
Վրաստանի գլխավոր դատախազը ժամանակին ազատազրկում է կրել Գերմանիայում. Գիգի Ուգուլավա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որի գործառույթները ժամանակավորապես կասեցրել է դատարանը, հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն դատված է եղել Գերմանիայում:
Ուգուլավայի խոսքերով՝ 2001 թվականի հունվարի 16-ին Աուգսբուրգի շրջանային դատարանըՊարցխալաձեին մեղավոր է ճանաչել Գերմանիայի քրեական օրենսգրքի 252-րդ և 249-րդ հոդվածներով՝ կողոպուտի համար: Գերմանական դատարանը դրա համար նրան դատապարտել է 1 տարվա և 3 ամսվա ազատազրկման, ինչից հետո նա իր ազատազրկումը կրել է Գերմանիայում:
Ուգուլավան Արդարադատության նախարարից պահանջել է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին և Պարցխալաձեին հեռացնել զբաղեցրած պաշտոնից: Վրաստանի արդարադատության նախարարությունն ու դատախազությունը դեռ չեն մեկնաբանել Ուգուլավայի հայտարարությունը: