Աղքատության դեմ պայքարի «արդյունքում» 2014թ-ին կենսաթոշակառուների 70%-ը լինելու է աղքատ
2014 թ. պետբյուջեով կենսաթոշակների բարձրացման համար նախատեսվել է շուրջ 34 միլիարդ դրամ և այդ գումարների բաշխումը ուղղվեց այն խմբերին, որոնց կենսաթոշակների չափերը ցածր էին: Ինչպես այսօր ասուլիսում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, 2013 թ. տվյալներով՝ ծայրահեղ աղքատության շեմից՝ 21,380 դրամ, ցածր կենսաթոշակ ստանում էր 68 հազար անձ, իսկ կենսաթոշակների բարձրացման արդյունքում՝ 12,800 (կանխատեսումային ցուցանիշ է): Աղքատության ստորին շեմից ցածր՝ 30,547 դրամ, 230 հազար անձ էր ստանում կենսաթոշակ, 2014-ին կլինի 138,300: Աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստանում էր 330 հազար անձ, իսկ թիրախային բարձրացման արդյունքում կլինի՝ 292,400:
«Այսինքն՝ այն 3 շեմերը, որոնք աղքատություն են բնութագրում երկրում, այդտեղ ուղղելով հիմնական միջոցները, փոխելով հաշվարկման կարգը, մենք ունեցանք արդյունքներ, որ այսօր ներկայացնում ենք և դա թույլ տվեց 2014 թ. հունվարից շուրջ 5 անգամ կրճատել ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թիվը, աղքատության ստորին շեմից ցածրը կրճատել 40 %-ով, իսկ աղքատության վերին շեմից բարձր կենսաթոշակ ստացողների թիվը՝ 12%-ով»,- ասաց Ա.Ասատրյանը:
Դիտարկմանը, որ 2014-ին կենսաթոշակառուների 70%-ը լինելու է աղքատ, նախարարը պատասխանեց. «Դուք մյուս կողմը հաշվեցիք տվյալների: Ես ներկայացնում եմ դրականը, Դուք՝ բացասականը, դա էլ է ձևաչափ: Որպես կանոն՝ նվազագույն կենսաթոշակ ստացող քաղաքացիները, եթե միայնակ թոշակառու են, մինչև 23 հզ. դրամ ստացողները դիմելու դեպքում ընգրկվում են անապահովության գնահատման համակարգում և ստանում են աղքատության ընտանեկան նպաստ և միայն կենսաթոշակի չափով չի կարելի գնահատել ու պատկերացում տալ»: