Բաժիններ՝

Ծրագրավորողներն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը (տեսանյութ)

Այսօր` հունվարի 18-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաև մի խումբ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ծրագրավորողներ: 168.am-ի հետ զրույցում ծրագրավորող Ռուբեն Դիլանյանն ասաց, թե նոր օրենքն անմիջական հարված է հասցնելու Հայաստանի ՏՏ-ի մրցունակության վրա, որովհետև ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն աշխատում է հիմնականում «աութսորսինգի» մոդելով, այսինքն` ծրագրեր են գրում դրսի ընկերությունների համար: «Այս առումով Հայաստանն ուրիշ երկրների հետ համեմատած՝ ավելի էժան ծառայություններ էր առաջարկում, սակայն նման օրենքի ընդունման արդյունքում՝ ամեն ինչ թանկանում է, իսկ դա անմիջականորեն կարող է ազդել ՏՏ ոլորտի մրցունակության վրա»,- ասաց Ռ. Դիլանյանը:

Ինժեներ Նարեկ Ղազարյանի խոսքով` նոր օրենքն անդրադառնալու է ոչ միայն ՏՏ  ոլորտի մասնագետների, այլև բոլորի վրա, բայց ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին, ապա, նրա խոսքով` հիմնականում ՏՏ ոլորտում հավաքված են արդար/մաքուր աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն թաքցնում այն գումարը, ինչն իրականում ստանում են՝ որպես աշխատավարձ:

«Հիմնականում, նոր օրենքի հետ կապված՝ թքած են ունենում այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ունենում ստվերում աշխատելու, իսկ ՏՏ-ն չի մտնում այդ ոլորտների մեջ»,- ասաց Ն. Ղազարյանը:

168.am-ի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ նոր օրենքի գործարկումից հետո ՏՏ ոլորտի մասնագետները գնան Հայաստանից, կամ այդ ոլորտի ընկերություններից մի քանիսը  փակվեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Խաչատրյանը պատասխանեց. «Գնալու վիրուսը լավ մեր մեջ մտած է արդեն, չեմ կարծում, որ այս օրենքն ավելի կավելացնի կամ կպակասեցնի այդ գնացողների թիվը, որովհետև Հայաստանից գնալու տեմպերն այն քանակի են, որ արդեն մնացողների մոտ էլ լուրջ դեպրեսիա է առաջացնում, որովհետև ընկերները, բարեկամները թողնում-գնում  են»: Նա նշեց, որ Հայաստանում մնալու համար առաջին հերթին՝ մարդկանց վստահություն է պետք ձեռք բերել, իսկ վստահություն կարելի է ձեռք բերել այնպիսի օրենքներով, որոնք ցույց կտան, որ մոտակա 3-4 տարում մարդիկ կկարողանան իրենց գլուխը պահել և ոչ միայն՝ պահել, այլև զարգանալ: Մինչդեռ, ըստ նրա՝  նման քանակի գումարների դուրսբերումը, մանավանդ՝ Հայաստանի նման փոքր երկրի համար, ուղղակի ոչ մի հաշվարկի մեջ չի մտնում:

Կարդացեք նաև

«Ոնց գումարում, հանում ես, տրամաբանական չի ստացվում, համենայնդեպս, եթե ինչ-որ մեկի համար էլ դա տրամաբանական է ստացվում, ապա այդ ինչ-որ մեկը Հայաստանի սովորական քաղաքացի չի»,- ասաց Հ. Խաչատրյանը:

«Ինտերնետ հանրություն» հ/կ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով` ծրագրավորողների համար այդքան դժվար չէ, որովհետև շատ ծրագրավորողներ հենց այստեղ` Հայաստանում, չեն աշխատում, այստեղ նստած ծրագիր են գրում արտասահմանյան ընկերությունների համար, և իրենց աշխատավարձերը ստանում են քարտերի վրա:

Իսկ թե ինչպե՞ս նոր օրենքը կանդրադառնա տեղական ընկերություններում աշխատող ծրագրավորողների վրա` մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս