Բաժիններ՝

«Հեքըթոն[ՅԱՆ] 2013 մրցույթ»-ի մրցանակակիրը կստանա 1 մլն դրամ

Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվում է Հեքըթոն[ՅԱՆ] 2013 մրցույթը: Այս տարի այն տեղի կունենա դեկտեմբերի 21-22-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում: Նորարարության և ծրագրավորման այս յուրատեսակ միջոցառման ընթացքում մասնակից թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները (տարբեր ոլորտներում խնդիրների լուծման նորարար նախատիպերը): Հեքըթոն[ՅԱՆ] 2013 մրցույթի թեմայով այսօր`դեկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիս էր հրավիրվել: Ասուլիսի բանախոսներն էին «Հանրային լրագրության ակումբի» ղեկավար և «Հեքըթոն[ՅԱՆ]» նախագծի համակազմակերպիչ Սեդա Մուրադյանը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Եվա Հյուսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, օդանավակայանի ադմինիստրատոր Գայանե Ստեփանյանը:

«Հանրային լրագրության ակումբի» ղեկավար և «Հեքըթոն[ՅԱՆ]» նախագծի համակազմակերպիչ Սեդա Մուրադյանը կոչ արեց «Հաքըթոն[ՅԱՆ]»-ի մասնակիցներն իրենց «ճամպրուկները» լցնել գաղափարներով և դեկտեմբերի 21-22-ին գնալ օդանավակայան, բայց ոչ թե մեկնելու, այլ իրենց գաղափարներն աշխարհին ներկայացնելու համար:

««Հաքըթոն[ՅԱՆ]»-ը սկիզբն է. Նորարար մտածողության մեջ թռիչքի վերջնակետը կարող է լինել ամբողջ աշխարհը: Տեխնոլոգիաները, որոնցով առաջնորդվում է «Հեքըթոնը», սահմաններ չունի, իսկ լավ թիմը կարող է այդ թռիչքը իրականացնել ամբողջ աշխարհի շուրջ»,- ասաց Սեդա Մուրադյանը` նշելով, որ թեև այն հանգամանքին, որ նախորդ տարիների մի շարք գաղափարներ հաղթող չեն ճանաչվել, սակայն դրանք «Հաքըթոն[ՅԱՆ]»-ում մի շարք միջազգային կազմակեպությունների ուշադրությանն են արժանացել:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով` մասնակիցների համար ամենամեծ մրցանակը տեսանելի լինելու հնարավորությունն է: «Ամենատաղանդավոր մասնակիցներին անմիջապես աշխատանքի առաջարկներ են եղել: Սա երիտասարդների համար հնարավորություն է՝ հանրությունը ներկայացնել իրենց գաղափարները»,- ասաց Գ. Բարսեղյանը` նշելով, որ ժյուրին առաջնորդվելու է 3 սկզբունքով՝ 1-ին՝ գաղափարի օրիգինալությունը և թարմությունը, 2-րդ՝ դրա տեխնիկական իրականացումը, 3-րդ՝ բիզնես մոդելը, այն, թե թիմերն իրենց պրոդուկտն ինչպես պետք է առաջարկեն շուկայում:

Կարդացեք նաև

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» Հայաստանի տնօրեն Եվա Հյուսյանի խոսքով` արդեն կան մի քանի դեպքեր, երբ ինչ-որ մոբայլ հավելված, որը ստեղծվել է Հայաստանում, 80 մլն-ից ավելի ներբեռնում է գրանցել ամբողջ աշխարհում: «Այս մրցույթը մի ձևաչափ է, որով ցանկանում ենք ցույց տալ, որ կարող են իրենք էլ գալ և փորձել»,- ասաց Ե. Հյուսյանը` նշելով, որ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է:

«Անցյալ տարի մոտ 30 հայտ ունեցանք, իսկ այս տարի սպասում ենք, որ ավելի շատ կլինեն թիմերը` 45-50 թիմ»,- ասաց Ե. Հյուսյանը` նշելով, որ մրցութը ունենալու է 1 հաղթող, որը կարժանանա 1 մլն դրամ մրցանակի, կլինեն նաև խրախուսական մրցանակներ՝ սմարթֆոններ 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցնողների համար:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը նշեց, որ ավիացիան ինքնին տեղեկատվական տեխնոլոգիաների հետ առնչություն ունեցող ոլորտ է, իսկ օդանավակայանն իր չափանիշներով և իր բոլոր հանգույցներով պատրաստ է հյուրընկալել նաև հետագայում նմանատիպ միջոցառումները:

Ի դեպ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանի ադմինիստրատոր Գայանե Ստեփանյանն էլ նշեց, որ տրամադրվելու է գերհզոր Wi-Fi կապ, որպեսզի թիմերը անարգել իրականացնեն իրենց նպատակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս