ԱԺ ոչ իշխանական ուժերը մանդատները վայրը դնելը համարում են անարդյունավետ
ԱԺ-ում քաղաքական ճգնաժամ ստեղծելու պահանջով` երեկ խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարները ոչ իշխանական ուժերից պահանջում էին վայր դնել մանդատները: «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի քվեարկությունը բոյկոտելուց ու քվեարկությունը չկայացած համարելուց հետո ընդդիմադիր գործիչները որոշել են դիմել Սահմանադրական դատարան և չհրաժարվել մանդատներից:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, թե ինքը «մանդատից կառչած» քաղաքական գործիչ չէ, բայց մանդատներից հրաժարվելը ստեղծված պարագայում չի համարում լավագույն տարբերակը:
«Ես խնդիր չեմ տեսնում: Ես ինքս երբևէ մանդատից կառչած գործիչ չեմ եղել, բայց ի՞նչ է դա տալու: Եթե դա տալու է այն, որ այստեղ որևէ ընդդիմախոսի ձայն այլևս չի լսվելո՞ւ… Եթե սա կլինի լավագույն տարբերակը, ես այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց ես չեմ կարծում, որ դա լավագույն տարբերակն է»,- նշեց նա:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե իրենք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկել, ապա շեշտեց, որ դա որևէ արդյունք չի կարող տալ: «Եթե որևէ մեկը կարող է ասել, որ մանդատները վայր դնելով կարող ենք արդյունքի հասնել, ես նրա ճակատը կհամբուրեմ»,- վստահեցրեց Դաշնակցական պատգամավորը:
«Ժառանագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանյանն էլ հայտարարեց, թե իրենք պատրաստ են վայր դնել մանդատները, եթե տեսնեն, որ հենց դա է արդյունավետ պայքարի ճանապարհը: «Պետք է օգտագործենք, եթե դա արդունավետ է, իհարկե, չենք բացառում»,- ավելացրեց նա։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հավաստիացրեց՝ եթե ոչ իշխանական ուժերը վայր դնեն մանդատները, դա ամենևին էլ չի առաջացնի անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ:
«Դա բացարձակ իրականության հետ կապ չունի: Քաղաքական մեծամասնությունն այդ դեպքում շատ հանգիստ կշարունակի իր ապօրինի գործունեությունը: Եվ եթե այսօր հնարավոր է դարձել նման բողոքի ալիք բարձրացնել, դա հետևանք է այն բանի, որ ընդդիմադիր ուժերը, լինելով ԱԺ-ում, հասարակությանը մոբիլիզացրել են իշխանության ապօրինի որոշումների դեմ: Եթե դա չլիներ, կլիներ ճահիճ»,- ասաց Լևոն Զուրաբյանը: