Ադրբեջանի իսլամականները դեմ են երկրում Ամանորն ու Մարտի 8-ը նշելուն
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջանի իսլամական» կուսակցությունը (ԱԻԿ) կոչ է արել դեկտեմբերի 31-ին զերծ մնալ ամանորյա տոնակատարություններից: ԱԻԿ-ը համապատասխան կոչով դիմել է Կովկասի մուսուլմանների վարչությանը:
ԱԻԿ-ը պարզաբանել է, որ այս տարվա դեկտեմբերի 31-ը համընկում է Մուհամմեդ մարգարեի մահվան տարելիցին, ինչի համար էլ կոչ է անում դեկտեմբերի 31-ը նշել որպես սգօ օր, հեռուստատեսությամբ սահմանափակել տոնական շոուները և դրանց փոխարեն տեղ հատկացնել քարոզներին ու աստվածաբանների հետ զրույցներին:
ԱԻԿ-ը դեմ է հանդես եկել նաև մարտի 8-ը՝ որպես Կանանց միջազգային օր, նշելուն: ԱԻԿ-ն ընդգծել է, որ տարեցտարի այդ տոնը ստանում է առավել մեծ տարածում, թեև իսլամական աշխարհում կանանց օր է համարվում մարգարեի դուստր Ֆաթիմայի ծնվելու օրը: