Ռուսաստանցի քաղաքագետը` սահմանային միջադեպերի մասին. «Լարվածությունը պահպանելը երկու կողմին էլ ձեռնտու է»
Բաքվում տրամադրված չեն մոտակա հեռանկարում պատերազմական գործողություններ սկսելուն: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մոսկվայի պետական համալսարանի Ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևը` խոսելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական ուժերի իրականացրած վերջին դիվերսիոն գործողության մասին:
«Այդպիսի միջադեպերը պարբերաբար են տեղի ունենում, իսկապես կա այդպիսի օրինաչափություն, որ բարձրագույն մակարդակով ինչ-որ հանդման նախօրեին շփման գծում իրավիճակը սրվում է: Եվ այդ միջադեպերն իհարկե մեծացնում են կողմերի միջև լարվածությունը»,- ասաց Կարավաևը:
Հիշեցնենք, որ հայկական հենակետի վրա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել էր ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմից ևս կան զոհեր:
Սակայն Ա. Կարավաևը միաժամանակ ավելացրեց, թե, այնուամենայնիվ, քաղաքական հետևություններ չի ուզում անել այս միջադեպից, քանի որ, ըստ նրա, եթե այդ միջադեպերը նույնիսկ չլինեին, դժվար թե դա դրանից հեշտանար հիմնախնդրի լուծումը: Ռուս վերլուծաբանը կարծիք հայտնեց, թե դիտորդի համար դժվար է ասել` արդյոք դիտավորություն կա՞ կողմերից մեկի, տվյալ դեպքում` ադրբեջանական կողմի գործողություններում
«Հարցն այն է, թե արդյո՞ք այդ քայլի նպատակը ինֆորմացիոն ֆոնի վրա ազդելն է: Հնարավոր կլիներ այդպես ասել, եթե այդ քայլն արդյունավետ լիներ` տեղեկատվական դաշտի վրա ազդելու առումով: Ճիշտն ասած` ես չեմ տեսնում այդ արդյունավետությունը: Իհարկե, եթե ռազմական բախումներ ընդհանրապես չլինեին, պատկերը որոշակիորեն կփոխվեր, բայց այդ միջադեպերն արդեն շուրջ 20 տարվա պատմություն ունեն, պատերազմն ավարտվել է 1994 թվականին, և այդ ժամանակվանից լինում են նման ընդհարումներ երկու կողմից էլ»,- ասաց նա:
«Այս իրավիճակից երկու կողմերն էլ կարող են օգուտներ ստանալ. ասենք` ղարաբաղյան կողմը կարող է անընհատ հակառակորդին պահել լարվածության մեջ` ցույց տալով, որ պաշտպանության ողջ գիծը վերահսկողության տակ է: Նույնը կարելի է ասել ադրբեջանական կողմի մասին, որը նման միջադեպերով ցույց է տալիս, թե իրենց ոգին ամուր է, և իրենք պոտենցիալ հնարավորություն ունեն ավելի ուժեղ հարված հասցնելու: Ուստի դժվար է հստակ ասել, թե ում օգտին է այս իրավիճակը, որովհետև սրանք իսկապես փոխադարձաբար շահավետ բաներ են: Զուտ ռազմական տակտիկայի տեսանկյունից` լարվածությունը պահպանելը երկու կողմին էլ ձեռնտու է»,- կարծիք հայտնեց Ա. Կարավաեվը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է սա ձեռնտու հայկական կողմի համար, նա պատասխանեց, թե տարածաշրջանի և´ տնտեսական, և´ քաղաքական կյանքը վերջին 20 տարիներին կառուցվում է հենց զինված հակամարտության վրա:
«Սա մի վիճակ է, որից ոչ ոք չի կարող փախչել, սա մի միջավայր է, որում սովորել են գործել և´ քաղաքական, և´ տնտեսական սուբյեկտները: Սա ինչ-որ առումով օբյեկտիվ երևույթ է»,- ասաց քաղաքագետը:
Մենք նաև հետաքրքրվեցինք` արդյոք ճի՞շտ է համարում հայկական կողմի դիրքորոշումը` նման իրավիճակում շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ: Այս մասին էլ Կարավաևն ասաց. «Կարծում եմ` քանի դեռ չկա պատերազմ, և չկան այնպիսի նախադեպեր, որոնք ավելի կսրեն իրավիճակը, իհարկե արժի շարունակել բանակցությունները: Առավելևս, որքան հասկանում եմ Բաքվի քաղաքական տրամադրություններից, նրանք տրամադրված չեն հարցը մոտակա ժամանակում ռազմական մեթոդներով լուծելուն: Իհարկե, կա ռազմական քարոզչություն, տրամադրություն, որն ազդում է, այսպես ասած, ռազմաշունչ ոգու ուժեղացման վրա, բայց օլիմպիական խաղերից նախաշեմին պատերազմական գործողություններ սկսելը բանականությունից դուրս կլիներ»:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այսօր Փարիզում հանդիպելու է իր ադրբեջանցի գործնկերոջ հետ, հունվարի 23-ին կայացած ասուլիսում հարցի վերաբերյալ մասնավորապես նշել էր. «Նման սադրանքներն ուղղված են նաև լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելուն, խանգարելուն բանակցային գործընթացին: Նաև, որովհետև, եթե այլ նպատակներ էլ ունեն ադրբեջանցիները… Բայց պետք է շարունակել բանակցային գործընթացը, այլընտրանք չկա: Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք: Ադրբեջանն է, որ ձևացնում է, թե եռանախագահներն ուրիշ կարծիք ունեն…»: