«Երեխաների արձագանքը շշմելու է, ծնողներին ստիպում են աբստրակտ գործերը տուն տանել»
Ասում է ՝ «ԱԱ Աուկցիոն» կենտրոնի տնօրեն Աննա Գրիգորյանը
«Hi-artonline.com» նախագծի և «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսը, որը ներկայացված է «Ոսկե դար» ցուցասրահում, մայրաքաղաքի մշակութային կյանքում հետաքրքիր միջավայր է ստեղծել: «ԱԱ Աուկցիոն» կենտրոնի տնօրեն, ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Գրիգորյանը վստահեցնում է, որ այցելուների հոսքը ցուցասրահ չի դադարում, ընդ որում, այն կարծրատիպը, թե մարդիկ հետաքրքրված չեն արվեստով, կոտրվել է, քանի որ արվեստի նմուշները տեսնելու գալիս են հասարակական բոլոր շերտերը:
«Ինձ համար էլ էր շատ անսպասելի մարդկանց այս հոյակապ արձագանքը: Շատ հետաքրքիր է, որ մարդիկ սկզբում ուսումնասիրում են դասական հեղինակների սրահը, այնուհետև՝ ժամանակակիցների, այնուհանդերձ` ամբողջ ցուցահանդեսն ընկալելով ընդհանուր կոնտեքստի մեջ:
Այլ կերպ ասած՝ արվեստի ժամանակաշրջանային փուլերն ընկալում են ոչ թե դրանք տարանջատելով, այլ ժամանակային կոնտեքստը յուրացնելու շնորհիվ կարողանում են նյութն ամբողջական մարսել: Գեղանկարչական, քանդակի այս հարուստ նյութը, որը ներկայացված է ցուցասրահի առանձին սրահներում, թույլ է տալիս դիտողին՝ ընկալել արվեստի ընթացքը, պրոցեսը»,- նկատում է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ անգամ արվեստի խոր գիտելիքների չտիրապետող դիտողի համար ցուցահանդեսը հետաքրքիր է, որովհետև նրան հնարավորություն է տրվել հետևել արվեստի ստեղծման ընթացքին:
Հիշեցնենք, որ «ԱԱ Աուկցիոն» կենտրոնը «Ոսկե դարում» ներկայացրել է միանգամից երեք ցուցահանդես՝ Լևոն Թութունջյանի անվան սրահում` վերջինիս յուղաներկ հանճարեղ կտավները, քանդակը, Ե. Քոչարի, Մ. Սարյանի, Մինասի, Փարաջանովի և այլ մեծությունների ստեղծագործությունները, երկրորդը՝ Եղիշե Թադևոսյանի մի ամբողջ ժառանգություն՝ արխիվային նյութերը, էտյուդները և այլն, ինչպես նաև՝ աբստրակցիոնիստներ Խաչատուր Մարտիրոսյանի, Գարիկ Կարապետյանի և Աշոտ Հարությունյանի աշխատանքները: Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե ժամանակակից երեք հեղինակները որքանո՞վ են հետաքրքիր այցելուների համար, հատկապես, երբ Հայաստանում աբստրակտ արվեստը պատշաճ չի ընկալվում:
Ա. Գրիգորյանն ընդգծում է, որ նախ` ժամանակակից երեք հեղինակները բավականին հաջողակ և պահանջարկ ունեցող արվեստագետներ են նաև եվրոպական երկրներում: Ինչ վերաբերում է այցելուների՝ աբստրակտ արվեստն ընկալելու խնդրին, ապա մարդկանց օգնել է ամբողջ ցուցահանդեսում ներկայացված հեղինակների և ժամանակաշրջանների ճշգրիտ ներկայացնելու գիծը: «Հաջողությունը կայանում է նրանում, որ ժամանակակիցն ու դասական նկարչությունը ներկայացվեցին իրար հաջորդող սրահներում: Մարդիկ վերլուծելու հնարավորություն ունեցան, քանի որ մեր գաղափարը, որն է՝ մարդուն տալ պատմության ետևից գնալու ուղենիշ, կայացավ: Այսինքն՝ մենք նրան չպատմեցինք խոսքով, այլ ներկայացված նյութի միջոցով պատմվելու միջավայր ստեղծեցինք: Մինասի, Խաթլամաջյանի, Փարաջանովի գործերը տեսնելուց հետո նայում են աբստրակցիոնիստներին ու հասկանում են, որ աբստրակտ մինիմալիզմը դատարկ տեղը չի առաջացել. կա տրամաբանություն, պատմություն, ուղղություն, կապ: Օրինակ՝ ներկայացրել ենք Մինասի մի գործ, որը ֆիգուրատիվ, բայց աբստրակտ է, և մարդը հասկանում է, որ աբստրակցիոնիստ տղաների որդեգրած ուղղությունը պատմության շարունակություն է»,- ասում է Ա. Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ աբստրակցիոնիստների ստեղծագործություններով ամենաշատը հետաքրքրվում են երեխաները, ովքեր ծնողներին ստիպում են ավելի երկար մնալ սրահում, հարցեր են տալիս, ուզում են գործերը շոշափել, իսկ, որ ամենակարևորն է՝ ծնողներին ստիպում են այդ աշխատանքներից տանել իրենց տուն: Ցուցահանդեսի կազմակերպիչը հավատացնում է, որ աբստրակտ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն մեծացել է, այլև՝ մարդիկ գնում են նման ստեղծագործություններ:
Ի դեպ, հետաքրքիր է, որ այս ցուցահանդեսն այնքան հարուստ նյութ է մատուցել, որ արվեստի բոլոր ուղղություններով հետաքրքրված մարդիկ գտնում են իրենց փնտրած նյութը:
Վերջապես հնարավոր եղավ գալերիստ-արվեստագետ համագործակցությունը
Ցուցահանդեսի մասնակից աբստրակցիոնիստ Խաչատուր Մարտիրոսյանը բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել եվրոպական երկրներում՝ Փարիզում, Կանադայում, Ֆրանսիայի անկախ նկարիչների միության անդամ է, ընդ որում՝ Փարիզի կենտրոնում գտնվող «Գրան պալե» ցուցասրահում 1998թ. ցուցադրվել է մի սրահում, որի կողքի սրահում էլ ցուցադրված են եղել Պիկասոյի և այլ մեծությունների ստեղծագործությունները:
«ԱԱ Աուկցիոն» կենտրոնի կազմակերպած այս ցուցահանդեսում Խ. Մարտիրոսյանը նաև շատ կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանում վերջապես հնարավոր եղավ գալերիստ-արվեստագետ քաղաքակիրթ համագործակցությունը, որի արդյունքում նկարիչը չի ծանրաբեռնվում կազմակերպչական աշխատանքներով: «Այսինքն՝ մենք հանդես եկանք` որպես ստեղծագործողներ, իսկ ամբողջ աշխատանքները բարձր մակարդակով կատարեց «Hi-artonline.com» նախագիծը և «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը:
Ի դեպ, մենք ականատես եղանք, թե ինչ մեծ աշխատանք են կատարում կազմակերպիչները, որն ուղղակի չի կարող իր արդյունքը չտալ: Թեև արդեն արդյունքն ակնհայտ է, որովհետև տեսնում ենք, որ մարդիկ արվեստ տեսնելու ցանկություն, հետաքրքրություն ունեն:
Անդրադառնալով աբստրակտ արվեստին նշեմ, որ մենք՝ Հայաստանի աբստրակցիոնիստներս, որոշ այբուբեն, կարդալու գիր, մտածողություն ունենք: Մարդը, որն ուզում է մեր նկարների մասին կարծիք ունենալ, պետք է նաև մեր գաղափարակիցը լինի, ընկալի մեր մտքերը»,- ասում է Խ. Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ առանց ժամանակակից արվեստի՝ արվեստը մնում է նույն տարածքում: Ի դեպ, վերջինս փաստում է, որ ցուցահանդեսի ներկայացման ձևը մարդկանց բերեց ցուցասրահ, քանի որ այն մատուցվեց գրագետ, ճշգրիտ և պատմական ակնարկներով բացահայտված:
«Գոնե ես կարող եմ անկեղծորեն խոստովանել, որ մշտապես թե՛ ձեր թերթով, թե՛ այլ լրատվամիջոցներով դժգոհել եմ արվեստի նկատմամբ անտարբերությունից, մասնավորապես` աբստրակտ նկարիչների անմխիթար վիճակից, ստեղծված փակուղուց: Բայց այսօր շնորհակալ եմ «ԱԱ Աուկցիոնի» ղեկավարությանը, որովհետև մեզ համար դրսևորվելու, համագործակցելու դռներ բացեցին: Շատ կարևորում եմ իրենց աշխատանքը, որի շնորհիվ մեզ տարածություն ու տեղ տվեցին: Այս ցուցադրությունը մեզ համար նաև պատիվ էր, որովհետև Թութունջյանի, Քոչարի կողքին ցուցադրվելն արվեստագետին շատ ոգևորում է»,- նկատում է Խ. Մարտիրոսյանը՝ նաև մատնանշելով Հայաստանի համար բոլորովին նոր ձևաչափով էքսպոզիցիան, որը, կարելի է ասել՝ կոտրեց բոլոր տաբուներն ու կարծրատիպերը:
Ի դեպ, եթե «Hi-artonline.com» նախագծի նախորդ «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» ցուցահանդեսի այս ձեռագրով էքսպոզիցիան շատերի կողմից որակվում էր որպես էքսպերիմենտ, ապա այսօր դասականից ժամանակակցի անցումը դարձավ դիտողին պատմականորեն ճիշտ տարածքով ուղղորդելու գրագետ, հստակ մշակված էքսպոզիցիոն մոդել:
«Ավելի լավ է մի մոմ վառել, քան խավարից խոսել»
Ցուցահանդեսի մասնակիցներից աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանն արդեն երկար տարիներ համագործակցում է Փարիզի «Աննա Չոպ» գալերեայի հետ և ամեն տարի այնտեղ իրականացնում է անհատական ցուցահանդեսներ: Նաև ցուցադրվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում և այլ երկրներում: «Աուկցիոն» կենտրոնը, փաստորեն, իր առաջին ցուցահանդեսում ներկայացնելով վերջին 100 տարվա հայկական արվեստ` դրա տրամաբանական շարունակությունը ներկայացրեց այս ցուցահանդեսով:
Ընդ որում՝ ներկայացնելով համաշխարհային մասշտաբի արվեստագետների: Դա փորձ է աշխարհին մի դպրոց ցույց տալու: Ճիշտ է՝ հայ արվեստագետները համաշխարհային մեծ արվեստագետներից բազմաթիվ ազդեցություններ ունեն, բայց շատ կարևոր է՝ հայերին ֆիքսել մի դաշտում, որպեսզի կարողանանք դպրոցն ամբողջական տեսնել: Ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունը դա էր, և ցուցասրահում հնարավորություն եղավ ուրիշ կերպ էքսպոզիցիա անել, որը հնարավորություն տվեց` ցուցահանդեսն ավելի հետաքրքիր դիտվելու իմաստով:
Որպես ժամանակակից արվեստագետ` ինձ համար մեծ պատիվ է ցուցադրվել Թութունջյանի, Սարյանի, Քոչարի նման մեծությունների հետ»,- ասում է Գ. Կարապետյանը՝ ցուցահանդեսը համարելով մեծ իրադարձություն, քանի որ ևս մեկ անգամ փորձ արվեց հայկական մշակույթը ներկայացնել ամբողջական և որպես հայկական, մշակութային դպրոց: Նա կարծում է, որ ժամանակակից արվեստագետների դերը կարող է բարձրանալ միայն այն ժամանակ, երբ նրանք կանգնած են մեծերի ուսերին: Այլ կերպ ասած, եթե ժամանակակիցները չունեն այդ ֆունդամենտը, նաև բարձրանալու հնարավորությունից են զրկված: Մեծերի հետ ցուցադրվելով, ըստ Գ. Կարապետյանի, ժամանակակից արվեստագետի դիրքը փոխվում է: «Մենք անում ենք այն մարդկանց գործը, որոնք շատ վաղուց են սկսել:
Մենք այդ հիշողությամբ ենք ստեղծում»,- ասում է նա՝ հավելելով, որ հատկապես երիտասարդությունը շատ հետաքրքրված է արվեստով, և այցելությունների ակտիվությունը շատ ոգևորում է մասնակիցներին: «Տեսե՛ք, երբ մի ճիշտ ցուցադրություն է լինում, մի ճիշտ գաղափար իրականացվում է՝ մարդիկ շատ ոգևորված ուզում են տեսնել: Շատ ոգեշնչող է դա, և մտածում ես՝ ինչո՞ւ ոչ, հենց մեր երկրում, այս վիճակում, այս մթնոլորտում կարելի է շատ բաներ անել: Ավելի լավ է մի մոմ վառես, քան խավարից խոսես:
Մեր երկրում թեև մարդիկ պեսիմիստ են, բայց, երբ դու նրանց մի ստացված բան ես ցույց տալիս՝ անմիջապես փոխում են իրենց կարծիքը և ոգևորվում են: Իսկ ոգևորված մարդը միշտ լավ բաների է ձգտում»,- նկատում է աբստրակցիոնիստը՝ հիշեցնելով, որ արվեստն ամենազգայուն տարածքն է, որտեղ մարդիկ մաքրվում են, կեղծիքից հեռանում և շատ հարցերի պատասխանները գտնում են: «Արվեստն ամենամարդկային գործունեությունն է, որի մեջ չկա ոչ մի շահադիտական բան: Կա սեր մարդու նկատմամբ»,- ասում է նկարիչը: