Ե՞րբ է ՀՀ-ն հարաբերություններ հաստատելու Սողոմոնյան կղզիների հետ
«ՄՄ անդամակցության ՀՀ որոշումը հասարակությունից գաղտնի չի պահվել: Այն ժամանակ, երբ այդ որոշումները հասունացան, և հասունացան այն մակարդակի, որ այդպիսի անդամակցությունը հնարավոր դարձավ և կարելի էր համապատասխան գործընթաց սկսել, արվեց համապատասխան հայտարարություն` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից: Դա չէր նշանակում դեռ անդամակցություն: Դա նշանակում էր, որ Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ ինքը որոշում է ընդունել` գնալ Մաքսային միություն»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան այն մեղադրանքների, թե նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ի որոշումը կայացրել է մեկ գիշերվա ընթացքում:
Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել ՄՄ անդամակցության ցանկության մասին, և հորդորեց կարդալ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցները, որտեղ Ս. Սարգսյանն, ի պատասխան այն հարցի, թե Հայաստանը ցանկանո՞ւմ է լինել Մաքսային միության անդամ, մի քանի անգամ դրական պատասխան է տվել: Ինչ վերաբերում է աշխատանքային գործընթացին` փաստաթղթերի մշակմանը և այլն, ապա Է. Նալբանդյանը նշեց, թե դրանց գաղտնիությունը բնական է:
«Բանակցային գործընթացը եթե արվի մամուլի միջոցով, ապա բանակցություններն ընդհանրապես չեն ընթանա: Բանակցությունները պետք չեն գա` թերթերով կհայտարարենք` մեր դիրքորոշումը սա է, մյուսինը` նա էգ Բանակցությունների կարգն է այդպես. բոլոր երկրները բանակցում են այդ ձևով»,- ասաց նա:
Է. Նալբանդյանն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական շփման գծում շարունակվող հրադադարի խախտման դեպքերին` այն համատեքստում, որ շուտով հանդիպելու են ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ապա` երկու պետությունների նախագահները. «Նման սադրանքներն ուղղված են նաև լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելուն, խանգարելուն բանակցային գործընթացին: Նաև, որովհետև, եթե այլ նպատակներ էլ ունեն ադրբեջանցիներըգ Եռանախագահներից մեկը, եթե դուք նկատեցինք, Թվիթերում բավական հստակ գրեց, որ նման միջադեպերը, սադրանքները խանգարելու են բանակցային գործընթացին: Բայց պետք է շարունակել բանակցային գործընթացը, այլընտրանք չկա: Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք. Ադրբեջանն է, որ ձևացնում է, թե եռանախագահներն ուրիշ կարծիք ունեն…
Հինգ հայտարարություն է ընդունվել, բայց Ադրբեջանը ձևացնում է, թե դա իրեն չի վերաբերում: Դա միջազգային միակ կոնֆլիկտն է, որի վերաբերյալ հինգ հայտարարություն է ընդունվում նման մակարդակի, այն էլ` շատ մանրամասն ներկայացնելով սկզբունքներ, տարրեր: Ադրբեջանն ինչ-որ ոտքից գլխի վրա է դնում միջազգային հանրության մոտեցումները, և իրենք իրենց իլյուզիաներ են ստեղծում, իրենց հասարակության համար իլյուզիաներ են ստեղծում, որ իբրև թե մի ուրիշ բան կա, որ իրենց իբրև թե աջակցում են»:
Նալբանդյանը հայտարարեց նաև, որ իր և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպման ժամանակ հիշատակվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Ավելին նախարարը չփոխանցեց` ասելով. «Այսքանը կարող եմ ասել»: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում մինչ այսօր չի փոխել:
«Նա (նկատի ունի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին.- Տ.Մ.) եկել էր ու կրկնում էր այն, ինչ ասել էր ինձ 3-4 տարի առաջ, ինչի պատճառով կասեցվեց գործընթացը: Եվ ես իրեն ասեցի` ես 4 տարի առաջ ասել եմ քեզ նույնը, և դու հիմա վերադարձել ես ու կրկնում ես դա` ձևացնելով, որ ուզում ես ևս 3-4 տարի կամ ավելի կորցնել: Մենք կսպասենք, երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինքն այցելում է չլսված, աշխարհագրորեն հեռու պետություններ, դիվանագիտական կապեր հաստատում նման երկրների հետ, Էդվարդ Նալբանդյանն ասաց, թե ինքը ծանոթ է այդ մեղադրանքներին:
«Ես լսել եմ այն կարծիքները, թե պետք չէ գնալ մի երկիր, որովհետև դա հանկարծ կարող է հրահրել ինչ-որ երրորդ երկրի»: Նա նշեց, թե ինքը քննադատություններին ուշադրությամբ ու հարգանքով է վերաբերվում, թեև դրանք ոչ միշտ են իրավացի լինում: «Մի կողմից` քննադատում են, որ մեկուսացման մեջ ենք, հետո էլ ասում են, որ ընդհանրապես պետք չէ գնալ այլ երկրներ, պետք չէ դեսպանություններ բացել: Մի բան պարզ է` դիվանագիտությունն իրականացվում է այցելությունների, բանակցությունների, հանդիպումների, պայմանագրերի, միջազգային կառույցների հետ հարաբերությամբ, և այլն:
Այդ քննադատությունների մեջ հակասություն կա: Մեկ լսում էինք, որ քննադատում էին, թե ինչ-որ մի երկրի հետ վատացել են հարաբերությունները, հետո մի ժամանակ անց աղմուկ են բարձրացնում, որ չափազանց սերտացել են այդ նույն երկրի հետ հարաբերությունները»,- ասաց նախարարը: Նա հորդորեց աշխարհին չնայել ասեղի անցքից` նշելով. «Ասում են, թե ինչ-ինչ երկիր, ոչ կարևորգ սա անհեթեթ մոտեցում է: Պետք չէ աշխարհին նայել ասեղի անցքից: Սա է: Քննադատություններին ուշադրությամբ եմ վերաբերվում, բայց այն քննադատությունները, որոնց մասին հիշատակեցիք, իրար հակասող էին, իրարամերժ, տրամաբանությունից հեռու»:
Հարցին, թե արդյոք ճիշտ չէ՞ Պանամա, Պերու, Կուբա և նման այլ «էկզոտիկ» պետություններ այցելելու փոխարեն` աշխատանքներ վարել` Ժնևյան բանակցություններում ընդգրկվելու համար, որտեղ քննարկվելու է Սիրիայի հարցը, նախարարը նախ պատասխանեց, որ «Ժնև-2»-ը գործընթաց է, և, ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանն` ակնկալիքներ ունի, որ այդ գործընթացը շարունակություն կունենա, կբերի հարցերի լուծման, կարգավորման, ապա անդրադառնալով Լատինաամերիկյան երկրներին, Նալբանդյանը խորհուրդ տվեց նայել, թե այդ երեք երկրներում ինչ է ընդունվել ԼՂՀ-ի վերաբերյալ:
«Մի հատ նայեք ու այդ ժամանակ կգաք` մենք իրար հետ կխոսենք: Բաներ կան, որոնց հրապարակային պատասխանելը ճիշտ չէ, որովհետև ես հանրային ինչ-որ գործիչ չեմ, այսօր մամլո ասուլիս է, ժուռնալիստական ազատ հավաք չէ, և արտգործնախարարի ասածը պաշտոնական դիրքորոշում է: Այն երկրները, որտեղ մենք գնացել ենք, կարևորագույն երկրներ են, և մենք մտադիր ենք Լատինաամերիկյան երկրների հետ ավելի ակտիվացնել մեր հարաբերությունները, ընդլայնել աշխարհագրությունը, այցելել այն երկրներ, որտեղ մենք դեռ չենք եղել»: Ըստ նրա` չկա աշխարհում կարևոր և ոչ կարևոր երկիր, ուստի խոսակցությունները` կարևոր և ոչ կարևոր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, Նալբանդյանի համար ոչ կոռեկտ են և անընդունելի: «Դուք երևակայեք, որ մեր նկատմամբ մեկը նման բան ասիգ Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն կլինի»,- եզրափակեց նա:
Հետաքրքիր է` արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ասենք, Սողոմոնյան կղզիների հետ և այս հարցում էլ գերազանցել Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես դա եղավ հայ-բութանական հարաբերությունների պարագայում (ՄԱԿ-ի անդամ պետություններից ՌԴ-ն դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Սոլոմոնյան կղզիների և Բութանի թագավորության հետ, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության և Բութանի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 27.09.2012-ին):
Անձամբ Նալբանդյանից մեզ չհաջողվեց ստանալ վերոգրյալ հարցի պատասխանը, քանի որ վերջինիս մամուլի խոսնակը` Տիգրան Բալայանը, հայտարարեց, թե ասուլիսի համար նախատեսված ժամանակը սպառվել է, իսկ հարցերի քանակը սահմանափակ է: Երբ լրագրողները փորձեցին ընդդիմանալ` ասելով, թե Բալայանը խախտել է կարգը և հարց տալու իրավունքը չի տվել հերթագրված լրագրողներին, վերջինս հորդորեց չխանգարել ասուլիսի ընթացքին և լռել:
Մեզ հետաքրքիր էր նաև, թե ինչպե՞ս է պատրաստվում Է. Նալբանդյանն աշխատել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ, նրա նոր` Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում, երբ ՀՅԴ-ն, այդ թվում` Վահան Հովհաննիսյանը, պահանջում էին իր` Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, ընդդիմանալով հայ-թուրքական արձանագրություններին:
«168 ԺԱՄ»