«Այն, որ «Ժառանգությունը» հակառուսական ուժ չէ, կարող եմ ասել վստահաբար». Ստյոպա Սաֆարյան

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, 168.am-ի հետ հարցազրույցում խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի, քաղաքական ուժերի և ղեկավարների մասին, կարծիք էր հայտնել, թե ՀՀ երեք նախագահներն էլ, այդուհանդերձ, «իրենց նավը վարել են Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ», իսկ իշխանափոխության դեպքում Հայաստանի ռուսական վեկտորն արմատապես չի փոխվի:

Նա անդրադարձել էր նաև նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին` նշելով. «Կարող եք ինձ քննադատել կամ համաձայնել, բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը դառնա Հայաստանի նախագահ, նրա այցերից մեկը, եթե ոչ՝ առաջինը, կլինի Մոսկվան»:

«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում չհամաձայնեց Մարկեդոնովի այս տեսակետի հետ:

«Այն, որ «Ժառանգությունը» հակառուսական ուժ չէ, կարող եմ ասել վստահաբար` որպես այդ ուժի ներկայացուցիչ: Բայց այն, որ Ռուսաստանի գերակայության կողմնակից ուժ է կամ Հայաստանի ապագան Եվրասիական տարածության մեջ տեսնող ուժ է, ապա նման բան չկա: Այլ բան է, որ «Ժառանգությունը» բազմիցս նշել է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն բարեկամական, իրավահավասար, հորիզոնական, բայց թե ինչու կամ ինչի հիման վրա է Սերգեյ Մարկեդոնովն այս ամենից զատ՝ տալիս նման գնահատականներ, ճիշտն ասած, չեմ ուզում քննարկել»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Նա ավելացրեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորելը կամ դրանք զարգացնելու պատրաստակամությունն ամենևին չի նշանակում՝ Ռուսաստանից կախյալ լինելն ընդունել:

«Միգուցե կան քաղաքական ուժեր, այդ թվում՝ ընդդիմության մեջ, որոնց համար հայ-ռուսական հարաբերություններն, այսպես ասած, գերառաջնային են, բայց արտաքին քաղաքական կողմնորոշումներում «Ժառանգության» համար առաջնայինն, անշուշտ, եվրոպական ինտեգրացիան է»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Մեր հարցին, թե, ի վերջո, ի՞նչ եզրակացության է եկել Ս. Սաֆարյանը, ինչո՞վ էր պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի հայտարարությունը՝ «Մոսկվայից հաղթանակը բերելու մասին», նա պատասխանեց. «Կարծում եմ` դա Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մեկնաբանի»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա մեկնեց 2013 թ. ապրիլի 11-ին` ապրիլի 9-ի հայտնի դեպքերից 2 օր անց: Համաձայն չլինելով Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ դիտարկումներին՝ Ստյոպա Սաֆարյանը միաժամանակ համաձայնեց Սերգեյ Մարկեդոնովի մեկ այլ մտքի հետ` «ամբողջովին հայկական քաղաքական վերնախավի ոճի մեջ է. խոսելով արտաքին քաղաքականությունից` կենտրոնանալ ոչ թե ինչ-որ արժեքի, գերարժեքի, այլ կոնկրետ շահերի վրա»:

«Ցավոք սրտի, ոչ միայն նպատակն է գերկարևորվում, այլև, ներողություն, նույնիսկ մաքիավելիզմն է արդարացվում` այդ նպատակին հասնելու առումով: Ես կտրականապես դեմ եմ դրան և ինձ համարում եմ քաղաքական իդեալիզմի հոսանքի ներկայացուցիչ: Որքան նպատակների օրինավորությունն է ինձ համար կարևոր, նույնքան` դրան հասնելու ձևերը: Եվ ինձ համար քաղաքականությունը պետք է խարսխված լինի արժեքային հիմքի վրա. շահերը կարող են հաշվի առնվել, բայց շահերը չպետք է ճնշեն արժեքներին: Եվ, այո´, ճիշտ է` հայաստանյան քաղաքական ուժերը, բազմիցս մտնելով պրագմատիզմի դաշտ, իրականում մխրճվել են ճահճի մեջ, որովհետև այդ առումով իշխանությունից ավելի պրագմատիկ չեն կարող լինել»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս