Բրիտանական ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի արքայադուստր Դիանայի հնարավոր սպանության հարցով
Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը երեք ամիս ուսումնասիրել է արքայադուստր Դիանայի մահվանը հանգեցրած ճանապարհա-տրանսպորտային պատահարի (ՃՏՊ) մասին նոր տվյալները, սակայն բավականաչափ հիմքեր չի գտել՝ Դիանայի հնարավոր սպանության գործը վերսկսելու համար:
Ավտովթարի մասին նոր տվյալներն ի հայտ են եկել օգոստոսին՝ սերժանտ, բրիտանական ռազմաօդային ուժերի օդային հատուկ ծառայության (SAS) նախկին դիպուկահար Դեննի Նայտինգեյլի գործը վարող ռազմական դատարանում: Տվյալ գործընթացի առանցքային վկաներից մեկի դերում հանդես է եկել SAS-ի մեկ այլ զինծառայող:
Վերջինիս կնոջ ծնողները դեռևս 2011 թվականի սեպտեմբերին զինվորական հրամանատարությանը նամակ են հղել, որում նշել են, որ իրենց փեսան տարօրինակ պահվածք է դրսևորում և իրենց հայտնել է, որ Դիանայի մահը կազմակերպել են SAS-ի զինվորականները, ինչը սակայն մանրակրկիտ թաքցվել է:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ 7 դետեկտիվ սկսել է ուսումնասիրել այդ տվյալները, և երեկ հայտնի են դարձել արդյունքները: Դրանցում նշված է, որ ՃՏՊ-ին SAS-ի մարտիկների կամ վետերանների մասնակցության մասին հայտարարությունները կրում են հակասական բնույթ, չկան հավաստի փաստեր՝ այդ տեսակետը հաստատելու համար:
Ապացույցների բազայի բացակայության պատճառով որոշվել է քրեական գործ չհարուցել Դիանային սպանելու գործով: