
Եգիպտոսի վարչապետը «Մուսուլման եղբայրներ» շարժումը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ-Բեբլավին «Մուսուլման եղբայրներ» շարժումը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին նշված է վարչապետի մամլո ծառայության տարածած հայտարարությունում:
Վարչապետն այդպիսի հայտարարություն է արել Մանսուր քաղաքում իրականացված ահաբեկչությունից մի քանի ժամ անց: Այդ քաղաքի ոստիկանատան մոտ պայթեցվել է պայթուցիկով լի ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Զոհերի մեծ մասը ոստիկաններ են:
Ահաբեկչության պատասխանատվությունը Եգիպտոսում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ ոք դեռ չի ստանձնել: 2013 թվականին եգիպտական դատարանն արգելել է «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը երկրում, որը բողոքում էր հուլիսի սկզբին նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության դեմ: