«Առայժմ փոխզիջումային տարբերակ չկա»․ ինչպես են անցել 5 ժամ տևած Պուտինի բանակցությունները Ուիթկոֆի և Քուշների հետ Կրեմլում
Կրեմլում կայացել են Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ. նրանք ժամանել են Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիրը: Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ բանակցություններից «ամեն ինչ կախված է», իսկ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով՝ այժմ ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի հասցեին։ Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ գրում է bbc.com-ը։
Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ տևել է մոտ հինգ ժամ և ավարտվել Երևանի ժամանակով 01:30-ին: Այն սկսվել է Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ գրեթե երեք ժամ ուշ, քան հայտարարվել էր։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Պուտինի հետ հանդիպումից հետո Ուիթքոֆը մեկնել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենք:
Ռուսական կողմից, բացի Պուտինից, բանակցություններին մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը
Բանակցություններից հետո Դմիտրիևը X ցանցում հրապարակեց մեկ բառից բաղկացած գրառում. «Արդյունավետ»։
Հանդիպումից հետո Ուշակովը խոսեց բանակցությունների մասին՝ նշելով․
«Տարածքային հարցի շուրջ փոխզիջումային տարբերակ դեռ չի գտնվել, սակայն հնչել են ամերիկյան կողմի մշակումները»։
«Մենք ոչ հեռու ենք գնացել, ոչ էլ մոտ ենք ճգնաժամի կարգավորմանը»,-ասել է Ուշակովը։ «Մեծ աշխատանք կա անելու»։
Ուշակովի խոսքով՝ «ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան կողմի որոշ առաջարկներ Պուտինի քննադատությունն էին առաջացնում, սակայն շատերի հետ նա համաձայն էր»։
Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել շփումները, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը կախված է նրանց օգնականների և ԱԳՆ-ների աշխատանքից:
«Ռուսաստանը ծանոթացել Է Թրամփի 27 կետից բաղկացած ծրագրին, այնուհետև ստացվել է ևս 4 փաստաթուղթ, այդ ամենը քննարկվել է երեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ»: Ընդ որում, «խաղաղության պլանի կոնկրետ ձեւակերպումներ» չեն քննարկվել, խոսքն «էության» մասին է եղել։
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվել են չբացահայտել բանակցությունների մանրամասները։
Ուիթկոֆը Մոսկվա է ժամանել այս տարի արդեն 6-րդ անգամ։ Քուշներն առաջին անգամ է ուղեկցում Ուիթկոֆին։

