Բաժիններ՝

Ինչ օգուտ կարող էին տալ կազմաքանդվող տեղական գանձապետարանները

Գաղտնիք  չէ, որ Հայաստանի Հանրապետությունում միջին և փոքր գյուղական համայնքների զգալի մասը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում` ունենալով քանդված ենթակառուցվածքներ, փակված կիսաքանդ մշակույթի տներ , ակումբներ, փողոցային լուսավորության համակարգեր, մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհային տնտեսություն: Իհարկե, տեղական հարկերի հավաքագրման առումով մարզպետարանների և տեղական ինքնակառավարման նախարարության ցուցանիշները ցնցող են 90-110%։ Հարց է ծագում՝ ի՞նչն է գյուղերում տիրող անմխիթար վիճակի պատճառը՝ եկամուտների լիակատար հավաքագրման, պետական դոտացիաների ժամանակին ստացման պարագայում:

Մնում է պատճառը որոնել ֆինանսական անկարգապահության  մեջ՝ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ համայնքային բյուջեների թալանի մեջ: Երկու տարբերակներն էլ, իհարկե, առկա են:

Քննարկենք առաջին տարբերակը: Համայնքի ղեկավար-ավագանի փոխհամաձայնեցված աշխատանքի արդյունքում ավագանին վերածվում է համայնքի ղեկավարի քայլերը լեգալիզացնող  մի օղակի՝  իր չնչին մասնաբաժնով: Համայնքային բյուջեի կառուցվածքում ապարատի պահպանման ծախսերի տեսակարար կշիռը (8-15 միլիոն դրամ սեփական եկամուտ ապահովող համայնքների գերակշիռ մասում) կազմում է  50-60%, իսկ սոցիալական նպաստներին ուղղվող գումարները, որոնք հատկացվում են համայնքի ղեկավարի որոշմամբ՝15-25%: Պատկերացնենք, թե մնացած եկամուտների հաշվին ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնի համայնքի ղեկավարը, որ իրավիճակը շտկի:

Այս տարվա հունիս ամսից, ըստ ընդունված օրենսդրական փոփոխությունների, բարձրացվելու է ԱԺ պատգամավորի աշխատավարձը: Համայնքի ղեկավարի աշխատավարձի  չափը սահմանվում է պատգամավորի աշխատավարձի  60-80% չափով`կախված համայնքում բնակչության թվաքանակից: Ըստ այդմ, համայնքի ղեկավարի աշխատավարձը կարող է սահմանվել ամսական 370000-490000 ՀՀ դրամ: Այսինքն՝ առանց որևէ խախտման համայնքի ղեկավարը ուղղակի հնարավորություն է ստանում գրպանել համայնքային  բյուջեի 40-50%-ը՝ տարվա կտրվածքով: Բարեփոխում կոչվածը առկա հնարավորությունների ռացիոնալ օգտագործումն է՝ ի նպաստ հանրային շահի: Վաղուց ժամանակն էր, որ ՏԻՄ և բյուջետային համակարգի մասին օրենքներում փոփոխություն կատարելով՝  սահմանվեին ծախսերի առավելագույն  չափաքանակներ. վարչական ապարատների պահպանման գծով բյուջեի եկամտային մասի մինչև 30%՝ գյուղական համայնքների և  20%՝ քաղաքային համայնքների համար, սոցիալական նպաստների տրամադրման ուղղությամբ՝ մինչև  10%: Նման բյուջետային պլանավորման, ֆինանսական կարգապահության կիրառման արդյունքում կարելի է ակնկալել տեսանելի արդյունք, իսկ այս ամենի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվեր տեղական գանձապետական բաժինների միջոցով: Մինչդեռ ՀՀ Ֆինանսների նախարարությունը` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող մարմինը, այսօր ինքնաոչնչացման է ենթարկվում` դեստրուկտուրիզացիայի ենթարկելով կենտրոնական գանձապետարանի տեղական գանձապետական բաժինները (նախարարի կարծիքով` ֆունկցիոնալ առումով անելիք չունենալու պատճառաբանությամբ): Ի վերջո, ինչպե՞ս է մտադիր նախարարությունը ֆինանսական ոլորտում կարգավորում իրականացնել՝  կտրված լինելով  համայնքներից  ստացվող առաջնային ազդակներից, հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա զուտ վիրտուալ եղանակով , ապահովելով տնտեսության վիրտուալ աճ: Ներդրվող էլեկտրոնային փոխանցումների համակարգը, ի տարբերություն գործող լոկալ համակարգի, իրականացվում է ինտերնետային կապի օգնությամբ, իսկ նման դրամական փոխանցումների տարբերակը ամբողջ աշխարհում  համարվում է ամենավտանգավոր, անապահով, ռիսկային  տարբերակ: Շրջապատված լինելով թշնամաբար տրամադրվածի հարևաններով՝ կարելի է ենթադրել միայն, թե ինչ ռիսկի ենք ենթարկում մեր իսկ երկրի քիչ թե շատ կայացած ֆինանսական անվտանգությունը՝ կազմաքանդելով գանձապետական  համակարգը:

Լևոն Ներսիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս