
Ռասմուսենը դեռ չի հավակնում նոր գումարման Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դեռ չի հավակնում նոր գումարման Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնին կամ ԵՄ-ի նոր ղեկավարությունում բարձրաստիճան այլ պաշտոնների:
Այս մասին Ռասմուսենը հայտարարել է ԵՄ-ի գագաթաժողովի առաջին նիստից հետո Բրյուսելում լրագրողների հետ ունեցած զրույցում: Ռասմուսենն ընդգծել է, որ ներկայումս իր բոլոր մտքերն ու ջանքերն ուղղված են 2014 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը նախապատրաստելուն:
Ռասմուսենի խոսքերով՝ դրանից հետո ինքը դեռ հնարավորություն կունենա մտածել իր անձնական ապագայի մասին: ՆԱՏՕ-ի Խորհուրդը դեկտեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռասմուսենի մանդատը երկարաձգել էր մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը:
Ռասմուսենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է դարձել 2009 թվականի օգոստոսին՝ դառնալով ՆԱՏՕ-ի 12-րդ գլխավոր քարտուղարը: Նրա մանդատը սպառվում էր 2014 թվականի հուլիսի 31-ին, սակայն ՆԱՏՕ-ի Խորհուրդը որոշեց երկարաձգել այն, որպեսզի Ռասմուսենը հնարավորություն ունենա նախապատրաստել ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը: