Հայաստանը կապիտուլացվեց միաձայն

Երեկ խորհրդարանը 72 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև դեկտեմբերի 2-ին ստորագրված միջկառավարական համաձայնագիրը, որով, բացի «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարության ունեցած 20 տոկոսանոց բաժնեմասից, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ստանում է առաջիկա 30 տարում Հայաստանում գործելու անսահմանփակ լիազորություններ:

«Ստորացուցիչ», «նվաստացուցիչ», «խայտառակ», «վասալային» և այլ որակումների արժանացած այդ համաձայանագրի քվեարկությունը տեղի է ունեցել ոչ էլեկտրոնային տարբերակով. պատգամավորները քվեարկել են ձեռքերը վեր բարձրացնելու միջոցով, քանի որ նիստի ընդմիջման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել էր քվեարկության համար նախատեսված` ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը: Իսկ առանց այդ քարտերի պատգամավորները չէին կարող քվեարկել:
Խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը՝ դուրս գալով ԱԺ Նիստերի դահլիճից:

Բոյկոտն այս խմբակցությունների համար սեփական դեմքը փրկելու լավագույն լուծումն էր: Նրանք այս համաձայնագրին դեմ այնքան էին խոսել, որ պետք է միայն դեմ քվեարկեին: Սակայն, բացառությամբ մի քանի պատգամավորների, դեմ չէին կարող քվեարկել, քանի որ դեմ քվեարկել այս համաձայնագրի վավերացմանը, կնշանակեր` դեմ քվեարկել Ռուսաստանին: Ընդդիմությունը կարողացել է հարմար պահը գտնել և դուրս գալ դահլիճից, երբ ՀՀԿ և ՕԵԿ անդամ պատգամավորները կողմ էին քվեարկում:

Այս` «0 դեմ» օպերացիայի հեղինակները, թերևս, առաջնորդվել են այն հույսով, որ Ռուսաստանի համար բավարար կլինի հետևյալ պարզաբանումը. իրենք չէին կարող կողմ քվեարկել համաձայնագրին, քանի որ ընդդիմություն են, բայց դեմ էլ չեն քվեարկել, քանի որ անմնացորդ սիրով են լցված դեպի Ռուսաստանը:

Բնականաբար, ոչ իշխանական պատգամավորները երեկ տեղի ունեցածը որակում են` որպես հաղթանակ, հայտարարում են, որ քվեարկությունն ապօրինի է, պատրաստվում են այդ հարցով դիմել Սահմանադրական դատարան (նույն այն Սահմանադրական դատարան, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ ընդամենը մեկ րոպեում այս խայտառակ համաձայնագիրը ճանաչեց` որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող), և այլն: Սակայն հասկանալի է, որ դա բացի որոշակի ներքին աղմուկից, որևէ այլ արդյունք չի ունենալու:

Փոխարենը, երեկվա հիմնական արդյունքը համարվելու է այն, որ Հայաստանի ինքիշխանության վերջին նշույլները Ռուսաստանին հանձնող այս համաձայնագիրը ՀՀ ԱԺ-ում վավերացվել է 72 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Մինչդեռ, եթե բոլոր ոչ իշխանական պատգամավորները մասնակցեին քվեարկությանը, պատկերը կլիներ 72 կողմ, 54 դեմ, ինչը գոնե ապագա սերունդներին հնարավորություն կտար պնդելու, որ Հայաստանի կապիտուլյացիայի ակտն ընդունվել է ոչ թե միաձայն, այլ լրջագույն դիմադրությամբ:

Տեսանյութեր

Լրահոս