
Այս տարի վրացական գինու արտահանումն աճել է 96 տոկոսով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն այս տարի Ռուսաստան է արտահանել 21.8 միլիոն շիշ գինի: Այս մասին նշված է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ամփոփիչ հաշվետվությունում: Վրացական գինիների ներկրման վրա Ռուսաստանը բեռնարգելք է դրել 2006 թվականին, ինչը վերացվեց այս տարի:
Այս տարվա հունիսին վերսկսվեցին վրացական գինու ու կոնյակի մատակարարումները ռուսական շուկա: Վրաստանը պլանավորել է 2014 թվականին Ռուսաստանին մատակարարել ավելի քան 30 միլիոն շիշ վրացական գինի:
Ավելի վաղ ակնկալվում էր, որ Վրաստանը 2014 թվականին Ռուսաստան կարտահանի առավելագույնը 12-15 միլիոն շիշ գինի, սակայն պարզվեց, որ դրանց պահանջարկը շատ ավելի մեծ է:
Հաշվետվությունում նշված է, որ 2013 թվականին Վրաստանը գինի է արտահանել աշխարհի 48 երկիր: Արտահանման ծավալը կազմել է 44.7 միլիոն շիշ, ինչը 96 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Ներկա դրությամբ Վրաստանն այս տարի արդեն իսկ արտահանել է 23.000 տոննա ցիտրուս: