Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը խոստովանել է, թե ինչու էր ժամանակին մասնակցում փուչիկի փչմանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր երկրորդ պատասխանն է հրապարակել՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ իր տարեվերջյան ասուլիսում Տիգրան Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ մինչճգնաժամային տարիներին շինարարական փուչիկ էր փչվել, ինչը ճգնաժամի ժամանակ պայթեց և բացասական հետևանքներ ունեցավ ՀՀ տնտեսության համար։ Ռ. Քոչարյանը այդ տեսակետին ի պատասխան բավականին կոպիտ տեքստ էր հրապարակել՝ Տիգրան Սարգսյանին հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Վարչապետը այդ տեքստին պատասխանեց սկզբում ավելի բարոյախրատական ոճի մեջ՝ մաղթելով երկրորդ նախագահին բարություն։ Իսկ այսօր նա բավականին ծավալուն վերլուծություն է ներկայացրել՝ շինարարության փուչիկի և դրա հետևանքների թեմայով։

Ըստ էության, Տիգրան Սարգսյանը շինարարական փուչիկի մասով բավականին հիմնավոր կարծիք է հայտնել։ Սակայն նույն մեղադրանքը հնարավոր էր նաև ուղղել հենց իրեն։ Ինչո՞ւ այն տարիներին, երբ փչվում էր այդ փուչիկը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը որևէ ահազանգ չէր հնչեցնում։ Եթե ոչ ի պաշտոնե, ապա գոնե որպես տնտեսագետ կամ երկրի տնտեսությամբ մտահոգ քաղաքացի։
Եվ ահա, իր տնտեսագիտական պատասխանում Տիգրան Սարգսյանն իրեն ապահովագրել է այդ մեղադրանքից՝ հղում անելով ճանաչում վայելող տնտեսագետներին։
«2000-ական թվականների սկզբում տնտեսագետների մեծամասնության կարծիքն (հայտնի կերպով ձևակերպված  այն ժամանակ ԱՄՆ պահուստային համակարգի նախագահ Ալան Գրինսփանի կողմից) այն էր, որ անհնար է հստակորեն ախտորոշել ակտիվի փուչիկը իր ստեղծման և զարգացման պահին: Այդ իսկ պատճառով, փաստարկվում էր, որ «փուչիկանման» զարգացումների պարագայում տնտեսության համար ավելի նպատակահարմար է թույլ տալ, որ այդ փուչիկը ինքնուրույն պայթի, իսկ հետո համապատասխան քաղաքականությամբ նպաստել տնտեսության վերականգնմանը, քան կոշտ քաղաքականությամբ խաթարել սխալ ախտորոշված իրականում առողջ տնտեսական աճը»,-  գրել է Տիգրան Սարգսյանը:
Հիմա պա՞րզ  է. Տիգրան Սարգսյանը այն ժամանակ էլ հասկանում էր, որ փուչիկ է փչվում, հասկանում էր, որ դա վատ է։ Սակայն ոչինչ չէր անում և սպասում էր՝ մինչև փուչիկն ինքն իրեն պայթի։ Ոչ թե զգուշավորությունից կամ ԿԲ նախագահի պաշտոնը չկորցնելու վախից, այլ այն պատճառով, որ անկեղծորեն հավատալով տնտեսագետների մեծամասնությանը՝ գտնում էր, որ միջամտությունը կարող է ավելի վատ հետևանքների հանգեցնել։

Ի դեպ, այս տրամաբանությամբ փուչիկ փչելու համար չի կարելի մեղադրել նաև Ռոբերտ Քոչարյանին. միգուցե նրա վարչակազմը նույնպես սպասում էր փուչիկի պայթելուն՝ հետևելով տնտեսագիտության մեծերի խորհրդին։
Ճակատագրի հեգնանքով փուչիկը պայթեց այն ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանը նոր էր նշանակվել վարչապետ։ Իսկ այնուհետև՝ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, ըստ վարչապետի, տնտեսագետներից մեծամասնության կարծիքն արդեն սկսեց գալ այն դրույթին, որ իշխանությունները պետք է որոշակի ուշադրություն դարձնեն ակտիվների գներին, և համապատասխան քաղաքականությամբ փորձեն որոշակիորեն կարգավորել շուկան: «Միաժամանակ, քանի որ նրանք նաև համակարծիք են, որ չի կարելի ոչ մի կերպ թիրախավորել այդ գները, դեռևս առկա է վիճաբանություն այդ կարգավորման ձևերի և մեթոդների վերաբերյալ՝ ի լրումն կանխատեսելիության հին բանավեճի»,- գրել է Տիգրան Սարգսյանը: Ասել է թե՝ մենք անմեղ ենք, տնտեսագիտական միտքն է մեղավոր։

Սակայն միջազգային տնտեսագետներին և կառույցներին հղում անելու արդյունքում՝ Տիգրան Սարգսյանի տեքստում սպրդել է մի հետաքրքիր բացահայտում։ Տիգրան Սարգսյանը շինարարական փուչուկի ազդեցությունը ապացուցելու համար հղում է կատարել Արժույթի միջազգային հիմնադրամին, ներկայացրել հետևյալ գծապատկերն ու գրել.

Կարդացեք նաև

«Հայաստանում ևս շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցցուն դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլացիոն աճն և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկնման (51.9%), ինչն իր հերթին բերեց 18.5 % տնտեսական անկնման (շինարարության մասնաբաժինը անկնման մեջ կազմեց 14.1 %): Երևույթի  մանրամասն վերլուծությանը կարելի է ծանոթանալ ԱՄՀ հրապարակման մեջ  (ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE): Այստեղ բավ է միայն երկու պատկեր այդ վերլուծությունից»:

1-tntach-shin

Ուշադրություն դարձրեցի՞ք 18.5% տնտեսական անկման ցուցանիշին՝ թե գծապատկերում, թե տեքստում։ Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական անկումը 2009 թվականին եղել է 14.1%։

Սա վրիպա՞կ է։ Համոզված ենք, որ ոչ։ Որովհետև Տիգրան Սարգսյանը մեջբերել է ԱՄՀ-ի տվյալները և, ըստ էության, չէր կարող այս թիվը բաց թողնել, չնշել կամ փոփոխել։ Ասելիքն այդ դեպքում կկորցներ իմաստը։

Այսինքն՝ ցանկանալով հիմնավորված պատասխանել Ռոբերտ Քոչարյանին՝ Տիգրան Սարգսյանը (թերևս ինքն էլ չցանկանալով) տիրաժավորել է մի սարսափելի ցուցանիշ՝ 18.5% անկում ճգնաժամի պատճառով։ Նույն ճգնաժամի, որի լուրջ ազդեցությանը վարչապետն ի սկզբանե չէր հավատում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս