Վրաստանն ու Ռուսաստանը հաջորդ տարվա սկզբին կքննարկեն վիզային ռեժիմի հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաջորդ տարվա սկզբին քննարկելու են Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմին առնչվող հարցեր:
Այս մասին հայտարարել է Գրիգորի Կարասինը, ով ընդգծել է, որ Աբաշիձեի հետ հանդիպումներում արդեն իսկ քննարկվել է վիզային ռեժիմին առնչվող հարցեր: Կարասինը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն իսկ Վրաստանի քաղաքացիների համար դյուրացրել է վիզային ռեժիմը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան լիովին կարող է վերադարձ կատարել Վրաստանի համար ոչ վիզային ռեժիմին, և որ անհրաժեշտ է տվյալ հարցը քննարկել փորձագետների մակարդակով:
Ռուսաստանը Վրաստանի համար վիզային ռեժիմ է սահմանել 2000 թվականի դեկտեմբերին՝ կապված իր տարածքում Պանկիսի կիրճի ահաբեկիչների հայտնվելու սպառնալիքի հետ: Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականի փետրվարի 29-ին: