Տիգրան Սարգսյանի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցում իր հասցեին հնչեցված քննադատությանը: Facebook-ի իր էջում վարչապետը գրել է.

«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս տոները մեր քրիստոնյա ժողովրդի համար ամենասիրելին են, ամենասպասելին և պարունակում են մեծ խորհուրդ: Այն է, որ նոր տարի մենք պետք է մուտք գործենք վերանորոգված, ներելով և ներողամտություն հայցելով, հղելով միմյանց բարի մաղթանքներ և սեր: Օգտվելով առիթից ցանկանում եմ մաղթել պարոն Քոչարյանին անսահման բարություն, կամեցողություն, հանդուրժողականություն և սեր:

Որպես վարչապետ պաշտոնավարման ժամանակահատվածում ես երկու անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու պարոն Քոչարյանի հարցադրումներին:

Առաջին անգամ, երբ իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ:

Երկրորդ անգամ համաձայնվել եմ նրա քննադատության հետ և նշել, որ այսօրվա իշխանությունն է եղել Ռ. Քոչարյանի քաղաքական թիմը և հենարանը: Կարող եմ նաև ավելացնել, որ Սերժ Սարգսյանի ջանքերով բյուրեղացած մեր թիմը պատասխանատվություն է զգում նաև երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին արածի և չարածի համար:

Չափազանց ուրախ եմ, որ իմ համեստ անձի տարեվերջյան՝ շուրջ չորս ժամ տևած մամուլի ասուլիսը արժանացել է պարոն Քոչարյանի ուշադրությանը: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ շատ ավելի կարևոր իրադարձություններ կարող էին արժանանալ նրա ուշադրությանն ու գնահատականներին, օրինակ՝ նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը (որի հիմքերն ի դեպ դրվել են հենց պարոն Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում) և այլն:

Համաձայն եմ պարոն Քոչարյանի այն դիտարկման հետ, որ հաստիքային և արտահաստիքային մոսկաները, (7or.am և zham.am), որոնց համար առանձնապես առիթ պետք չէ մեզ քննադատելու համար, այս օրերին կակտիվանան, քանի որ խոսքի ազատությունը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում: Ինչ վերաբերում է մասնագիտական գնահատականներին՝ այդ թվում հիփոթեքի ծավալներին և շինարարության ոլորտին, ապա դրանց ևս մեկ անգամ կանդրադառնամ առանձին վերլուծությամբ:
Հ.Գ.
Մի իմաստուն խոսք կա, որն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր հասարակությանը և յուրաքանչյուրիս և մենք կարող ենք օգտագործել այն՝ որպես բարոյականության չափման գործիք` – «Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին, այլ դատիր մարդու մասին նրանով, թե ինչ է նա խոսում այլոց մասին»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս