Սերգեյ Մարկեդոնով. Հայաստանում իշխանափոխության դեպքում ռուսական վեկտորն արմատականորեն չի փոխվի
Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ
– Ձեր վերջին հարցազրույցում ասել եք, թե Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքին խնդիրներին, և կարծիք եք հայտնել, որ նախկին նախագահ Քոչարյանի վերջին ակտիվությունը համաձայնեցված չէ Կրեմլի հետ: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս տեսակետը:
– Կարծում եմ` հարցը, թե ով պետք է լինի Հայաստանի նախագահը կամ վարչապետը, առաջին հերթին` հայկական իշխանությունների և վերնախավի իրավասությունն է: Մոսկվան կարող է դեմ կամ կողմ լինել, բայց համոզված չեմ, որ Մոսկվայի կարծիքը կլինի վճռական գործոնը: Այն, որ Քոչարյանը հարմար, կանխատեսելի գործընկեր էր Ռուսաստանի համար, սկզբում` Ելցինի, հետո` Պուտինի, շատ հարցեր նույնիսկ անձնական կապերի միջոցով էին կազմակերպվում, ակնհայտ է, բայց Քոչարյանի նշանակումը, հասկանում եք, միանշանակ դրական չի ընդունվի: Այժմ Հայաստանում բավական բարդ իրավիճակ է, և ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Այդ պատճառով` միգուցեև Մոսկվան դեմ չլինի, բայց, վերջիվերջո, հարցն այն է, թե ինչպես դրան կվերաբերվի հայ ժողովուրդը, էլիտան, հակաէլիտան: Ինձ թվում է` Քոչարյանն այդ առումով լուրջ խնդիրներ ունի` ինչպես ժողովրդականություն վաստակել. չափազանց ոչ միանշանակ կերպար է, չեմ ասում` վատ, ասում եմ` ոչ միանշանակ: Եվ գործող իշխանություններն էլ կուզենան նրան երկրորդ պլան մղել, որովհետև իշխանությունը չի ուզում Քոչարյանի ստվերում լինել:
Չէ` որ Սարգսյանի ողջ առաջին ժամկետն այդ բարդույթն էր, ձգտումը ցույց տալու` «ես պարզապես Քոչարյանի նշանակածը չեմ, ես ինքնուրույն մարդ եմ»: Իսկ Քոչարյանը դեռևս ծեր չէ, գիտի, թե ինչ է քաղաքականությունը, կարողանում է քաղաքականապես պայքարել: Իսկ ընդդիմությունը դժվար թե նրան ների 2008 թվականի մարտի մեկը: Նույնիսկ, եթե Վաշինգտոնն ու Մոսկվան, ձայն ձայնի տված, ասեն` Քոչարյանը վարչապետի թիվ 1 թեկնածուն է, այնուամենայնիվ, Հայաստանն ունի ներքին լսարան, որին որևէ կերպ չի կարելի արհամարհել:
– Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ընդդիմության հնարավորություններն այսօր: Այժմ Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գրեթե ցանկացած սոցիալական բողոք ի վերջո վերածվում է քաղաքական ակցիայի:
– Գիտեք, նախևառաջ պետք է ասեմ, որ նախորդ տարի կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ դժգոհությունը բավական մեծ է: Դրա վկայությունն է Րաֆֆի Հովհաննիսյանի` ավելի քան 36 տոկոսանոց ցուցանիշը: Որքան հիշում եմ, այդ գործիչը նախկինում որևէ ընտրությանը 10 տոկոսից ավելի չէր հավաքել: Եվ պարզ է, որ դրա պատճառը նրա հանկարծահաս ժողովրդականությունը չէր, պարզապես այն մարդիկ, ովքեր դեմ էին իշխանությանը, սկսեցին փնտրել` ով է ամենահայտնին. «ահա Հովհաննիսյանը կարծես ամենահայտնին է, պատգամավոր է, հաճախ հեռուստացույցով է երևում, եկեք նրան ձայն տանք»: Իհարկե, հետո նա չկարողացավ օգտագործել իր ձայները և չկարողացավ ամրապնդել իր պոտենցիալն ավագանու ընտրություններում:
Բայց ինչ էլ լինի` միևնույն է, ահազանգ էր, 36 տոկոս, բնակչության մեկ-երրորդից ավելին: Եվ այստեղ ամենահետաքրքիրն է սկսվում, պատճառները տարբեր են` յուրաքանչյուրը դժգոհության իր պատճառն ունի: Մեկը կարծում է, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն է վատ, մեկի կարծիքով` գազի գներն են բարձր, մյուսը` կենսաթոշակային համակարգը լավը չի, մեկ ուրիշն էլ գտնում է, թե վարչապետին փոխելը բավարար կլինի, և այլն:
Բայց եթե խոսում ենք ընդդիմության մասին, ապա դժվար է ասել, թե այն համախմբված է: Այո՛, ՀԱԿ-ում այնքան էլ չեն սիրում «Ժառանգության» անդամներին, և` հակառակը, փոխադարձ է: «Ժառանգությունում» հատկապես Հովհաննիսյանի հաջողությունից հետո հավատացին, որ առաջատար կուսակցությունն են ընդդիմությունում, բայց ՀԱԿ-ը չի ուզում երկրորդը լինել: Եվ ես Տեր-Պետրոսյանին լուսանցքից դուրս չէի հանի: Այո՛, նա չմասնակցեց նախագահական ընտրություններին, բայց գրում է հոդվածներ, պարբերաբար ելույթ է ունենում, անընդհատ հրապարակային դաշտում է: Պարզ է, որ դաշնակցականները հիմա այն դիրքերում չեն, ինչ առաջ:
Չգիտեմ` կհամաձայնե՞ք, թե՞ ոչ, բայց դաշնակցականներն ինչ-որ առումով շատ նման են Ռուսաստանի կոմունիստներին. նրանք մշտապես հանդես են գալիս ավանդույթների պահապանների դերում: Ինչպես մեր կոմունիստները ոչ մի ընդհանուր բան չունեն Լենինի հետ, այնպես էլ դաշնակցականներն անցյալի դաշնակցականների հետ ոչ մի կապ չունեն:
Ինչ էլ լինի, դժգոհությունն իշխանության նկատմամբ կա, բայց չկա այն միասնական կենտրոնը, որն իր բռի մեջ կհավաքի իշխանությունների բոլոր հակառակորդներին: Միգուցե այդ ուժը կհայտնվի, ով գիտի:
Շատ բան կախված կլինի իշխանության պահվածքից: Հայաստանի իշխանությունը նախկինում բազմիցս կարողացել է ընդդիմությունից ( ինչպես ասեմ, որ կոռեկտ լինի) ոչ թե գողանալ, այլ ընդօրինակել կարգախոսներ: Հիշում եք` 2003 թ. ընտրություններից հետո Քոչարյանին Արևմուտքում Լուկաշենկո էին համարում, դրանից հետո նա հանդես եկավ սահմանադրական հանրաքվե անցկացնելու գաղափարով: Եվ Արևմուտքը դրանից հետո անմիջապես դադարեցրեց իր քննադատությունը, թե իբր Քոչարյանն արդեն դարձել է դեմոկրատ, դրական գործիչ և այլն: Նույնը` Սերժ Սարգսյանի պարագայում. վերջինս կարողացավ ինչ-որ չափով մեղմել իրավիճակը Մարտի մեկից հետո, ՀԱԿ-ին անցկացնել խորհրդարան:
Չի բացառվում, որ իշխանությունն ընդդիմությունից ինչ-որ մեկին կամ մի քանիսի, միգուցե ոչ առաջին դեմքերին, կհրավիրի իշխանություն, կադրային փոփոխություններ կանի, պաշտոնանկ կանի ժողովրդականություն չունեցող պաշտոնյաներին: Սա նույնպես կարող է հանգստացնել վիճակը, սակայն` կարճաժամկետ հեռանկարում:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության քաղաքականությունն արտաքին հարցերում: Կարելի է ասել` ընդդիմադիր ուժերի մեծ մասը` բացառությամբ մի քանի կուսակցությունների, որևէ հստակ դիրքորոշում չի հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ, այսինքն` դեմ հանդես չեն եկել և չեն հայտարարել, որ կողմ են: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված:
– Այնուամենայնիվ, Հայաստանը փոքր երկիր է, Ռուսաստան չէ, Միացյալ Նահանգներ չէ, Բրազիլիա չէ, և պետք է լավ հարաբերություններ ունենա տարբեր ուժային կենտրոնների հետ: Այդ պատճառով հայկական քաղաքական դասը չի ցանկանում խզել հարաբերությունները ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ: Այդպես է արել Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ նախագահ էր, մյուսները նույնպես նույն քաղաքականությունն են վարել:
Մաքսային միության հետ կապված իրավիճակի մասին` քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է: Ներկա իրադրությունում Սարգսյանն այդպես վարվեց. նա երբեք չի հայտարարել, թե Արևմուտքի հետ ընդհանրապես չի շփվելու: Ուստի, կարծում եմ, սա ամբողջովին հայկական քաղաքական վերնախավի ոճի մեջ է. խոսելով արտաքին քաղաքականությունից` կենտրոնանալ ոչ թե ինչ-որ արժեքի, գերարժեքի, որքան կոնկրետ շահերի, ավելի շուտ` տակտիկական նկատառումների վրա:
Պարզ է` երբ երկրի չորս սահմաններից երկուսը փակված են, լուծված չէ հակամարտությունը, և հարևանը մի պետություն է, որը բնակչությամբ երեք անգամ գերազանցում է քո երկրի բնակչությունը, այդ դեպքում ընտրության հնարավորությունները մեծ չեն: Սրանով է ամեն ինչ բացատրվում: Եվ, ի դեպ, այդ իմաստով ՀԱԿ-ն այնքան էլ նման չէ հետխորհրդային բազմաթիվ ընդդիմադիր ուժերի. ՀԱԿ-ը և Տեր-Պետրոսյանը բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել: Հայաստանը սրանով տարբերվում է մյուս հետխորհրդային պետություններից` նույն Ուկրաինայից, նույնիսկ Բելառուսից, որտեղ ընդդիմությունը խիստ կերպով է քննադատում Մոսկվային: Թեև պարադոքս է. Մոսկվայում շատերը Տեր-Պետրոսյանին համարում են, այսպես ասած, արևմտամետ, չնայած նրանք հավանաբար չեն կարդացել Տեր-Պետրոսյան և լավ չեն ճանաչում այդ քաղաքական գործչին: Իրականում նա ավելի բարդ կերպար է:
– Ի դեպ, Տեր-Պետրոսյանը նախորդ տարվա իր մի քանի ելույթներում ընդգծեց, թե «չպետք է հայհոյենք Ռուսաստանին և Պուտինին»: Ձեր կարծիքով` պարադոքսալ չէ՞ այն, որ Պուտինին չի կարելի հայհոյել, սակայն կարելի է հայհոյել Հայաստանի գործող իշխանությանը, որին հովանավորում է նույն Պուտինը:
– Հասկանում եք, մարդկանց դո՞ւր է գալիս այդ փաստը, թե՞ ոչ, այնուամենայնիվ, այսօր Ռուսաստանի նախագահը Պուտինն է, այսինքն` նա այն մարդն է, ով վարում է Ռուսաստանի քաղաքական կուրսը: Անձամբ ես բավական բարդ հարաբերություններ ունեմ նրա հետ, ես` Ռուսաստանի քաղաքացիս, նրան ձայն չեմ տվել, բայց արտաքին քաղաքականության հարցերում ես պատրաստ եմ նրան աջակցել, որովհետև նա ներկայացնում է իմ երկիրը: Եվ երբ Տեր-Պետրոսյանն ասում է` չպետք է հայհոյենք Պուտինին, խոսքն այն մասին է, որ Հայաստանը փոքր երկիր է, և եթե ընդդիմությունից ինչ-որ մեկը նրան «հիմար» անվանի, դրանից Հայաստանը ոչինչ չի շահի:
Իսկ Մոսկվայում Հայաստանի հանդեպ բացասական վերաբերմունք ստեղծելը հեշտ է: Ի՞նչ շահեց Սահակաշվիլին, ով ամեն քայլին վիրավորում էր Պուտինին, ի՞նչ ստացվեց: Հարցն այն չէ, թե ինչպես ես վիրավորում կամ գովում ինչ-որ մեկին, այլ այն է, թե որքանով են կառուցողական քո հարաբերությունները: Կարծում եմ` այս դեպքում Տեր-Պետրոսյանը միանգամայն ճիշտ է: Ըստ իս` նա բազում վերապահումներ ունի և՛ Պուտինի, և՛ ընդհանրապես ռուսական քաղաքականության վերաբերյալ, բայց ներկա իրադրությունում հասկանում է Ռուսաստանի կարևորությունը` որպես Հայաստանի դաշնակից:
– Եվս մի հետաքրքիր նրբերանգ. Տեր-Պետրոսյանը քննադատում է Եվրոպային` Սերժ Սարգսյանին աջակցելու համար, բայց չի տալիս Ռուսաստանի անունը:
– Իսկապես, շատ հետաքրքիր հարց շոշափեցիք, որովհետև եվրոպական իշխանությունները նույնպես աջակցում են Սարգսյանին: Ընդդիմությունն ասում է` ահա, Պուտինը կոծկեց Մարտի մեկը, աջակցեց Սարգսյանին և բոլոր անօրինությունները, բայց չի կարելի ասել, թե Եվրոպան ու ԱՄՆ-ը առանձնակի քննադատել են Հայաստանի ներկայիս իշխանությանը: Այսինքն` քննադատում են մի թեթև, ինչ-որ սահմանների մեջ, բայց ոչ առաջին դեմքերին: Սա նույնպես բխում է քաղաքական իրականությունից՝ այսօր Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն է:
Եվ եթե Հայաստանի ժողովուրդը դրան դեմ էգ հայ ժողովուրդ ասելով` նկատի չունեմ պարզապես ինչ-որ Արմենակ քեռիի, ով խանութում է նստում, կամ տիկին Հրանուշին, ով փողոցներն է մաքրում, ես նկատի ունեմ այդ բառի լայն իմաստը, բիզնես շրջանակները, տարբեր էլիտաները, ընդդիմությունը: Եթե նրանք չեն կարողանում այլընտրանքային ծրագիր մշակել և ընտրել այնպիսի առաջնորդի, ում ետևից բոլորը կգնան, դա Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի խնդիրը չէ: Նույն խնդիրը Ռուսաստանում է. ընդդիմությունը չի սիրում Պուտինին: Հրաշալի է, առաջարկեք ինչ-որ մեկին, մի հետաքրքիր տարբերակ, և կտեսնենք:
– Եթե հայ հասարակության դժգոհությունն իսկապես վերաճի մի հզոր ալիքի, ընդվզման, ինչպես, օրինակ, Մայդանի հրապարակում է, ո՞ւմ կողմից կլինի Ռուսաստանի իշխանությունը:
– Կարծում եմ` Ռուսաստանի իշխանությունը, այնուամենայնիվ, որոշակի փորձ ունի, ուստի, իհա՛րկե կպաշտպանի իշխանությանը` մինչ այն պահը, քանի դեռ հնարավոր է: Բայց եթե պարզ դառնա, որ իշխանությունն արդեն կործանվում է, և արդեն ոչինչ հնարավոր չէ անել, այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, կփոխի կողմնորոշումը և կանցնի նոր առաջնորդի կողմը: Հարցն այն է, որ պետք է խնդիրները տարբերակել միմյանցից. մի խնդիր է` ներքին բողոքն իշխանության դեմ, և մեկ այլ խնդիր` գիտակցումը, թե ինչպես Ռուսաստանի հետ կառուցել հարաբերություններ:
Ես Հայաստանում ունեմ շատ ընկերներ, ովքեր տանել չեն կարողանում Սարգսյանին և Քոչարյանին, բայց միաժամանակ գտնում են, որ Ռուսաստանի հետ պետք է պահպանել բարեկամությունը: Հետևաբար, կարծում եմ, որ Հայաստանում իշխանափոխության դեպքում ռուսական վեկտորն արմատականորեն չի փոխվի: Օրինակ` Տեր-Պետրոսյանը լավ հարաբերություններ չունի Քոչարյանի հետ, Սարգսյանի և Քոչարյանի հարաբերություններն էլ, կարելի է ասել, բարդ են, բայց, այդուհանդերձ, երեք նախագահներն էլ իրենց նավը վարել են Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ:
– Ի դեպ, նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ավելի շատ արևմտամետ գործիչ են համարում, իշխանության դեմ երկարատև հանրահավաքներից ու ցույցերից հետո` վերջում ասաց, թե գնում է Մոսկվա` «հայ ժողովրդի հաղթանակը Պուտինից բերելու»:
– Կարող եք ինձ քննադատել կամ համաձայնել, բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը դառնա Հայաստանի նախագահ, նրա առաջին այցերից մեկը, եթե ոչ առաջինը, կլինի Մոսկվան: Նա կասի` «այո՛, մեր հարաբերություններում շատ բարդություններ կային, եկեք դրանք բարելավենք, մեղավորը ոչ թե Ռուսաստանն է, այլ մեր ղեկավարները, ովքեր լավ չեն կառուցել հարաբերությունները, իսկ ես գիտեմ` ինչպես լավացնել հարաբերությունները», և այլն: Այսպիսի հռետորաբանություն կլինի: