
Գեղամյանը` հայ-ադրբեջանական եղբայրության կնքահայր

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բախար Մուրադովան հայտարարել է, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում պատրաստվում են քննարկել «հայերի կողմից ԱՄՆ նահանգներում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելուն ուղղված նախաձեռնությունը»:
Մուրադովան ասել է, որ բանակցային գործընթացի հետ կապված կա պայմանավորվածություն, ըստ որի` այն պետք է ուղղորդել դրական հուն և անթույլատերլի համարել այն գործողությունները, որոնք կխոչընդոտեն դրան, մինչդեռ Հայասատանի կողմից իրականացվող քայլերը հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին, և իրենք մտադիր են հասնել նրան, որպեսզի ԵԱՀԿ-ն իր դրքորոշումը հայտնի վերոնշյալի վերաբերյալ:
Մուրադովան հայտարարել է, որ իրենք մտադիր են ձմեռային նստաշրջանի ընթացքում պահանջել, որպեսզի կտրականապես կասեցվի սիրիահայերի բնակեցումը «Ադրբեջանի գրավված շրջաններում»:
Ինչպե՞ս է պատրաստվում Ադրբեջանի պատվիրակության այս մեղադրանքներին պատասխանել ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը: Մենք այս հարցը գուցե ուղղեինք ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանին, սակայն վերջինս մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը որոշել է մինչև հուվարի 13-ը որևէ հարցի չպատասխանել: Մինչ ադրբեջանական պատվիրակությունը ակտիվորեն աշխատում է, Արտաշես Գեղամյանն իր համար արձակուրդ է հայտարարել:
Չնայած հանուն արդարության պետք է նշել, որ այս հարցը Արտաշես Գեղամյանի հետաքրքրությունների տիրույթից դուրս է: Այլ բան, եթե ադրբեջանական պատվիրակությունը փորձեր Ռուսաստանի անմիջական շահերին հակասող որևէ հարց բարձրացնել: Այդ դեպքում Արտաշես Գեղամյանը չէր սպասի ոչ միայն մինչև հունվարի 13-ը, այլ նույնիսկ 13 վայրկյան, և Բախար Մուրադովային ու Ադրբեջանի ամբողջ ղեկավարությանը ցույց կտար իրենց իրական տեղը` ակամայից հիշելով նրանց ամբողջ ծագումնաբանությունը:
Իսկ ինչո՞ւ ենք մտածում, որ այս հարցը Արտաշես Գեղամյանի հետաքրքրությունների տիրույթից դուրս է: Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ ԽՎ- ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը իր նշանակման պահից, այսինքն` արդեն մեկուկես տարի, այդ կառույցում սպասարկում է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ռուսաստանի Դաշնության շահերը: Եվ դա անում է այնքան անթաքույց և ցուցադրական, որ հարուցում է եվրոպական երկրների ներկայացուցիչների և այդ երկրներում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների զարմանքն ու տարակուսանքը: Ըստ մեր դիվանագիտական աղբյուրների, այդ մասին բազմիցս զգուշացվել է նաև Հայաստանի ԱԺ նախագահին, արտգործնախարարին և անգամ նախագահին:
Օրինակ, եվրոպացիների համար շատ տարօրինակ է հնչում, որ ԵԱՀԿ ԽՎ նիստերի ժամանակ ունեցած իր ելույթներում ՀՀ ԱԺ պատգամավորը հղումներ է կատարում ոչ թե Հայաստանի ղեկավարությանը, այլ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Սակայն դատելով արդյունքից, կարելի է հասկանալ, որ դա ոչ միայն Արտաշես Գեղամյանի անձնական քաղաքական նախասիրության հարցն է:
Եվ եթե Բախար Մամեդովայի բարձրացրած հարցը դիտարկում ենք զուտ ռուսական շահերի տեսանկյունից, ապա հայաստանյան պատվիրակությունը և անձամբ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ոչ միայն չեն հակադարձելու նրա կողմից բարձրացված խնդրին, այլ ընդհակառակը` սատարելու են նրան:
Իսկապես, ի՞նչ իրավունք ունեն ամերիկայահերը խառնվել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, առավել ևս բարձրացնել նրա` որպես անկախ պետության ճանաչման հարցը: Ո՞ւմ է պետք ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, եթե կա Գյուլիստանի պայմանագիր, որով Ղարաբաղը մտել է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ և հիմա հայ ժողովրդի լավագույն զավակները պահանջում են, որպեսզի Ռուսաստանը տեր կանգնի այդ պայմանագրին: Ճանաչելով Ղարաբաղը որպես անկախ պետություն` ԱՄՆ-ը սեպ է խրում հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ և փորձում է թշնամացնել երկու եղբայրական ժողովուրդներին: Այնպես որ, ավելի ճիշտ կլինի, եթե նրանք ընդհանրապես չխառնվեն մեր ներքին գործերին, և դադարեցնեն այդ ճանաչման գործընթացը: Այլապես, եթե ԱՄՆ-ը և էլի մի քանի երկիր ճանաչի Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, ապա դա բավական կդժվարացնի Ղարաբաղի հանձնումը Ռուսաստանին:
Թերևս առաջին անգամ պատմական հնարավորություն կա, որ միջազգային ատյաններում հայ խորհրդարանականները պաշտպանեն ադրբեջացի իրենց գործընկերների նախաձեռնությունը, մանավանդ կապված` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անթույլատրելիության հետ: