«Միայն այն փաստը, որ ՌԴ քաղաքականության դեմ բողոքներ կան, մտահոգության տեղիք է տալիս»

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ (սկիզբը` այստեղ.)

– Պարոն Մարկեդոնով, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանության որոշումը` անդամակցել Մաքսային միությանը (ՄՄ), հետագայում` Եվրասիական տնտեսական միությանը:

– Երևի առաջին հերթին` փորձեմ բնութագրել ՄՄ-ն` որպես նախագիծ, որովհետև դրա շուրջ բազում խոսակցություններ և շահարկումներ կան, և ասում են, թե դա գործիք է` Խորհրդային Միության կամ Ռուսական կայսրության վերականգնման համար, և այլն: Դա, իհարկե, այդպես չէ, որովհետև ՄՄ-ն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, գաղափարական նախագիծ չէ: Բացի այդ` ՄՄ-ի վերջնական նպատակները դեռևս հստակ չեն: Խնդիրն այն է, որ տարբեր երկրները, որոնք մասնակցում են այդ նախագծին, բավական տարբեր շարժառիթներ և շահեր ունեն այդ միությունում: Դա դրսևորվեց, օրինակ, նախորդ տարվա վերջին` Հայաստանի անդամակցության վերաբերյալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դիրքորոշմամբ:

Նազարբաևն իր դիրքորոշումը բնորոշեց` «հատուկ կարծիք», բայց, այդուհանդերձ, դա արտահայտում է այն փաստը, որ նախկին խորհրդային պետություններից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունները, որոնք ամենևին չեն համընկնում միմյանց հետ: Ասենք, Բելառուսն ու Ղազախստանն այնքան էլ գոհ չեն, որ Մոսկվան առաջ է տանում իր որոշումները` առանց իրենց հետ առանձնակի խորհրդակցելու:

Կարդացեք նաև

Իմ գնահատմամբ` ՄՄ-ի գլխավոր նպատակը հենց սա է` հաղթահարել հետխորհրդային, ոչ այնքան պարզորոշ ինտեգրացիան, նկատի ունեմ ԱՊՀ-ն: Պուտինը բազմիցս ասել է, որ ԱՊՀ-ն բաժանվելու նախագիծ է. երբ ամուսնալուծվում եք, երջանիկ ընտանիք կազմելն այնքան էլ հեշտ չէ, այդպես չէ՞: Ուստի այստեղ խոսքը գնում է այն մասին, որ Մոսկվան կցանկանար ստեղծել, այսպես ասած, մինի-ԱՊՀ միություն, որտեղ տարաձայնություններն այդքան մեծ չէին լինի: Ասենք` այնտեղ կլինեին Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան:

Բայց այնքան էլ չի ստացվում, որովհետև տեսնում ենք, որ ամբողջովին հնարավոր չէ մեկ դրոշի ներքո համախմբել Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի շահերը:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության բուն որոշմանը, կարող եմ ասել, որ դրա համար մի քանի պատճառներ կային: Առաջինը` մակերեսային պատճառը` Ռուսաստանի ճնշումը, որի մասին բոլորն են խոսում. Մոսկվան ձգտում էր շահագրգռել Հայաստանին, բացատրել, որ այդ նախագիծն ավելի լավն է: Բայց պարզունակ կլինենք, եթե ասենք, թե միայն դա էր Հայաստանի իշխանության որոշման պատճառը: Կային նաև այլ պատճառներ: Դրանց թվում կնշեմ սիրիական ճգնաժամը, որովհետև սիրիական հարցում մեծ դերակատարություն ունի Թուրքիան, իսկ վերջինս պատրաստ էր ռազմական ներխուժման: Իսկ այդպիսի հարևանի կողմից (ԱՄՆ-ից հետո` ՆԱՏՕ-ում նա երկրորդ բանակն ունի) ռազմական միջամտությունը Հայաստանի համար վատ նախադեպ է:

Այսինքն` այսօր կմտներ Սիրիա, իսկ վաղը` ո՞վ իմանա: Եվ այստեղ կա, այսպես ասած, «background factors»-ը, այսինքն` այն, որ Թուրքիան ռազմավարական համագործակցություն է իրականացնում Ադրբեջանի հետ, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորված չեն: Իհարկե, միգուցե այսօր այս գործոնը պայթյունավտանգ չէ, բայց վաղը` ո՞վ գիտի: Եթե Թուրքիան մեծացնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, ինչպե՞ս դա կազդի Հայաստանի վրա:

Համաձա՞յն եք` սա առաջացնում է որոշ վախեր և զգուշավորություն: Մյուս կարևոր հանգամանքը եվրոպական նախագծի անորոշությունն է: Եվրոպան շատ էր խոսում եվրոպական որոշակի արժեքների, հրաշալի հեռանկարների մասին, բայց Եվրոպան, ըստ էության, չէր պատասխանում այն հարցերին, որոնք հետաքրքրում էին Հայաստանին: Ես նկատի ունեմ անվտանգության հարցը: Այսինքն` Ռուսաստանին կարելի է շատ բաների համար քննադատել, բայց Ռուսաստանն ապահովում է Հայաստանի անվտանգությունը, նկատի ունեմ և՛ Գյումրիում 102-րդ ռազմաբազան, և՛ Ռուսաստանի դերը ղարաբաղյան հարցում:

Եվրոպան այս հարցերի վերաբերյալ իր պատասխանները, կարելի է ասել, չի տվել, Եվրոպան խոսել է ավելի աբստրակտ բաների մասին: Հետևաբար, կարծում եմ` այս գործոնների հանրագումարն է ազդել Հայաստանի իշխանության որոշման վրա: Արդյո՞ք ՄՄ-ն ամբողջովին ձեռնտու է Հայաստանին, կարծում եմ` ոչ: Կրկին բազմաթիվ պատճառներ կան: Երևանն ընտրության այս իրավիճակում կցանկանար ավելի բազմազանեցված քաղաքականություն վարել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ:

Երկրորդը` ինչպես արդեն նշեցի, Հայաստանում իշխանության հանդեպ մեծ դժգոհություն կա, և այս համատեքստում ՄՄ մտնելն ընկալվում է` որպես արտաքին քաղաքականությունում իշխանության թուլությունը: Եվ ընդդիմությունն, իհարկե, օգտվում է դրանից: Եվ չի կարելի շրջանցել այն փաստը, որ Պուտինի դեկտեմբերյան այցի ժամանակ Երևանում որոշ բողոքի ակցիաներ եղան Ռուսաստանի քաղաքականության դեմ: Այո՛, այդ ակցիաները փոքր են, համեմատելի չեն Ուկրաինայի հանրահավաքների հետ, բայց, ամեն դեպքում, միայն այն փաստը, որ Ռուսաստանի քաղաքականության դեմ բողոքներ կան, մտահոգության տեղիք է տալիս:

– Իսկ այդ ակցիաների ուղերձը, Ձեր կարծիքով, հասա՞վ Կրեմլին:

– Դե եթե մի կողմ թողնենք փորձագիտական համայնքը և խոսենք պաշտոնական իշխանության մասին, ապա կարծում եմ, որ դրանք չեն ընկալվել որպես լուրջ մարտահրավեր, այսինքն` նրանք հաշվել են, որ Սարգսյանը հաղթել է նախորդ տարվա ընտրություններում, նրա դիրքերը բավական ուժեղ են, ընդդիմությունն էլ պառակտված է:

Ռուսաստանի հանդեպ քննադատությունը դեռևս բավական մարգինալ է, այսինքն` խոսքը հիմնականում գնում է միայն Երևանի մասին, երիտասարդությունն է, որը դեռևս չունի քաղաքական լուրջ ռեսուրսներ: Կարծում եմ` այդ ազդանշանը գնահատել են ավելի ստորին` երկրորդ, երրորդ օղակների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է ամենաբարձր իշխանությանը, ապա դժվար թե այնտեղ այդ փաստը լուրջ ընդունած լինեն:

Իմ կարծիքով` Ռուսաստանի ամենամեծ խնդիրը` ոչ միայն Հայաստանում, այլև ողջ հետխորհրդային տարածքում, այն է, որ նա սերտորեն աշխատում է իշխանությունների, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բայց գրեթե չի շփվում ընդդիմության, քաղաքացիական հանրության հետ: Սա չի նշանակում, որ վաղը Ռուսաստանը պետք է դադարեցնի, օրինակ, Սարգսյանի կամ Յանուկովիչի հետ շփումը և թեքվի դեպի ընդդիմություն, բայց գոնե կարելի է հանդիպել, կապեր պահպանել այդ մարդկանց հետ: Հակառակ դեպքում` տվյալ երկրում իշխանության հանդեպ դժգոհությունն ինքնըստինքյան կվերաճի Ռուսաստանի հանդեպ դժգոհության:

– Դուք նշեցիք, թե ՄՄ-ի նպատակը Խորհրդային Միության վերականգնումը չէ, այսինքն` քաղաքական նպատակներ չունի: Բայց չէ՞ որ հայտնի փաստ է` բոլոր քաղաքական մեծ միավորները, ինչպես, օրինակ, Եվրամիությունը, ի սկզբանե ստեղծվում են տնտեսական միության տեսքով:

– Ես չեմ ասում, թե ՄՄ-ն ընդհանրապես քաղաքական միության նշաններ չունի, ես նկատի ունեմ, որ դա Խորհրդային Միություն չէ: Որոշակի քաղաքական շահեր, իհարկե, կան, առանց քաղաքականության հնարավոր չէ:

– Եթե փորձենք գնահատել Ռուսաստանի ներկայիս իշխանության, Պուտինի հռետորաբանությունը վերջին շրջանում և այն արժեքները (ռուսական դարավոր մշակույթը, միապետական ժառանգությունը, Ռուսաստանի պատմական դերակատարության կարևորումը և այլն), որոնց մասին խոսում է ՌԴ նախագահը, և որոնց վրա բավական մեծ ուշադրություն է դարձնում պետական քարոզչությունը, կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը գնում է ոչ թե դեպի նոր ԽՍՀՄ, այլ ավելի շուտ` դեպի նոր Ռուսական կայսրություն, նոր ցարիզմ:

– Հասկանո՞ւմ եք, այսօր այնքան էլ տեղին չէ խոսել ինչ-որ միասնական, ամբողջական միության մասին, որովհետև դրա համար անհրաժեշտ է ընդհանուր առաջարկված նույնականություն, ընդհանրություն, ավելի լավ մշակված գաղափարական արժեքներ: Առայժմ տեսնում ենք Ռուսաստանի պրագմատիկ ձգտումը` իր շուրջը հավաքել այն երկրներին, որոնց հետաքրքրությունները մոտ են: Արդյո՞ք սրանից կառաջանա ինչ-որ ավելի մեծ բան, միգուցե, կտեսնենք, ժամանակ է պետք:

– Ձեր կարծիքով` Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կլինի իրակա՞ն, թե՞ ավելի շատ ձևական բնույթ կկրի:

– Անշուշտ, ճիշտ չի լինի, եթե ասենք, որ Հայաստանի անդամակցությունն ընդհանրապես իրական չի լինի: Իսկ ընդհանրապես չեմ կարծում, թե այն ինչ-որ սկզբունքային փոփոխություններ կբերի Հայաստանի համար: Եթե նայենք Հայաստանի տնտեսական վիճակին, ապա նախորդ տարում Հայաստանում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը, առանց ՄՄ-ի, Ռուսաստանն է կատարել: Սա մեծ ցուցանիշն է: Առանց ՄՄ-ի էլ ռազմաբազան կմնար Գյումրիում, Հայաստանը կլիներ ՀԱՊԿ-ի անդամ, և այլն: Այսինքն` ասել, թե Մաքսային միությունն ինչ-որ մի բան կտրուկ կփոխի, այնքան էլ ճիշտ չէ:

– Այսինքն` եթե Հայաստանը «ոչ» ասեր Մաքսային միությանը, դա չէ՞ր ազդի ՀԱՊԿ-ի անդամակցության, անվտանգության հարցերի վրա:

– Հարցը հետևյալն է. ասում էին` եթե Հայաստանը չդառնա ՄՄ-ի անդամ, Մոսկվան կվերանայի ինչ-որ հարցեր կամ խիստ սանկցիաներ կկիրառի: Բայց իրականում Մոսկվայի հնարավորություններն էլ ճնշում գործադրելու հարցում սահմանափակ են: Լավ, ասենք, Հայաստանին ցուցադրաբար հեռացրեցին ՀԱՊԿ-ից, հետո՞, ի՞նչ կտա դա: Ռուսաստանն այսօր դիվանագիտական հարաբերություններ չունի Վրաստանի հետ:

Ադրբեջանը, նա ի՞նչ է` հանուն Ռուսաստանի հետ բարեկամության անվավե՞ր կդարձնի դարի գործարքը, կխզի՞ էներգետիկ կապերն Արևմուտքի հետ, կամ կարո՞ղ է` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը սառեցվել Ռուսաստանի հետ բարեկամության համար: Այնքան էլ վստահ չեմ: Հետո, միգուցե Ադրբեջանը, պայմանականորեն ասած, «շնորհակալություն» ասեր Մոսկվային, եթե վերջինս վերանայեր Հայաստանի հետ հարաբերությունները, բայց որքանո՞վ արդարացված կլիներ այդ «շնորհակալությունը»` ռազմավարական, այլ ոչ թե միայն տակտիկական տեսանկյունից: Ես համոզված չեմ, որ Ադրբեջանի ամբողջական վերակողմնորոշումը դեպի Ռուսաստան հնարավոր է:

Տեսանյութեր

Լրահոս