ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային այցի արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի դեսպան Իգոր Պոպովը, Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը և ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ուորլիքը) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-19-ին այցելել են տարածաշրջան՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին իրադարձությունները:
Համանախագահները դեկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, իսկ դեկտեմբերի 16-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ: Ապա նրանք մեկնել են Լեռնային Ղարաբաղ և դեկտեմբերի 17-ին հանդիպել են նրա դե-ֆակտո իշխանությունների հետ:
Նախագահներն ու համանախագահները քննարկել են նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման և դրան հաջորդած դեկտեմբերի 4-5-ին Կիևում տեղի ունեցած նրանց արտգործնախարարների հանդիպումների արդյունքները: Նրանք վճռականություն են հայտնել 2014 թվականի հունվարին շարունակել առարկայական այդ բանակցությունները:
Համանախագահներն ընդգծել են, որ ոչ վաղ անցյալում շփման գծում գրանցված բռնության ակտերը խաթարում են խաղաղության հեռանկարները: Նրանք կոչ են արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը և աշխատել բանակցային սեղանի շուրջ առաջընթաց գրանցելուն նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:
Համանախագահները մեկնելու են Շվեյցարիա՝ հունվարին խորհրդակցություններ անցկացնելու համար ԵԱՀԿ-ի նոր նախագահ-երկրի հետ, ապա պլանավորված է երկու արտգործնախարարների հանդիպումը՝ կապված հաջորդ գագաթաժողովի նախապատրաստման հետ»: