Ռուսաստանը ներկայումս շրջադարձային պահ է ապրում իր զարգացման հարցում. փորձագետներ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավոսում Համաշխարհային տնտեսական հերթական ֆորումը բացած տնտեսագետները սցենարներ են մշակել Ռուսաստանի տնտեսության զարգացման համար: Դրա համար նրանք հարցում են անցկացրել 350 ռուս գործարարի ու տնտեսագետի շրջանում:
Ներկայիս տեսքով Ռուսաստանի համար գոյություն չունի դրական սցենար: Նրա համար միանման վատ է և՛ նավթի գնի անկումը, և՛ դրա աճը: Երկու դեպքում էլ Ռուսաստանը հայտնվելու է ճգնաժամում: Առաջին դեպքում դա կլինի ավելի արագ, իսկ երկրորդ դեպքում համակարգը կփլուզվի ավելի դանդաղ:
Ռուսաստանի համար լավագույն սցենարը առանձին շրջանների բուռն զարգացումն է՝ չնայած կենտրոնի խնդիրներին: Նրանց մի մասը, հոգնելով դաշնային իշխանությունների անգործությունից, սկսելու է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի ու ներդրումային միջավայրի բարելավման սեփական առանձին ծրագրեր:
Տնտեսական աճն առաջ կտանեն տեղի կենտրոնները, որոնք կներգրավեն օտար ներդրումներ: Սակայն դա հղի է երկիրը երկու մասի՝ բարգավաճող և դեպրեսիվ շրջանների տարանջատելու վտանգով:
Փլուզումը կարող է կանխել միայն դաշնային իշխանությունների «խելքի գալը», որոնք կփոխառեն ամենահաջող շրջանների փորձը և կիրականացնեն ողջ երկրի համար բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականություն:
Ռուսաստանը ներկայումս շրջադարձային պահ է ապրում իր զարգացման հարցում: Ռուսաստանի տնտեսության տնտեսական մոդելի կայունությունը կասկածներ է առաջացնում: Ռուսաստանն այլևս չի կարող հենվել արտահանման աճի, ինչպես նաև կենտրոնացված քաղաքական ու տնտեսական համակարգի վրա:
2000-ական թվականներին Ռուսաստանի տնտեսական հաջողությունների հիմքում ընկած են եղել նավթի գնի էական աճը և 2000-ական թվականների սկզբին իրականացված տնտեսական բարեփոխումները:
Ճգնաժամի ժամանակ ՀՆԱ-ի 8 տոկոսանոց անկումն ապացուցեց, որ Ռուսաստանի տնտեսությունը չափազանց շատ է կախված համաշխարհային տնտեսությունում տիրող իրավիճակից: Դա հատկապես վերաբերվում է նավթի ու գազի արտահանումից Ռուսաստանի ունեցած կախվածությանը:
Ռուսաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 67-րդ տեղը: Այդ հարաբերականորեն բարձր ցուցանիշը ձեռք է բերվել հավասարակշռված բյուջեի շնորհիվ: Ինստիտուտների որակի ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցնում է միայն 133-րդ տեղը, իսկ նորարարական պոտենցիալով՝ 85-րդ տեղը:
Ֆինանսական, ապրանքային շուկաները և աշխատաշուկան շարունակում են մնալ ոչ բավականաչափ արդյունավետ: Ռուսաստանը նաև տառապում է նոր տեխնոլոգիաներին հարմարվելու անընդունակությունից: Հումքային բումի պատճառով Ռուսաստանում աստիճանաբար գրանցվեց տնտեսության մյուս ճյուղերի ու ինստիտուտների անկում:
Բյուջեն կախվածություն ձեռք բերեց նավթի գնից. մեկ բարելի գինը, որով հավասարակշռվում էր բյուջեն, 34 դոլարից աճել է մինչև 117 դոլարի: Առաջիկա տարիներին Ռուսաստանը հարկադրված կլինի բախվել էներգետիկ շուկայում կատարելապես նոր իրավիճակի:
Մինչև 2020 թվականն ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին ու Սաուդյան Արաբիային գերազանցել որպես նավթի համաշխարհային խոշորագույն արտադրող: Գոյություն ունի հավանականություն, որ ամերիկյան «թերթաքարային հեղափոխությունը» տարածվելու է նաև մյուս երկրների, առաջին հերթին Չինաստանի ու Եվրոպայի վրա: Ամեն դեպքում նվազելու են նավթի գները:
Գազի շուկայում վտանգ են ներկայացնում նաև նոր խաղացողները, ինչպիսին որ Իրանն է: Ռուսասանը կարող էր շահել OPEC-ի նման կազմակերպության ստեղծումից, սակայն՝ գազի շուկայում: Նա կկարողանար գլխավորել այդ կազմակերպությունը:
Ռուսաստանը տառապում է ինստիտուտների ցածր արդյունավետությունից: Երկրում բիզնես վարելը բարդ է վարչական ծանրաբեռնվածության պատճառով: Ընդ որում, պետական աշխատողների հաստիքն ընդլայնվում է, իսկ պետական սեկտորի աշխատավարձերը՝ աճում:
Եվս մեկ խնդիր է կարգավորման անկանխատեսելիությունը: Ընկերություններն ու բիզնեսը պարզապես տեղյակ չեն, թե ինչպես կփոխվի կարգավորումը և ինչպես կկիրառվի նրա ընթացիկ տարբերակը: Դա լավ հիմք է դառնում կոռուպցիայի համար:
Ռուսաստանն աշխարհի ամենակոռումպացված խոշորագույն տնտեսություններից մեկն է: Կոռուպցիան դարձել է Ռուսաստանում հարստությունների բաշխման համակարգի կարևոր մասը: Շատերն անգամ վստահ են, որ դա անհրաժեշտ վատ բան է: