Ընդդիմադիրները չգիտեն՝ վիճարկելո՞ւ են գազային պայմանագրերը, թե՞ ոչ
2013 թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովում կայացավ արտահերթ նիստ, որի օրակարգում դրված էր 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:
Ինչպես հայտնի է, ոչ իշխանական չորս խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, այդուհանդերձ, խորհրդարանի իշխանական մեծամասնությունը կարողացավ ապահովել քվորում և ձայների 72 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ վավերացնել համաձայնագիրը: Ոչ իշխանական ուժերն էլ վիճարկեցին քվեարկության օրինականությունը` համատեղ հայտարարության մեջ պնդելով, որ քվեարկության պահին ԱԺ հաշվիչ հանձնաժողովի մեծամասնությունը ներկա չի եղել դահլիճում և չի արձանագրել քվեարկությունը, հետևաբար` այն չի վավերացվել:
Իսկ մի քանի օր անց` դեկտեմբերի 26-ին, ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները` Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թևան Պողոսյանը («Ժառանգություն»), գումարեցին հանձնաժողովի արտահերթ նիստ և նախագահ ընտրեցին Լյուդմիլա Սարգսյանին: Հաշվիչ հանձնաժողովի նիստում նաև միաձայն ընդունվեց որոշում, ըստ որի` «դեկտեմբերի 23-ին ոչ էլեկտրոնային եղանակով ԱԺ արտահերթ նիստի ընթացքում տեղի ունեցած բաց քվեարկության ժամանակ ձայների հաշվարկ տեղի չի ունեցել, հետևաբար` քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի կողմից ԱԺ նախագահին ներկայացված քվեարկության արդյունքը վավեր չէ»:
Չնայած այս հանգամանքին` ՀՀ կառավարությունը նախորդ հինգշաբթի` հունվարի 16-ին կայացած նիստում, հավանություն տվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրին, իսկ հաջորդ օրը, ըստ Ռուսական գազային կոնցեռնի տեղեկատվությունների վարչության հաղորդագրության, «Գազպրոմ» ընկերությունը ստորագրեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի 20% բաժնեմասը գնելու մասին պայմանագիրը, իսկ «ՀայՌուսգազարդը», վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»:
Փորձեցինք նշված ուժերի ներկայացուցիչներից պարզել, թե ի՞նչ քայլեր են պատրաստվում անել համաձայնագրի վավերացումը չեղյալ դարձնելու կամ դրա անօրինականությունը հաստատելու ուղղությամբ: Սակայն միանգամից նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը չտվեց հստակ պատասխան: Մասնավորապես, կոնկրետ պատասխան չտվեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նշեց, թե չի հասկանում մեր հարցը: Լևոն Զուրաբյանը համոզմունք հայտնեց, թե սույն համաձայնագիրը չի հաստատվել և դեռևս պետք է վավերացվի ԱԺ-ում:
«Ձեր հարցը ես չեմ հասկանում, բայց գազի այս խնդրի շուրջ մենք 4 ուժերով բանակցություններ ենք վարում, բանակցություններն ընթացքի մեջ են»,- մեզ հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը:
Իսկ ՀԱԿ-ի մեկ այլ պատգամավոր` Լյուդմիլա Սարգսյանը, մեզ հետ զրույցում ասաց, թե համաձայնագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու մասով խմբակցություններում աշխատանքն ընթանում է, սակայն առաջիկայում հայտնի կդառնա, թե երբ կավարտվեն այդ աշխատանքները, և ինչ որոշում կկայացվի: «Հանձնաժողովն արել է այն, ինչ պարտավոր էր անել: Հիմա խնդիրն արդեն խմբակցությունների որոշման մեջ է, թե ինչպես և ինչ նպատակներով են այդ փաստն օգտագործելու»,- նշեց նա:
Ճշտմանը, թե ե՞րբ են նշված ուժերը դիմելու Սահմանադրական դատարան, տիկին Սարգսյանը պատասխանեց` առայժմ հստակ չէ, քանի որ խմբակցությունների միջև բանակցություններ են ընթանում: Իսկ հարցին` հնարավո՞ր է, որ ոչ բոլոր ուժերն են համաձայն Սահմանադրական դատարան դիմելուն, նա պատասխանեց, թե խնդիրն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք լուրջ քննության առարկա են, և ինքն առայժմ ոչինչ չի կարող ասել:
Մենք նաև հետաքրքրվեցինք` եթե ԱԺ Հաշվիչ հանձնաժողովն անվավեր է ճանաչել դեկտեմբերի 23-ի քվեարկությունը, այդ դեպքում ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը վավերացրել սույն համաձայնագիրը:
Սրան ի պատասխան` Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Եթե մենք նորմալ երկրում ապրելիս լինեինք, Հաշվիչ հանձնաժողովի կողմից անվավեր ճանաչելն արդեն առիթ կհանդիսանար, որ Ազգային ժողովը նորից համաձայնագիրը բերի և փորձի հասնել մեծամասնության վավերացմանը: Բայց քանի որ մենք ապրում ենք ապօրինի իշխանության գոյության ներքո, ապա այդ հարցը մնացել է առկախված: Իշխանությունը, հաշվի չառնելով ո՛չ դրա նպատակահարմարությունը, ո՛չ ժողովրդի, ո՛չ ԱԺ չորս խմբակցությունների կարծիքը, առաջնորդվում է տղայական սկզբունքով. ասել եմ` պիտի արվի: Իրենք արդեն կայացրել են որոշումը և պարտադրում են մեզ բոլորիս` կաշկանդված լինելով Ռուսաստանի հետ իրենց վասալային հարաբերություններով, խոստումներով և այդ խոստումներից հետ կանգնելու ունակության բացակայությամբ»:
Սահմանադրական դատարան դիմելու և համաձայնագրի կասեցման ուղղությամբ հետագա գործողությունների մասին հստակ պատասխան չուներ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, թե անելիքների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը կհայտնեն միայն խորհրդակցությունից հետո: Իսկ խմբակցությունների միջև բանակցությունների մասին նա նշեց, թե քննարկվում են անելիքները, որոշումը կասեցնելու և խնդրի դեմ պայքարելու գործողությունների ձևաչափը:
«Այս պահին կասեմ հետևյալը. մեր երկիրը, փաստորեն, պարադոքսների երկիր է, և ահա հերթական պարադոքսն է` աննախադեպ ապօրինի օրենքի տեսքով»,- ավելացրեց Ուրիխանյանը:
Նմանատիպ պատասխան տվեց նաև «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը` նշելով, թե ՍԴ դիմելու հարցն առաջիկայում է քննարկվելու:
Իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունից պատասխան ստանալ չհաջողվեց: