Բաժիններ՝

Արական սեռի ներկայացուցիչներին հայրենիք վերադարձնելու փոխարեն՝ ստիպում են փախչել երկրից

Արսեն Գասպարյանը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ նախագահն է: Այժմ Բեռլինի Ազատ համալսարանի ասպիրանտ է և բնակվում է Գերմանիայում: Մոտ 2 տարի իր գիտական աշխատանքի համար տարբեր ուսումնասիրություններ և այցեր կատարելուց հետո նա շուրջ 3 տարով մեկնել է Գերմանիա: Նրա հետ մեր զրույցը հաջողվեց կազմակերպել երեկոյան ժամերին, քանի որ այնտեղ օրը շատ հագեցած է, զբաղվածությունը շատ է: Ըստ մեր զրուցակցի՝ ի տարբերություն Հայաստանի, Գերմանիայում որակական չափանիշներն ավելի խիստ են դրված. լուրջ գիտական հոդվածներ և լուրջ արդյունքներ պետք է ունենաս պաշտպանությունդ իրականացնելու համար:

– Հավանաբար տեղյակ եք՝ ընդամենը օրեր առաջ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկ ներկայացրեց կառավարությանը՝ վերացնել պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերում սովորողների տարկետման իրավունքը` փոփոխություն կատարելով «Զինապարտության մասին» օրենքում:

– Այո, իրականում, երբ սկզբում կարդացի այդ որոշումն ու նախարարի հիմնավորումները, ինձ թվաց, որ այդ որոշումը նպատակ ունի և ազդելու է ոչ միայն ուսման նպատակով արտերկիր մեկնող երիտասարդների վրա, այլև Հայաստանում իրենց ասպիրանտական, մագիստրոսական գործունեությունն իրականացնող երիտասարդների վրա, սակայն հետաքրքիրն այն է, որ, օրինակ` արտերկիր մեկնելիս` պետք է անպայման ծառայած լինես, իսկ ՀՀ բուհերում ասպիրանտուրան շարունակելիս` կարող ես օգտվել տարկետման իրավունքից:

Կարծում եմ` ամեն դեպքում, տվյալ բուհը կլինի Հայաստանում թե արտերկրում, չարժե տարանջատել, քանի որ խոսքն այստեղ կրթության շարունակականության սկզբունքի մասին է: Ինչ վերաբերում է այդ առաջարկի մեջ նշված հիմնավորմանը, որի համաձայն` այդկերպ փորձում են երիտասարդներին պահել Հայաստանում, իրականում հակառակ արդյունքն է ունենալու, որովհետև այն երիտասարդները, ովքեր ցանկանում են գնալ, սովորել և վերադառնալ հայրենիք, հիմա ուղղակի փախչելու են Հայաստանից:

Կարդացեք նաև

Այստեղ խոսքն իսկապես խելացի և լավ երիտասարդների մասին է, որոնց թիվն այդքան էլ մեծ չէ, թող լինի, օրինակ, ընդամենը 100-200 հոգի: Ուսանողների այդ թիվը բանակի վրա, կարծում եմ, մեծ ազդեցություն չի ունենա, մինչդեռ մեր ամենալավ գիտական ներուժը, որն ավելի լավ և որակյալ կրթության է ձգտում, կգնա, ուղղակի կփախչի Հայաստանից:

Հետաքրքիրն այն է, որ նախարարը կամ նախարարությունը` մտածելու փոխարեն, թե ինչպես անել, ինչ ծրագրեր մշակել, որպեսզի այդ երիտասարդներին հետագայում բերեն Հայաստան, քայլեր են անում, որը հակառակ արդյունք է ունենալու: ՀՀ ԿԳ նախարարության կողմից ոչ մի ծրագիր չկա, որն այդ երիտասարդներին կբերի Հայաստան:

Պետք է այնպիսի մի ծրագրի մասին մտածեն, որը կխթանի, որպեսզի այս խելացի և սովորած երիտասարդները վերադառնան Հայաստան, և նրանք ստանան իրենց գիտելիքներին արժանի աշխատավարձ, իրենց գիտելիքներին արժանի պայմաններ` գիտահետազոտական աշխատանքի համար, և այլն: Դրա փոխարեն` մտածում և փորձում են սահմանափակել նման երիտասարդների նաև որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը:

Օրենքի այդ հոդվածը, կարծում եմ, ուղղակի նոնսենս է, և պարզապես չի աշխատի: Այդ որոշումը կարծես ավելի շատ միտված է, որպեսզի ինչ-որ նեղ շրջանակներին թույլատրվի դա, իսկ այլ շրջանակների՝ ոչ, որովհետև ըստ օրենքի` անհատական որոշումներով տարկետում կտրվի նվազագույնը 8.5 մլն դրամ գրավ դնելու պայմանով: Հասկանալի է, որ երիտասարդները կկարողանան Հայաստանում այդ գումարները վճարել: Այսինքն` ուղղակի արհեստականորեն սահմանափակվելու է երիտասարդ արական սեռի ներկայացուցիչների՝ արտերկրում սովորելու իրավունքը, և, փաստորեն, ընտրյալները միայն իրավունք կունենան ուսման այդ հնարավորությունից օգտվել: Ուզում եմ անպայման կրկնել. դա նոնսենս է: Օրինակ, ես այժմ սովորում եմ մի բուհում, որն իր վարկանիշով մտնում է աշխարհի առաջին 100 բուհերի ցանկում, Հայաստանից այդ վարկանշում ներառված է, օրինակ, Երևանի պետական համալսարանը, որի վարկանիշը, կարծեմ, 3600-ի կարգի է:

Սահմանափակել, որպեսզի երիտասարդը ստանա լավ կրթություն, կարծում եմ, սխալ է, քանի որ այդ նույն երիտասարդը դրսում ուսում ստանալով՝ կարող է գալ և բարելավել, օրինակ, նույն Երևանի պետական համալսարանի և այլ բուհերի թե՛ վարկանիշները և թե՛ գործունեությունն ընդհանրապես: Ես ունեմ ընկերներ, որոնք այժմ արտերկրում են և մեծ հաճույքով կգային Հայաստան, բայց գան Հայաստան` ի՞նչ անեն, որտե՞ղ աշխատեն, նրանք չունեն հնարավորություն, նախարարությունն այդ մեխանիզմները ստեղծելու մասին մտածելու փոխարեն` մտածում է` ինչպես արգելելգ

Եվ փոխարենը Կրթության և գիտության նախարարությունը հակադրող նախարարություն լինի և դեմ լինի Պաշտպանության նախարարության այդ որոշմանը, ինքն է առաջարկում նման նախագիծ, այս ամենի իմաստն ընդհանրապես չեմ հասկանումգ Չէ՞ որ նույն ՀՀ կրթության նախարարությունը համագործակցում է ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք կազմակերպությունների հետ, որոնք ուսման կրթաթոշակներ տրամադրող կազմակերպություններ են, իսկ հիմա, փաստորեն, ստացվում է, որ մենք, այսպես ասած, իրավունք չունենք այդ ամենից օգտվելու:

– Այսինքն` նախարարությունն ինքն իրեն հակասո՞ւմ է:

– Ստացվում է՝ նույն DAAD-ը կլինի՞, թե՞ մեկ ուրիշ կրթական ծրագրերի հաստատություն, և այդ տղաների ցանկը, որ ընդունվում են այդտեղ, չի հաստատվի կառավարության կողմից, նրանք ուղղակի կգնան բանակ: Այսինքն` սեփական նախաձեռնությամբ նման ծրագրերի դիմելն արդեն հարցականի տակ է դրվում: Ստացվում է, որ նմանատիպ կրթաթոշակների դիմելու համար պետք է փախչել երկրից, որպեսզի կարողանաս որակյալ կրթություն ստանալ: Կասեմ հետևյալը, սա երկրից փախչելուն դրդող որոշում է, այսինքն` երիտասարդների տեղաշարժը սահմանափակող այս ձևի փոխարեն` լավ կլինի` պայմաններ ստեղծեն, որպեսզի այդ երիտասարդները վերադառնան Հայաստան:

Մենք այժմ ունենք փայլուն երիտասարդներ, օրինակ` մեր կենսաբանության ոլորտում, որոնք, համոզված եմ, որ պատրաստ են հետ գալ, բայց ի՞նչ է պետությունն առաջարկում նրանց: Ասվում է, որ արական սեռի ներկայացուցիչներն ուսման նպատակով մեկնում են արտերկիր և հետ չեն վերադառնում: Միայն արտերկիր ուսման նպատակով արական սեռի ներկայացուցիչները չէ, որ մեկնում են Հայաստանից: Նրանք բազմաթիվ են:

Այդ դեպքում եկեք Հայաստանում գտնվող ասպիրատներին էլ տարկետման իրավունքից զրկենք, ի՞նչ տարբերություն: Հայաստանում էլ ասպիրանտուրայում ուսումը շարունակողները մեծամասամբ արական սեռի ներկայացուցիչներ են, ուրեմն կարելի է տարկետման իրավունքից օգտվել: Կարո՞ղ եք տարբերությունը բացատրել: Արդյունքում` արական սեռը Հայաստանը լքում է: Այդպիսով որակյալ կրթություն ստանալ ցանկացողները լքում են մեր երկիրը:

– Ձեր ապագան Հայաստանո՞ւմ եք տեսնում, թե՞ դրսում:

– Ես շատ մեծ ցանկությամբ կգայի Հայաստան, ես այստեղ ինձ չեմ տեսնում, ճիշտ է, գիտական գործունեության տեսանկյունից ամեն ինչ շատ լավ է, և պատկերացնում եմ ապագաս, սակայն իմ ապրելու ձևը, ապրելավայրն այստեղ այլ է, ես այստեղ այդ ամենից այնպիսի հաճույք, բավականություն չեմ ստանում, ինչպես Հայաստանում` իմ երկրում: Այստեղ ամեն ինչ ասես օտար է: Բայց եթե քո երկրում չունես նվազագույն պայմաններգ Խոսքը գիտնականներին ֆանտաստիկ գումարներով ապահովելու մասին չէ, ինչպես այստեղ է` Գերմանիայում, այլ նվազագույն, նորմալ պայմաններ ապահովելու մասին է` կրթության և գործունեության համար, որպեսզի, օրինակ, գիտնականը լաբորատորիա մտնելիս չմտածի՝ այսօր նյութը կամ գումարը որտեղի՞ց եմ գտնելու, և այլ հարցերի մասին:

Այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն, որպեսզի երիտասարդը Հայաստան հետ գալու ցանկություն ունենա: Եթե մարդը Հայաստան վերադառնա՝ թողնելով այստեղի իր բարձրակարգ աշխատանքը, և չկարողանա աշխատել, ո՞ւմ են պետք նրա գիտելիքները: Այն գիտելիքը, որն այստեղ տվյալ երիտասարդը ստանում է, այն պոտենցիալը, որը մերն է, մեր երկրինն է, մեր հարստությունն է՝ մենք չենք օգտագործում, գոնե տարեկան 100 երիտասարդի հետ բերեք Հայաստան, ստեղծեք նրանց համար պայմաններ:

Իրականում նրանք հիմնականում բարձրակարգ գիտնականներ են, կներեք, սակայն պետք է նշեմ, որ նրանք իրենց կարգով արդեն Հայաստանում ավելի բարձր են շատերից` բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորներից: Պարզապես պետք է նրանց համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ցանկանան հետ գալ, որովհետև նրանք մարդիկ են, որոնք կարող են Հայաստանում փոփոխություններ կատարել: Մենք շատերս Հայաստանում ասում ենք՝ ինչո՞ւ սա չի փոխվում, ինչո՞ւ նա չի փոխվում, ինչո՞ւ խորհրդային տարիների ավանդույթները չեն փոխվում, և այլն… գիտե՞ք՝ ինչու, որովհետև չկան նոր երիտասարդներ, չկան երիտասարդներ, որոնք կրում են այդ արժեքները, որոնք կրում են ավելի զարգացած գիտության արժեքները:

– ԲՈՀ-ի կանոնակարգում կատարված վերջին փոփոխությունների մասին հավանաբար տեղյակ եք` աստիճանաշնորհման կանոնակարգի խստացման վերաբերյալ: Դա դրական փոփոխությունների կբերի՞:

– Դա ոչ մի փոփոխության էլ չի բերի, որովհետև փոփոխություններ, որպես այդպիսին, այդտեղ չկան, իսկական որակական փոփոխությունների համար պետք են այլ քայլեր: Այդտեղ խոսքը որոշակի տեխնիկական փոփոխությունների մասին է: Մեր մի խումբ երիտասարդ գիտնականների կողմից առաջարկը, որը մասնավորապես վերաբերում է Scopus կամ Web of Knowledge շտեմարաններում առկա ամսագրերից որևէ մեկում ասպիրանտներից և դոկտորներից գոնե մեծ հոդված ունենալուն, կարող է միայն որակական փոփոխություններ բերել, քանի որ այդտեղ անորակ հոդվածներ չի կարելի տպագրել: Իսկ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում՝ ապշեցնող է, կոնվեերի նման հոդվածներ են տպագրում: Կարծում եմ՝ այս մի պայմանի իրագործման դեպքում մենք անորակ պաշտպանությունների քանակը և, ընդհանրապես, տպագրվող հոդվածների քանակը կտրուկ կնվազեցնենք:

– ԲՈՀ-ի նոր նախագահից դրական տեղաշարժերի ակնկալիքներ ունե՞ք:

– Եկեք գուշակություններով չզբաղվենք: Ինչպես նշել է ԲՈՀ-ի նախագահի տեղակալը, փոփոխությունները պատրաստվում են, և առաջին որոշումներն ընդունվում են, մենք մեր առաջարկություններն արել ենք, և անում ենք, և անելու ենք: Իհարկե, հասկանալի է, որ ցանկացած փոփոխություն հարվածելու է գիտնականների ինչ-որ խմբի, ովքեր արդեն սովոր են այս ճահճում «աշխատել», և նրանց ընդհանրապես չի հետաքրքրում ոչ մի փոփոխություն, ուստի նրանք փորձելու են հակազդել և այդ փոփոխություններին դեմ են լինելու:

Այդ ամենին դեմ են լինելու նաև նրանց «աճեցրած» երիտասարդները: Իրականում կա երիտասարդների մի խումբ, որն աճեցվել է այդ ճահճում մնացածների կողմից, և քանի որ նրանց կրթում են նույն գաղափարներով, ուստի նրանք ևս չեն կարող բաց լինել ինչ-որ դրական որակական փոփոխությունների համար: Այսպիսով, ստացվում է, որ տվյալ դեպքում ԲՈՀ-ը պետք է որոշակի մարդկանց դեմ գնա: Խոսքս կարծրացած գիտական խորհուրդների մասին է, որոնք, ցավոք, դարձել են հավաքատեղիներ, որտեղ ժամանակ առ ժամանակ հավաքվում են մի խումբ մարդիկ ու հետո գնում են տներով: Այդ ամենի մասին են վկայում նաև ԲՈՀ-ի կայքի թվերը, ըստ որի` անցյալ տարվա հուլիսից սկսած` վերադարձվել է 39 աշխատանք, այդ թվում` երեք դոկտորական ատենախոսություն:

Այս ամենը նշանակում է, որ գիտական խորհուրդներում մարդիկ նստում են և միմյանց հետ խոսում են` լսելու փոխարեն, իսկ հետո, փաստորեն, առանց աշխատանքին լավ ծանոթանալու՝ կողմ են քվեարկում: Այս ամենը նշանակում է, որ, եթե դու լավ հարաբերություններ ունես խորհրդի անդամների հետ, ապա ոչ ոք չի էլ նայի քո աշխատանքը: Աշխատանքը նայում են միայն այն դեպքում, երբ ուզում են, այսպես ասած, ինչ-որ մեկին վատություն անել ու փորձում են թերություններ փնտրել: Ես կոնկրետ առաջարկ ունեմ, որը կարելի է կիրառել նաև մեր հայաստանյան իրականությունում, այնպես, ինչպես, օրինակ, եվրոպական երկրներում է դա արվում, և դրա համար նոր հեծանիվ պետք չէ հորինել:

Իմ առաջարկը կոնկրետ գիտական խորհուրդների համար է: Գերմանիայում ԲՈՀ չկա, այդ ամենը տեղի է ունենում համալսարանի մակարդակով, ամեն գիտության ոլորտ ունի իր նեղ մասնագիտական ուղղվածությունները և տվյալ մասնագիտությամբ մասնագիտացման գիտնականների շտեմարանները, որոնք համապատասխանում են ընդունված չափանիշներին: Այդ շտեմարանները համակարգչում պահվում են, և որևէ պաշտպանության ժամանակ, պատահականության սկզբունքով, 2-3 հոգի է ընտրվում, ովքեր և տալիս են իրենց գնահատականը:

Այսինքն` չկան կարծրացած խորհուրդներ, պայմանավորվածություններ այդ մարդկանց հետ, որպեսզի ամեն ինչ լավ անցնի: Պաշտպանողը չի էլ իմանում, թե ով է լինելու իր աշխատանքը գնահատողը, իսկ գնահատողները կարող են տարբեր համալսարանների գիտնականներ լինել, ովքեր քո մասնագիտության ուղղությամբ կայացած գիտնականներ են, ունեն տպագրված հոդվածներ, գրքեր և հատուկ չափանիշների են համապատասխանում:

Շատ դրական է ԲՈՀ-ի նախաձեռնությունը փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ու լավ կլինի, որպեսզի իրականում այդ կառույցն ուժ գտնի դեմ գնալու շատերի կարծիքին և իրական դրական տեղաշարժեր կատարի, քանի որ, համոզված եմ, նման ռադիկալ փոփոխությունները բերելու են շատերի մահախոսական կարծիքին: Այն մարդկանց, ովքեր ունակ չեն ստեղծելու որակ: Ցանկացած փոփոխություն և որակ ինչ-որ անորակ մարդկանց շերտի դուրս է անում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս