Հայաստանի անունը փոխելու Արմեն Աշոտյանի առաջարկից զարմացած են. tert.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել էր, թե առաջարկում է Հայաստանի անունն անվանափոխել՝ այն դարձնելով Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Tert.am-ի հետ զրույցում այս առաջարկն անհասկանալի են համարել գիտնականներն ու պատմաբանները:
«Մենք պետք է կշռադատենք. վերանվանելով այսօր մենք հայտ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի նկատմա՞մբ: Այսինքն՝ այդ քայլը պետք է ունենա տրամաբանական շարունակություն»,- ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով Արմեն Աշոտյանի առաջարկը որակեց որպես հայրենասիրական պոռթկում, որը հետագա գործողությունների առումով անհասկանալի է՝ հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ:
«Հիմա տեսեք՝ մենք մի կողմից էդ խայտառակ հայ-թուրքական արձանագրությունները, որ սառեցրել ենք, ինչը նշանակում է, որ դրանք դեռ ուժի մեջ են, գործողության, որովհետև սառեցումը դեռ չի նշանակում օրակարգից հանել, մյուս կողմից էլ հավակնություններ ենք հանդես բերում Արևմտյան Հայաստանի նկատմամբ, որը շատ մեր սրտով է, չափից ավելի: Բայց ուզում եմ հարցնել՝ էդ երկու քաղաքական գործելակերպը ո՞նց ենք իրար համադրում։ Արձանագրություններից դեռ պաշտոնապես չենք հրաժարվել, այսինքն՝ այսօր եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց, ինչպես մենք խոստացել ենք, մեխանիկորեն մենք էլ պետք է վավերացնենք, և այս պայմաններում մենք խոսում ենք Հայաստանը Արևելյան Հայաստանի Հանրապետություն հռչակելու մասին»,- ասել է պատմաբանը:
Նրա խոսքերից դատելով՝ Հայաստանը չպետք միայն հայտարարի, այլև պետք է համապատասխան սրբագրումներ անի իր արտաքին քաղաքական կուրսում: Այն է՝ հայտարարի, որ մեր նպատակը պահանջատիրությունն է, Ցեղասպանության դիմաց մենք հայրենիք ենք պահանջում Թուրքիայից և այլն: Եթե նման քայլեր արվեին Աշոտ Մելքոնյանը կհասկանար Արմեն Աշոտյանի տրամաբանությունը:
Հանրային խորհրդի նախագահ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ես Աշոտյանին չեմ լսել ու չեմ կարող մեկնաբանել, բայց չեմ կարծում, որ հիմա նման քննարկումների ժամանակն է: Ես չեմ կարծում նաև Հայաստանի պրոբլեմը դա է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: