապի տեխնիկական համակարգերի գլխավոր ինժեներ, այնուհետև` նույն ընկերության գլխավոր տնօրեն, այնուհետև Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի գլխավոր տնօրեն: 2000-2008թ. աշխատել է ԱՄՆ Զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՊԱ խորհրդատվական ընկերությունում` որպես ալտերնատիվ էներգիայի, այդ թվում` նաև արևային էներգիային առնչվող նախագծերի մենեջեր և տեխնիկական փորձագետ: Նա հանդիսանում է նաև DHD Contact ընկերության գործադիր տնօրենը:
«168 Ժամը» զրուցել է փորձագետի հետ` Հայաստանում ալտերնատիվ էներգիայի հնարավոր կիրառությունների և զարգացման հեռանկարների մասին:
– Այլընտրանքային էներգիան ունի տարբեր ուղղություններ` հիդրոէներգետիկա, արևային էներգիա, հողմային էներգիա, բիոմասսայի էներգիա և այլն: Օրինակ` արտասահմանում կա նաև ծովի ալիքներից ստացվող էներգիա: Ի՞նչ զարգացումներ ունեն այլընտրանքային էներգիայի այս տեսակները Հայաստանում: Արդյոք այլընտրանքային էներգիայի այս տեսակները պատշաճ ձևով կներմուծվե՞ն Հայաստան, թե՞ ոչ:
– Հիդրոէլեկտրաէներգիայի առումով, հավանաբար, գիտեք, որ վերջին 15 տարիների ընթացքում հարևան երկրների համեմատ` Հայաստանը բավականին առաջատար դիրքերում է գտնվում: Այսօր Հայաստանում կան ավելի քան 140 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որտեղ բավականին մեծ հզորություններ են ստացվել, մեր հիդրոէլեկտրակայաններն արդեն 160-170 մեգավատտ տեղակայված հզորության են, որոնք տարեկան արտադրում են միջինում մինչև 400 մլն ԿՎտ ժամ էլեկտրաէներգիա: Փաստորեն, հիդրոէներգետիկայի մասով մենք բավականին հաջող գործունեություն ենք ծավալում և լավ ցուցանիշների ենք հասել:
Հողմային էներգետիկայի մասով Հայաստանում այսօր ընդամենը գործում է մեկ նախագիծ, որն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից` որպես նվիրատվություն Հայաստանին: Տվյալ կայանն այսօր գործում է բարձրավոլտ էլեկտրացանցերի ոլորտում`հանդիսանալով պետական կայան: Այլ նոր նախագիծ, ցավոք, չի իրականացվել, քանի որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դրված սակագնի մեծությունը չի բավարարում ներդրողներին, և այդ ամենը նրանց համար գրավիչ չի, որպեսզի այս ոլորտում Հայաստանում շահավետ նախագծեր իրականացնեն: Այժմ նմանատիպ մի քանի նախագծեր մեկնարկային փուլում են գտնվում, սակայն գործն այդպես էլ տեղից չի շարժվում:
– Ինչո՞ւ է այդպես:
– Նույն արևային էներգիայի ուղղությամբ ֆոտովոլտային նախագծերի իրականացման համար վերոնշյալ հանձնաժողովը պետք է սակագին որոշի, սակայն մինչ օրս այդ սակագինը դեռևս որոշված չէ: Այն սակագինը, որը շրջանառվում է նմանատիպ նախագծեր իրականացնելիս` արտասահմանում գրավիչ է ներդրողների համար, քանի որ այն բավականին բարձր է: Նույն տիպի բարձր սակագների կիրառումը Հայաստանում, մի կողմից` այս ոլորտը կարող է գրավիչ դարձնել ներդրողների համար, սակայն, մյուս կողմից` նմանատիպ բարձր սակագները հայաստանյան սոցիալ-տնտեսական իրավիճակում գուցե և միանշանակ չընդունվեն: Սակայն էներգահամակարգի դիվերսիֆիկացիայի իրավիճակից ելնելով` հանձնաժողովը պետք է լուծում տա այս խնդրին:
Մինչ Հայաստանում նման հարցերը դեռևս լուծում չեն գտնում, նույն Եվրամիության ծրագրերից մեկի համաձայն` մինչև 2020 թվականը Եվրոպայում ծախսվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը պետք է արտադրված լինի այլընտրանքային էներգիայի աղբյուրներից: Եթե Եվրոպան նման քայլի գնում է իր թույլ արևի առկայության պարագայում, ապա ինչո՞ւ հայերը չպետք է դա կիրառեն: Այսօր Հայաստանում իրականացվում են միայն արևային էներգիայով ջրի տաքացման պանելների տեղադրման փոքրիկ նախագծեր, այս բիզնեսն արդեն տարածված է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այն նոր-նոր է սկսվում՝ շնորհիվ մի քանի ընկերությունների, ի թիվս մեր ընկերության, որոնք ներկրում և տեղադրում են սարքեր, որոնք օգտագործվում են հիմնականում տաք ջրի մատակարարման, և, ինչո՞ւ չէ, նաև բնակարանների ջեռուցման համար:
– Նշեցիք, որ Եվրոպայում թեև արևը շատ ուժեղ չէ Հայաստանի համեմատ, սակայն արևային էներգիայի կիրառությանը մեծ կարևորություն են տալիս և այդ ուղղությամբ նախագծեր են իրականացնում: Հայաստանում այդ ամենը պատշաճ կերպով չի կիրառվում, որովհետև այդ ամենը չի՞ կարևորվում, ծախսե՞րն են մեծ, թե՞ այլ պատճառ կա:
– Հայաստանում, նախևառաջ, այդ սարքավորումները ներկրվում են դրսից, իսկ տվյալ դեպքում՝ ներկրվող սարքավորումների արժեքը բարձրանում է ներկրման մաքսային տուրքերի և տեղափոխման վրա կատարված ծախսերի պատճառով: Այս ամենը Հայաստանում, մի քանի տարի է, կիրառվում է, նախկինում իրականացվել են նման ծրագրեր, բայց այդ բոլորը կարգավորման դաշտից դուրս են, դրանք անհատական իրականացվող նախագծեր են, որոնք իրականացնում են ընկերությունները կամ անհատները, որոնք առանձնահատուկ կարևորություն չեն տալիս իրականացվող նախագծի շահավետությանը:
Սովորաբար շահավետ բիզնես է համարվում այն նախագիծը, որտեղ ներդրված կապիտալի վերադարձը չի գերազանցում 5-6 տարին, արևային տաք ջրի համար նախատեսված նախագծերում մեծ նախագծերի համար այն հասնում է մինչև 7-8 տարի, իսկ փոքր նախագծերի համար այն խիստ շահավետ է, և այդ պարագայում կապիտալի վերադարձի ժամկետը չի գերազանցում 2-3 տարին: Սակայն, եթե արևային պանելներն օգտագործվում են էլեկտրաէներգիայի արտադրության համար, այսպես կոչված, ֆոտովոլտայիկ, կապիտալի վերադարձն ապահովված է լինում 10-12 տարում, որը բիզնեսի տեսանկյունից այնքան էլ գրավիչ չէ:
Մեր ընկերությունը նախապատրաստվում է Հայաստանում 10 մեգավատտ հզորության արևային էներգիայի արտադրության նախագիծ իրականացնել: Սակայն սպասում ենք Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը. եթե հանձնաժողովն ընդունի գրավիչ սակագինը` մենք հնարավորություն կունենանք առաջ շարժվելու: Հուսանք՝ լավ կլինի: