Ալեքսանդր Արզումանյան. Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը ծաղկաքաղ է արել վերջին 5 տարիների իր բոլոր ելույթներից

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում նորություն չկար` ինքն ընդամենը ծաղկաքաղ է արել վերջին 5 տարիների իր բոլոր ելույթներից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն` անդրադառնալով ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

«Ինձ համար մի քիչ անընդունելի մոտեցում է, որ մենք մեր տկարությունը, մեր անկարողությունը կապում ենք օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների հետ: Չեմ կարծում, որ Արևմուտքը պետք է իր դարդ ու ցավը թողներ ու մտածեր ՀՀ-ի մասին: Մենք ենք կերտում մեր ապագան: Եթե չենք կարողացել, ապա на других пенять не надо»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը` անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, որ 2008թ.-ին Հայաստանում ուկրաինական Մայդանից ավելի հզոր բողոքի ալիք էր ձևավորվել, սակայն Արևմուտքը, բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով, «չնկատելու տվեց» համաժողովրդական այդ ընդվզումը:

Նա նաև նկատեց, թե առաջին նախագահի ելույթն ուղղված է ոչ թե Հայաստանին, այլ` արտաքին աշխարհին: «Այդ պատգամն ուղղված չէր Հայաստանի ներքին աուդիտորիային, այն ուղղված էր դրսին»,- վստահեցրեց Ալ. Արզումանյանը: Հարցին, թե տեղ կհասնի՞ այդ «պատգամը», Ալ. Արզումանյանը պատասխանեց. «Դա արդեն իր և պատգամատերերի խնդիրն է»:

Քաղաքական այլ գործիչների տեսակետներին կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս