ԿԲ-ն հերքում է, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորում
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խմբից Սպարտակ Պետրոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչներից մեկի՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի բաժնետերերից մեկը՝ «C-Quadrat Investment AG»-ը գրանցված է օֆշորային գոտում։
«Հարգելի հայրենակիցներ, ներկայացնում եմ չինովնիկների կողմից ընտրված ֆոնդի ռեյտինգը, որն ի դեպ օֆշորային է: Զարմանալի է, որ օֆշորային ընկերությունները մի դեպքում (երբ մաքսազերծում է կատարվում) վստահություն չունեն պետական մարմինների մոտ և նրանց կողմից տրված փաստաթղթերը հիմք չեն կարող համարվել գործարքի մեթոդով (ներկրողին հարմար) մաքսազերծում կատարելու համար, իսկ մյուս դեպքում (երբ ամբողջ ազգի գումարն է վստահվում նրանց) համարվում են շատ վստահելի: Ինչու՞մն է հարցը, ինչու՞ են կիրառվում երկակի ստանդարտներ»,- գրել էր Ս. Պետրոսյանը՝ ներկայացնելով նաև այս լուսանկարը (սկզբնաղբյուրը՝ այստեղ):
Անդրադառնալով այս հարցին՝ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց.
«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորում: Ընկերություններից մեկը գրանցված է Ֆրանսիայում մյուսի հիմնադիրներից մեկը՝ Գերմանիայում, մյուս՝ Ավստրիայում: Խոսքը եղել է կառավարիչներից մեկի ֆոնդի մասին, որը գրանցված է Լյուքսեմբուրգում: Բայց Լյուքսեմբուրգը «օֆշոր» բառախաղի զոհ է դարձել, որը նշանակում է «տեղից դուրս» և ոչ թե վատ իմաստով: Լյուքսեմբուրգը համապատասխանում է բոլոր չափանիշներին, ԵՄ չափանիշներին, և Լյուքսեմբուրգում գրանցված որևէ ֆոնդ ոչ թե խնդիր ունի թափանցիկության, այլ հարկային դաշտը այնտեղ ձեռնտու է, ինչպես բարենպաստ է նաև Հայաստանում»:
Մեր դիտարկմանը, որ ֆոնդի մասին երեք տարվա կտրվածքով տեղեկությունը N/A է (ոչ հասանելի), Ա.Գրիգորյանը պատասխանեց, որ խոսքը Arts ֆոնդի մասին է, որը գրանցված է օֆշորում, ընդ որում՝ գրանցված է միայն ֆոնդը, և ոչ թե ընկերությունը, իսկ ընկերությունը բազմաթիվ ֆոնդեր ունի գրանցված բազմաթիվ երկրներում: