
Սիրիական ընդդիմությունը «Ժնև 2» կոնֆերանսում ներկայացված կլինի միասնական պատվիրակությամբ

Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը հաջորդ տարվա հունվարի 22-ին պլանավորված «Ժնև 2» միջազգային կոնֆերանսում ներկայացված կլինի միասնական պատվիրակությամբ: Այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի ղեկավարներից Միշել Կիլուն:
Վերջինիս խոսքերով՝ սիրիական ընդդիմությունը պատվիրակությունը գլխավորելու է Ազգային դաշինքը, որը ստացել է միջազգային ճանաչում, ինչպես նաև Սիրիական ազատ բանակը և Սիրիայի ներսում տարածաշրջանային խորհուրդները: Կիլուն հավելել է, որ պատվիրակության կազմում ընդգրկվելու են նաև Ազգային դաշինքի մեջ չմտնող անկախ քաղաքական գործիչներ ու փորձագետներ:
Ակնկալվում է, որ հաջորդ տարվա սկզբին Շվեյցարիայում առաջին անգամ միմյանց հետ բանակցային սեղանի շուրջ կնստեն Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը, որոնց միջև դիմակայությունը չի դադարում 2011 թվականի մարտից և արդեն իսկ խլել է ավելի քան 120.000 մարդու կյանք: